Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9801-24.05.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում.

1) 7-րդ կետի 1-ին նախադասության մեջ «արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) գնելու պարտավորություն, որին համապատասխանող իրավունքները պաշտպանվում են» բառերը փոխարինել «արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) պարտադիր գնման իրավունք, որը պաշտպանվում է»

2) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, ով երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր եւ տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով չի հանդիսանում արտադրության լիցենզիա ունեցող անձ: Սույն կետի իմաստով սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական եւ այլն).».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1 կետով.

«13.1) ինքնավար խումբ՝ ինքնավար էներգաարտադրողի կամ ինքնավար էներգաարտադրողի (էներգաարտադրողների) եւ սպառողի (սպառողների) խումբ.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-րդ կետ.

«23.1) միկրո էներգաարտադրող՝ մինչեւ 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 մասով.

«3.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1.2 մասի համաձայն օրենքով սահմանված գնման երաշխիքի ժամկետը լրացած, ինչպես նաեւ նույն հոդվածի 4.1 մասի համաձայն գնման երաշխիք չունեցող կայանների համար Հանձնաժողովը սակագին չի սահմանում:»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» եւ «ե» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) միկրո էներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների եւ էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում.

ե) ինքնավար էներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման եւ էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում:»:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ ինքնավար էներգաարտադրողներից» բառերը:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում:

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2, 1.3 եւ 4.1 մասերով.

«1.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի շրջանակում փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում տասնհինգ տարվա ընթացքում, իսկ էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրակայանների դեպքում քսան տարվա ընթացքում տվյալ կայանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է գնման (օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիք), բացառությամբ սույն հոդվածի 4.1-րդ մասում նշված դեպքի: Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվելու դեպքում լիցենզավորված անձն իրավունք չունի հետագայում հրաժարվել դրանից: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

1.3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձը եւ բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող անձն իրավունք ունի էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու եւ նույն կամ տարբեր կետերում սպառելու իրավունք՝ շուկայի կանոններով սահմանված կարգով եւ դեպքերում: Սույն մասում նշված դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով եւ դեպքերում:».

«4.1. Վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա կարող է տրամադրվել նաեւ, երբ անկախ այդ կայանների համար սույն հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան հրաժարվում է սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված գնման երաշխիքից, որից հետագայում այլեւս օգտվել չի կարող:».

2) 4-րդ մասի «ա» կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կորուստների եւ սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու» բառերը:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կորուստների եւ սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու» բառերը:

Հոդված 8. Օրենքի 38.1-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողից» բառերը:

Հոդված 9. Օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մեծածախ առեւտրի, մատակարարման, երաշխավորված մատակարարման, հաղորդման, բաշխման լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաեւ միկրո էներգաարտադրողները եւ որակավորված սպառողները:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.



«ԳԼՈՒԽ 9.1

ԻՆՔՆԱՎԱՐ ԵՎ ՄԻԿՐՈ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 56.1. Ինքնավար էներգաարտադրության կազմակերպումը

1. Ցանկացած սպառող ունի սույն օրենքի եւ շուկայի կանոնների համաձայն ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք:

2. Ինքնավար էներգաարտադրողն ունի շուկայի կանոնների համաձայն վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու եւ նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաեւ ինքնավար խումբ ստեղծելու իրավունք:

3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող սպառողի դիմումի հիման վրա ապահովել վերջինիս արտադրող տեղակայանքի միացումը բաշխման ցանցին՝ շուկայի կանոններով սահմանված կարգով, իսկ երաշխավորված մատակարարը՝ կնքել փոխհոսքերի պայմանագիր հանձնաժողովի սահմանած օրինակելի ձեւին համապատասխան:

4. Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ դրա մասնակիցները վճարում են մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության դիմաց հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով եւ դեպքերում: Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները սույն օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման:

5. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրեւ սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում՝ խմբում ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1000 կՎտ-ը:

6. Ինքնավար էներգաարտադրողն կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով: Սույն մասով նախատեսված դեպքում վերջինս օրենքի ուժով ստանում է միկրո էներգաարտադրողի կարգավիճակ՝ առանց տվյալ էներգաարտադրության տեղակայանքի մասով ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը հետագայում վերականգնելու իրավունքի:

7. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքը բաշխման ցանցին միացման, պայմանագրերի կնքման, փոխհոսքերի իրականացման, մատուցվող ծառայությունների դիմաց վճարումների, ինքնավար խմբի ստեղծման եւ գործունեության, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը կորցնելու հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով:

Հոդված 56.2. Ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկները

1. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի եւ ինքնավար էներգաարտադրողի (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների) կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվանցվում են՝ անկախ էլեկտրական էներգիայի արտադրության եւ սպառման ժամերից:

2. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի եւ ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների դրական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան գումարվում է հաջորդող ամսում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբում ներառված ինքնավար էներգաարտադրողների կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակին, իսկ հաշվարկային տարվա վերջին ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության դիմաց երաշխավորված մատակարարը ինքնավար էներգաարտադրողին, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծած ինքնավար էներգաարտադրողին վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքում առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով: Սույն կետի իմաստով հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացույցային տարվա մայիսի 1-ից մինչեւ հաջորդող օրացույցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

3. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի եւ ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիայի դիմաց ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում ինքնավար խմբի մասնակիցը վճարում է երաշխավորված մատակարարին հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնով:

4. Ինքնավար խմբի մասնակիցների միջեւ ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված եւ ինքնավար խմբի մասնակիցների կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան խմբի մասնակիցների միջեւ բաշխվում է ամսական կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:

Հոդված 56.3. Միկրո էներգաարտադրողը

Միկրո էներգաարտադրողին տրվում է էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու եւ նույն կամ տարբեր կետերում սպառելու, ինչպես նաեւ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք: Սույն մասում նշված դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով եւ դեպքերում:»:

Հոդված 11. Օրենքի 59-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետը եւ 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.

«8. Մինչեւ 2022 թվականի մայիսի 1-ը գործող՝ 150 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են մինչեւ 150 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:

9. Մինչեւ 2022 թվականի մայիսի 1-ը մինչեւ 150 կՎտ տեղակայված հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիզենզիա ստացած անձանց նկատմամբ չի կիրառվում սույն օրենքի 56.3 հոդվածով միկրո էներգաարտադրողի համար սահմանված կարգավորումը:»:

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը հանձնաժողովը իր ընդունած որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախկինում տրված լիցենզիաները համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին եւ ընդունում է սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր: