Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «իրականացնող մարմնի,» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը
1. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝
1) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.
2) պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.
3) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաեւ գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական եւ իրավական հսկողությանը.
4) Երեւան համայնքում իրականացնում է տարածքային կառավարում, որի առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.
«Հոդված 4.1. Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը
1. Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը (այսուհետ՝ փոխվարչապետ)՝
1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
2) քննարկում եւ համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.
3) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
4) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.
5) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:»:
Հոդված 4.
Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Մարզպետը եւ նրա ընդհանուր լիազորությունները
1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:
2. Մարզպետը`
1) սահմանված կարգով փոխվարչապետի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն եւ նյութեր.
3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ եւ քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
5) սահմանված կարգով նախապատրաստում եւ փոխվարչապետի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաեւ Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության եւ մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում փոխվարչապետին, լիազորված մարմին, ինչպես նաեւ ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.
8) պարտադիր քննության է առնում փոխվարչապետի պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները ապահովելու ուղղությամբ.
12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը վերջինիս դիմելու դեպքում:
3. Մարզպետն ընդունում է որոշումներ:
4. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: