Հոդված 2. Օրենսգրքի 40.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.3. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը
1. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, եթե դա բացելը օրենքով սահմանված պարտականություն է, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 40.8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.8. Քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը կամ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսը օգտագործելը
1. Քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:
2. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների եւ մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: