Armenian ARMSCII Armenian
Կ-993-08.06.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «ստուգումներ» բառից հետո լրացնել «կամ դիտարկումներ» բառերով, իսկ «ստուգմամբ» բառից հետո՝ «կամ դիտարկմամբ» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.3-րդ հոդվածով.

«Հոդված 44.3. Արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը

1. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով:

2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

3. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:

4. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

5. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքները խոչընդոտելը կամ օրինական պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «Սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «44.3-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: