Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով` ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով կամ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 3.
Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ըստ առաջադիմության պահանջը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) ստացած ուսանողների վրա: