Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.10-րդ հոդվածով.
«Հոդված 154.10. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը
1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից խոշոր չափով չկատարելը կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրում քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չներառելը (եթե դրանք ձեռք են բերվել կամ մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից ցածր գնով կամ մինչեւ նախընտրական հիմնադրամի կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի ձեւավորումը), որը կազմել է խոշոր չափ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կամ հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը քվեարկությունից հետո մինչեւ օրենքով՝ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընկած ժամանակահատվածում չներկայացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հավելվածը 154.9-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.10-րդ հոդվածով.
«Հոդված 154.10. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը »:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: