«Սահմանադրությամբ կամ օրենքով որոշակի պաշտոն ստանձնելու համար միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջ սահմանված լինելու դեպքում այդպիսի պաշտոնին հավակնող կամ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ նախկինում օտարերկրյա քաղաքացիություն ունեցած լինելու մասին տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնին հայտնել այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս, իսկ պաշտոնավարման ընթացքում օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Օտարերկրյա պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սահմանում է օտարերկրյա պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի համար, սակայն, այն թերի է: Նախկինում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մի խումբ անձինք միտումնավոր խոչընդոտել են ընտրական գործընթացը, ինչի արդյունքում տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, սակայն, այն անձինք, ովքեր խոչընդոտել էին ընտրական գործընթացը, ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների թերի լինելու պատճառով պատասխանատվության չեն ենթարկվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 149.1.-ին հոդվածի ներկայիս խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Իսկ քարոզչությունը խոչընդոտելու համար փաստացի որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ:
Տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ներկայումս պատասխանատվություն է նախատեսված միայն այն դեպքերի համար, երբ ինքը՝ միջադեպը անմիջական կապ ունի ընտրական գործընթացի հետ, այսինքն՝ բռնության ենթարկվողը հանձնաժողովի անդամ է, վստահված անձ, դիտորդ կամ լրագրող: Իսկ այն դեպքերում, երբ ուղղակի տեղամասի այցելուներն են իրար միջեւ տեղամասում կռիվ հրահրում, փաստացի կարող են անպատիժ մնալ, չնայած, որ այդ ամենի արդյունքում ընտրությունների բնականոն գործընթացը արդեն իսկ խոչընդոտվել է: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը ՀՀ քրեական օրենսգրքի ներկա կարգավորումներով որեւէ պատասխանատվություն չի ենթարում, ինչը կուսակցություններին եւ թեկնածուներին դարձնում է անպաշտպան մեդիա ահաբեկչության առջեւ:
ՀՀ քրեական օրենսգրքի ներկա կարգավորումներով հավաքներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը քրեական պատասխանատվություն է ենթադրում միայն այն դեպքերում, երբ այդ գործողությունը կատարվել է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, իսկ մնացած դեպքերում անձին կարող են հարկադրել հավաքին մասնակցել կամ հրաժարվել հավաքին մասնակցելուց եւ մնալ անպատիժ:
Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռքբերելուն խոչընդոտող տեղեկությունն իրավասու մարմնին չհայտնելը ներկայումս եւս քրեորեն պատժելի է, սակայն, ձեւակերպումները հստակ չեն եւ հնարավորություն են տալիս նման չարամտություն ունեցող անձանց խուսափել պատասխանատվությունից:
Քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելը արգելված է «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, սակայն, այդ պահանջը խախտելու համար որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: Պատասխանատվություն նախատեսված չէ նաեւ քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածում առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն: Առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար եւս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Այսինքն, անհատի կողմից կեղծ տեղեկություն հրապարակելը այս կարգավորման տիրույթից դուրս է: Հստակեցվում է նաեւ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռքբերելուն խոչընդոտող տեղեկությունն իրավասու մարմնին չհայտնելու դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրող դրույթը: Նույն նպատակով լրացում է նախատեսվում նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:
3.Ակնկալվող արդյունքները
Նախագծերի ընդունումը կնպաստի ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը: Նոր կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունները կդառնան ավելի ազատ, արդար եւ մրցակցային:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«27» ապրիլի 2021թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝
1) օրենքի նախագծերը.
2) օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը.
3) գործող օրենքներում փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:
Խնդրում եմ օրենքի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ |
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյան |