Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-979-24.05.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի՝

1) 8-րդ մասում՝

ա. «անշարժ գույքի հարկով հարկման բազայի» բառերից հետո լրացնել «80 տոկոսի» բառերը,

բ. առաջին պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը:».

2)  9-րդ մասում՝

ա. առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն պարբերությունում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:»,

բ. վերջին պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասի առաջին պարբերության կիրառության իմաստով՝ միայն շինությունը (այդ թվում՝ շենքը, բնակելի կամ այլ տարածքը) կամ միայն հողամասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում կադաստրային արժեք է համարվում միայն շինության կամ միայն հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսը (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամուտը), իսկ շինությունը եւ հողամասը միասին վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում՝ շինության եւ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարի 80 տոկոսը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում՝

ա. «անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում՝ կադաստրային արժեք) ոչ պակաս չափով» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք) ոչ պակաս չափով» բառերով,

բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ հաշվարկային արժեք) ոչ պակաս չափով:»,

գ. երկրորդ նախադասության մեջ «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքի)» բառերը,

դ. երրորդ նախադասության մեջ «կադաստրային արժեքից» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքից)» բառերը,

ե. «ա» պարբերությունում «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքի)» բառերը,

զ. «բ» պարբերությունում «կադաստրային արժեքով» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքով)» բառերը, իսկ «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքի)» բառերը.

2)  2-րդ կետում՝

ա. առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:»,

բ. առաջին պարբերության երկրորդ նախադասությունից հանել «հարկով հարկման օբյեկտի» բառերը եւ նախադասության մեջ «հարկման բազայի» բառերը փոխարինել «կադաստրային արժեքի» բառերով,

գ. վերջին պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն կետի առաջին պարբերության կիրառության իմաստով՝ միայն շինությունը (այդ թվում՝ շենքը, բնակելի կամ այլ տարածքը) կամ միայն հողամասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում կադաստրային արժեք է համարվում միայն շինության կամ միայն հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսը (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամուտը), իսկ շինությունը եւ հողամասը միասին վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում՝ շինության եւ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարի 80 տոկոսը:».

3)  3-րդ կետում «կադաստրային արժեքի» բառերից առաջ լրացնել «սույն մասի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված» բառերը.

4)  1-ին կետի առաջին պարբերությունում, 2-րդ կետի «ա» պարբերությունում եւ 3-րդ կետում «(այս թվում՝ ԱԱՀ-ը)» բառերը փոխարինել «(առանց ԱԱՀ-ի)» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «անշարժ գույքի հարկով հարկման բազայից» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից» բառերով, իսկ «անշարժ գույքի հարկով հարկման բազայի» բառերից հետո լրացնել «80 տոկոսի» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետում «սահմանափակումների ու դրանց փոփոխությունների» բառերը փոխարինել «սահմանափակումների, դրանց փոփոխությունների եւ անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների» բառերով:

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է նաեւ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով եւ հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի եւ շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազան չի կարող փոքր լինել անշարժ գույքի հարկման նպատակով Օրենսգրքով սահմանված հարկման բազայից՝ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքներից:

Խնդիրը կայանում է նրանում, որ անշարժ գույքի հարկով հարկվող բազաների շուկայական արժեքների մոտարկման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացել են հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝

ա. անշարժ գույքի մոտարկված արժեքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործարքների միջին շուկայական արժեքները, որոնք իրենց մեջ, ըստ էության, արդեն իսկ ներառում են ԱԱՀ-ի գումարներ: Արդյունքում, ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաների հաշվարկման առումով նշյալ արժեքները հիմք ընդունելու դեպքում ստացվում է, որ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքի մեջ ներառված ԱԱՀ-ի գումարը ներառվում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկվող բազայի մեջ, ինչը հակադրվում է նշյալ հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը,

բ. նոր կառուցապատվող բազմաբնակարան շենքերի դեպքում անշարժ գույքի վաճառքը շատ հաճախ սկզբնապես տեղի է ունենում անշարժ գույքի գնման իրավունքի վաճառքի ձեւով, եւ անշարժ գույքի փաստացի օտարումը տեղի է ունենում միայն հետագայում՝ բազմաբնակարան շենքի կառուցապատումն ավարտելուց հետ: Ընդ որում, օտարվող անշարժ գույքի գինը որոշվում է գնման իրավունքի վաճառքի փուլում եւ հետագայում, որպես կանոն, փոփոխման ենթակա չի լինում: Խնդիրը կայանում է նրանում, որ հարկային օրենսդրության կիրառության իմաստով հարկվող գործարքը տեղի է ունենում անշարժ գույքի փաստացի օտարման փուլում, մինչդեռ օտարվող անշարժ գույքի գինը, հետեւաբար նաեւ՝ հարկվող բազան որոշվում է նախօրոք՝ գնման իրավունքի վաճառքի փուլում: Գնման իրավունքի վաճառքի եւ անշարժ գույքի փաստացի օտարման միջեւ ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում կարող են տեղի ունենալ գների փոփոխություն, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաեւ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքների վրա: Արդյունքում հարկային օրենսդրությամբ ամրագրված կարգավորումները անշարժ գույքի կառուցապատողների համար ձեւավորել են մի շարք անորոշություններ, որոնք պայմանավորված են այն հանգամանքի հետ, որ բազմաբնակարան շենքի կառուցապատման ընթացքում անշարժ գույքի գների բարձրացման եւ դրա հետեւանքով անշարժ գույքի մոտարկված արժեքների հնարավոր բարձրացման հետեւանքով, ըստ էության բարձրանալու են նաեւ այդ գույքի մասով ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաները՝ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների մոտ ձեւավորվելով չկանխատեսված լրացուցիչ հարկային պարտավորություններ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

ա. անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը,

բ. 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը,

գ. մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով եւ հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անշարժ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաների հաշվարկման կարգավորումներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել անշարժ գույքի հարկման բազաների վերանայման արդյունքում կառուցապատող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի եւ շահութահարկի մասով առաջացած խնդիրները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում