Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1012-29.07.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգիրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 137.1-ին հոդված.

«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`