Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«3. Գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումը` բացառությամբ հիփոթեքի պետական գրանցման, ուժը կորցրած ճանաչելու հիմք են օրենքով նման իրավունքի դադարման համար նախատեսված հիմքերը հաստատող փաստաթղթերը, ընդ որում՝
1) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելուց հետո պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված չէ, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով.
ա. եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով, ապա պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում կողմերից որեւէ մեկի ներկայացրած դիմումի հիման վրա:
2) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում, այդ թվում՝ օրենքի կամ պայմանագրի ուժով անորոշ ժամկետով կնքված պայմանագրի, կարող է ուժը կորցրած ճանաչվել՝
ա. պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով,
բ. պայմանագրի կողմերի համատեղ դիմումի հիման վրա.
գ. օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից հրաժարվելու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով,
դ. դատական ակտի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով կամ շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ,
3) օրենքի ուժով, դատական կամ այլ իրավական ակտի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել նման իրավունքի դադարման համար օրենքով սահմանված հիմքերով` այդ հիմքերը հաստատող փաստաթղթերի հիման վրա.
4) վարձակալության պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության` օրենքով սահմանված առավելագույն ժամկետն ավարտելու հիմքով առանց կողմերից որեւէ մեկի դիմումի դադարեցվում է օրենքի ուժով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով
«5. Սույն հոդվածի իմաստով օրենքով նախատեսված պատշաճ ծանուցում է համարվում այն ծանուցումը, որը կատարվել է առձեռն փոխանցմամբ կամ պատվիրված նամակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցումը տեղադրելու միջոցով, որի դեպքում 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ է համարվում՝
1) առձեռն փոխանցմամբ ծանուցման դեպքում՝ ծանուցվողի ստորագրությամբ կատարված նշումով ծանուցման պատճենը.
2) պատվիրված նամակով ծանուցման դեպքում՝ ծանուցման պատճենը եւ ծանուցումը հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը.
3) օրենքով սահմանված հրապարակային եղանակով ծանուցման դեպքում՝ պատվիրված նամակի հետադարձ ծանուցումը եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցումը տեղադրելու քաղվածքը:
Սույն հոդվածի ծանուցման նկատմամբ չեն տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1-ին հոդվածի 5-րդ մասի դրույթները:
7. Սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերից բացի՝ իրավունքի դադարման պետական գրանցումը մերժվում է նաեւ, եթե իրավունքի դադարման պետական գրանցման դիմումը ներկայացնելու պահին չի լրացել օրենքով կամ պայմանագրով նախատեսված ծանուցման ժամկետը:»:
Հոդված 3. Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.
«3) օրենքի ուժով դադարող իրավունքի պետական գրանցման համար վճար չի գանձվում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: