Armenian ARMSCII Armenian
Կ-914-29.03.2021,30.04.2021-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) յոթերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«աշխատանքի թույլտվություն՝ միասնական էլեկտրոնային հարթակում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ եւ աշխատել Հայաստանի Հանրապետությունում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասնհինգերորդ պարբերությունով.

«միասնական էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենքի 22.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ տրամադրվում է աշխատանքի թույլտվություն, դրա միջոցով մուտքագրվում կամ վերբեռնվում են աշխատանքի թույլտվություն ստացող եւ աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացի աշխատողների վերաբերյալ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություններ, ինչպես նաեւ իրականացվում է պետական մարմինների, գործատուների եւ օտարերկրացիների միջեւ հաղորդակցությունը:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

«3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ավելի գտնվելու մտադրության դեպքում պարտավոր է մինչեւ նշված ժամկետի ավարտը դիմել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին՝ իր եւ իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար:

4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը տրամադրում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ:

5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված տեղեկանքի ձեւը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հարուցելու համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին» բառերով.

2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերից հետո լրացնել «, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը» բառերով.

3) 6-րդ մասի երրորդ պարբերությունը «սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը,» բառերից հետո լրացնել «միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) սույն օրենքի համաձայն՝ աշխատանքի թույլտվությունը, իսկ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ե»-«թ», «ժբ», «ժե», «ժզ», «ժթ», «ի» կետերով նախատեսված կատեգորիայի օտարերկրացիների համար՝ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը, կամ».

2) 1-ին մասի «գ» կետը «ունեցող» բառից հետո լրացնել «, սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով կամ 7-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող» բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դեպքերի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) եթե մինչեւ ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը, եւ նա չի կնքել նոր պայմանագիր:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի որոշման հիման վրա:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության գործատուն իրավունք ունի օտարերկրացու հետ կնքելու աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» եւ «ի» կետերում նշված օտարերկրացիների հետ՝ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու համար չի պահանջվում ունենալ կացության կարգավիճակ կամ ստանալ հանրային ծառայությունների համարանիշ:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասում նշված հայտը լրացվելու դեպքում թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար դիմելու սահմանված ժամկետը պետք է լինի նվազագույնը 15 աշխատանքային օր, որը թույլ կտա աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջները եւ հնարավորության դեպքում գործատուին միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով առաջարկել համալրելու աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված օտարերկրացիներին աշխատանքի ընդունելիս չի գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով թափուր աշխատատեղը համալրելու պահանջը, բացառությամբ եթե այդ աշխատանքի համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ այդ անձանց աշխատանքի ընդունելիս կիրառելի չեն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օտարերկրացին սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը) միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնից ստանում է անձամբ:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

«Հոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը եւ այդ հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավումը

1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման եւ ներկայացման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները

1. Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները.

բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «դ» եւ «զ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.

դ) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները եւ այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ե) կանոնադրությամբ կեսից ավելիին ձայնի իրավունք տվող օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները եւ գործադիր մարմնի ղեկավարները՝ տվյալ կազմակերպություններում աշխատելու նպատակով.

զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.

է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով ժամանող օտարերկրյա մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.

թ) Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում դասավանդելու, գիտական աշխատանք կատարելու (գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու) նպատակով հրավիրված օտարերկրացի դասախոսները, ուսուցիչները, գիտամանկավարժական գործունեություն իրականացնող այլ անձինք, ինչպես նաեւ այդ ուսումնական հաստատությունների ղեկավար կազմում ընդգրկված վարչակառավարչական գործառույթներ իրականացնող օտարերկրացիները.

ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժա) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող օտարերկրացիները.

ժգ) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամանած անձինք՝ այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժդ) համատեղ քննվող գործերով հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու նպատակով ժամանած մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժե) օտարերկրացի այն մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում` աշխատանքային պայմանագիր գործատուի հետ.

ժզ) oրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք եւ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը.

ժէ) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.

ժը) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները.

ժթ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողները կրթությունն ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները.

ի) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է այդ անձանց քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուները աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր են կնքում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով:

3. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը, ըստ իրավասությունների շրջանակի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած համապատասխան պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը եւ ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում:

2. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը լուծվելու դեպքում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում այլ գործատուի հետ կնքել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, եւ այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում, կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:»:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» կետը «աշխատանքը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ այն դեպքերը, երբ աշխատատեղը հնարավոր է համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամկետով:» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը կնքելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա էլեկտրոնային տարբերակը, բացառությամբ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունների, մուտքագրում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ հաշվառման համար: Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի եւ դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ տեղեկությունները միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական կայքում:»:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը

1. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն ուժը կորցրած է ճանաչում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը, եթե՝

ա) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր.

բ) օտարերկրացու ներկայացրած դիմումի հիման վրա.

գ) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցում է օտարերկրացուն եւ վերջինիս գործատուին որոշման կայացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գործատուին տրամադրվել է աշխատանքի թույլտվություն» բառերը փոխարինել «օտարերկրացուն սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրվել է ժամանակավոր կացության կարգավիճակ» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն անվճար խորհրդատվություն է տրամադրում գործատուներին եւ օտարերկրացիներին միասնական էլեկտրոնային հարթակը կիրառելու վերաբերյալ:»:

Հոդված 17. Օրենքի 29.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված աշխատանքի թույլտվության եւ դրա հիման վրա ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմինները, ըստ իրավասությունների շրջանակի, որոշվում են սույն օրենքով:».

2) 2-րդ մասի «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «ոստիկանության եւ միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորած պետական մարմիններ» բառերով:

Հոդված 18. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.2-րդ հոդվածով.

«Հոդված 29.2. Օտարերկրացու մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպումը

1. Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի գործողության ժամանակահատվածում, աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացու մահվան դեպքում գործատուն հոգում է նրա դին ծագման պետություն տեղափոխելու հետ կապված ծախսերը: Տեղափոխման անհնարինության դեպքում հուղարկավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ընտանիքի անդամների գրավոր համաձայնությամբ: Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողներ չլինելու դեպքում հուղարկավորությունը կատարվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) «դ» կետի «21-րդ հոդվածում» բառերը փոխարինել «21-րդ հոդվածի «ա»-«դ» կետերում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվել, կամ լրացել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում նշված դեպքում օտարերկրացին պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար նրա նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց:»:

Հոդված 20. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.

«Հոդված 42.1. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով օտարերկրացիների եւ գործատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը

1. Սույն օրենքի հիման վրա օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն, կացության կարգավիճակ, օրինական բնակությունը հաստատող տեղեկանք կամ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրվում են օտարերկրացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (փաստաթղթի տեսաներածված պատճենը, անհրաժեշտության դեպքում՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը), լուսանկար, գործատուի կողմից ներկայացվող որակավորման կամ կրթական պահանջին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը, աշխատանքային ինքնակենսագրությունը, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը: Բնակության նպատակով օտարերկրացու հետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող ընտանիքի անդամների դեպքում սույն կետում նշված տեղեկությունները մուտքագրվում են նաեւ օտարերկրացու ընտանիքի անդամների համար:

2. Միասնական էլեկտրոնային հարթակով գործատուն հայտ ներկայացնելիս մուտքագրում է գործատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, գործատուի անունից դիմողի անունը, ազգանունը, նույնականացման քարտի տվյալները եւ պաշտոնը, համալրվող թափուր պաշտոնի նկարագիրը, աշխատավարձի չափը, աշխատանքի այլ պայմանները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով օտարերկրացու վերաբերյալ կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելիս պետական լիազոր մարմնի մոտ առաջանում է առերեւույթ ողջամիտ կասկած կամ ենթադրություն, որ ի հայտ են եկել կամ կարող են ի հայտ գալ օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելը մերժելու, կարգավիճակն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու, արտաքսելու կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհնարինության հիմքեր:

4. Միասնական էլեկտրոնային հարթակով հավաքված անձնական տվյալները հավաքում եւ մշակում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը:

5. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու եւ գործատուի վերաբերյալ տվյալների հասանելիություն այլ լիազոր մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության, ոստիկանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառներում լիազորված պետական մարմիններին սույն օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում օտարերկրացու աշխատանքային գործունեությունը թույլատրելու գործընթացում իր անմիջական գործառույթներն իրականացնելուց հետո միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն արգելափակում է պետական մարմինների հասանելիությունն օտարերկրացու կամ նրա գործատուի վերաբերյալ տեղեկություններին:

7. Օտարերկրացու վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները, փոխանակվում են պետական մարմինների միջեւ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

8. Արգելվում է օտարերկրացու կամ նրա գործատուի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել, հավաքել, պահպանել այլ նպատակներով, քան անհրաժեշտ է լիազորված պետական մարմնին սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար:»:

Հոդված 21. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Օրենքն ընդունվելուց հետո Կառավարությունը հաստատում է օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը: Այս դրույթն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Կառավարության հաստատած ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը աշխատանքի թույլտվության եւ ժամանակավոր կացության կարգավիճակները շարունակում են տրվել «Օտարերկրացիների մասին» մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ի գործող խմբագրությամբ օրենքով եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով:

3. Գործատուները պարտավոր են «Օտարերկրացիների մասին» օրենքի 22.1-ին հոդվածով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակում լրացնել համապատասխան հայտ իրենց մոտ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի հիման վրա աշխատող օտարերկրացիների առկայության մասին մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, բացառությամբ այն օտարերկրացիների, որոնց համար ժամանակավոր կացության կարգավիճակ չի պահանջվում:

4. Մինչեւ «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը ներկայացված աշխատանքի թույլտվության դիմումները, որոնց վերաբերյալ որոշում չի ընդունվել, ըստ վարչական ենթակայության իրավասու մարմինների կողմից ուղարկվում են միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին սույն օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումներն ստանալու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն իրավասու է օտարերկրացուց պահանջելու սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով պահանջվող, սակայն չներկայացված փաստաթղթերը, որոնք ամբողջությամբ ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ համապատասխան կատեգորիայի օտարերկրացի աշխատողների, եւ օտարերկրացուն տրամադրելու համապատասխան ժամանակավոր կացության քարտ, եթե առկա չեն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը: