Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-967-10.05.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը :

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Հիվանդությունների կանխարգելման ԵՎ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ՎԱՎԵՐԱՑՄԱՆ նպատակահարմարության մասին հիմնավորում

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված 22.8 մլն. ՓՀԻ (XDR) արժեքով (համարժեք 35 մլն. ԱՄՆ դոլարին) «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ Համաձայնագրով նախատեսված Վարկային ծրագրի (այսուհետ՝ Վարկայի ծրագիր) Բաղադրիչ 2-ի` «Առանձին հիվանդանոցների արդյունավետության եւ որակի բարելավման» շրջանակներում նախատեսված էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ եւ ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների եւ կահույքի ձեռքբերում: Նշված նպատակով Վարկային ծրագրի շրջանակներում մշակվել են 2 բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման Նախագծանախահաշվային փաստաթղթերը (այսուհետ՝ ՆՆՓ):

Վարկային ծրագրի 2020թ. մարտի 6-ին ստորագրված փոփոխությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման եւ հագեցման աշխատանքները հանվեցին Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը: Միաժամանակ, Վարկային ծրագրի իրականացման ընթացքում XDR եւ դոլար փոխարժեքի տարբերության հետեւանքով առաջացել են ֆինանսական կորուստներ: Նշված պատճառներով Վարկային ծրագրի ֆինանսական միջոցները չեն բավարարել 2 բժշկական հաստատության արդիականացման համար:

Արդյունքում, նպատակահարմար է համարվել Վարկային ծրագրում թողնել միայն Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքները:

Այնուամենայնիվ, «ՀՀ Վայոց ձորում նոր բժշկական կենտրոնի կառուցում եւ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով եւ պարագաներով հագեցում» միջոցառումը մշտապես դիտարկվել է որպես ՀՀ կառավարության առաջնահերթություն:

Այնուհետեւ, կապված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ին համավարակին հնարավորինս արագ եւ արդյունավետ հակազդելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին  «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրից 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխելու եւ COVID-19-ին դիմակայելու համար երկրին անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու նպատակով: Արդյունքում, Վարկային ծրագրի շրջանակներում 10.07.2020թ. մեկնարկած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների համար նախատեսված 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխվեց եւ ծախսվեց COVID-19 համավարակին դիմակայելու համար անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Ներկայում առկա է 3մլն. ԱՄՆ դոլար դեֆիցիտ Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են, դրանք ավարտին հասցնելու, ծրագրի արդյունավետությունն ու հասցեականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է 3 մլն ԱՄՆ դոլարը համալրել ծրագրի միջոցները:

Ներկայում արդեն իսկ իրականացվել են Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման հիմքերի հողային աշխատանքները, հիմնային հեծանների ամրանավորման եւ բետոնացման աշխատանքները, սյուների եւ պատերի ամրանավորման աշխատանքները, հիմքերի հիմնային հեծանների ջրամեկուսացման աշխատանքներն ու պլանային շարունակվում են հատակների տակ հողի հետլիցքի, պատերի եւ սյուների բետոնացման աշխատանքները:

Վայոց ձորի մարզային նոր հիվանդանոցի կառուցման նպատակով (նոր մոդուլային տիպի բազմաֆունկցիոնալ հիվանդանոց 36(5) մահճակալ հզորությամբ շուրջ 3000 քմ մակերեսով) Վարկային ծրագրի ռետրոակտիվ ֆինանսավորման շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերության ընտրության համար մրցույթը կհայտարարվի 2021 թվականի փետրվարի վերջին:

Հիմք ընդունելով նշվածը, մարզային առողջապահական համակարգի արդիականացման, ՀՀ Գեղարքունիքի եւ ՀՀ Վայոց ձորի ազգաբնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների բարելավման, Վարկային ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է 7.4 մլն ԱՄՆ դոլար հավելյալ գումար:

ՈՒստի, 2021թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի/«IBRD» միջեւ ստորագրված 7.4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (Վարկ թիվ 9202-AM) վավերացումն նպատակահարմար է:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի/«IBRD» միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (Վարկ թիվ 9202-AM) վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկանք ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի/«IBRD» միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով (Վարկ թիվ 9202-AM) նախատեսում է վարկառուին տրամադրել փոխառություն 7,400,000 ԱՄՆ դոլարի չափով: Նշված գումարը ժամանակ առ ժամանակ կարող է փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետը ստորագրման ամսաթվից հետո հարյուր քսաներորդ (120) օրն է:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի/«IBRD» միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (Վարկ թիվ 9202-AM) վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
 
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝

ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2021Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ («IBRD») ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 7.4 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՎԱՐԿ ԹԻՎ 9202-AM) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վարկային համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Վարկային համաձայնագիրը ենթակա է վավերացման:
 
Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝ ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ»
վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2021թ. փետրվարի 18-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները.

Համաձայնագրի Հոդված 2-ի 2.01 կետում սահմանված է, որ ՎԶՄԲ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել վարկ 7.4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

Վարկի մարման ժամկետը՝ 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը` 6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող սպրեդ:  Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որն ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին: Վարկի սպասարկման եւ մարման արժույթն ԱՄՆ դոլարով է, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2023թ. հունիսի 30-ն է: Վարկի արտոնյալության աստիճանը կազմում է 46%՝ հաշվի առնելով հաշվարկներում կիրառվող 5% զեղչատոկոսը:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով եւ ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը:
 
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՀՀ  ֆինանսների նախարար

Ա. Ջանջուղազյանին

ՀՀ արդարադատության նախարար

Ռ. Բադասյանին

Հարգելի գործընկերներ

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով (Վարկ թիվ 9202-AM) «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 
Հարգանքով` Ս.Պապիկյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն