Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «50000» թիվը փոխարինել «250000» թվով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Առկա խնդիրները
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով:
Պետք է փաստել, որ նշված կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում: Բացի այդ, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ:
Առաջարկվող կարգավորումները
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ սահմանելով 250000 դրամ:
Նշված փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) եւ տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի եւ նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ):
Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Գրություն