Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9521-27.04.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.1-ին հոդվածում լրացնել նոր՝ երրորդ պարբերություն.

«Քվեարկության կամ դրան նախորդող օրը համացանցում քաղաքական գովազդ տեղադրելը կամ պատվիրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում համացանցում քաղաքական գովազդ տեղադրող կամ պատվիրող ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ գովազդ տեղադրող կամ պատվիրող իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի՝ երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40.3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ

«Հոդված 40.3. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզարշավի ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը

1. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, եթե դա բացելը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պարտականություն է, օրենքով սահմանված ժամկետում նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզարշավի ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 40.8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 40.8. Քարոզարշավ կամ քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզարշավ կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը կամ նախընտրական քարոզարշավի կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը

1. Քարոզարշավի կամ քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզարշավ կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզարշավ կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:

2. Նախընտրական քարոզարշավի կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների եւ մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության օգտագործումը, պաշտոնական դիրքի, իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: