Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-02.08.2021--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը եւ 112-րդ հոդվածի 1-ին մասը՝ սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում են տասներկու մշտական հանձնաժողովներ՝ հետեւյալ անվանումներով, գործունեության ոլորտներով եւ անդամների ընդհանուր թվով.

ա. առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (7 անդամ),

բ. Արցախի հարցերով մշտական հանձնաժողով՝ ՀՀ կողմից Արցախին տրամադրվող աջակցություն (ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական եւ այլ բնույթի), Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի Ազգային ժողովի հետ համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ),

գ. արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական կապեր, միջխորհրդարանական բարեկամական խմբեր, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

դ. գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ),

ե. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (7 անդամ),

զ. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով

մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, արհեստակցական միություններ, ոչ առեւտրային կազմակերպություններեւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (7 անդամ),

է. պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),

ը. պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրաիրավական հարցեր, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, համաներում, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, որ առեւտրային կազմակերպություններ, հանրային ծառայություն, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (14 անդամ),

թ. տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ(7 անդամ),

ժ. տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (8 անդամ),

ժա. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

ժբ. ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ).

2) Գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին.

3) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին.

4) Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին.

5) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին.

6) յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակն ընդգրկում է իր գործունեության ոլորտները.

7) Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման եւ մշտադիտարկման իրավասությունը պատկանում է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից:

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտության

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի  արդյունքում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական եւ նյութական վնասներ, որոնց հետեւանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խոր ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ, կենսական նշանակություն: Այն շարունակվում է նաեւ պատերազմից 8 ամիս անց Ադրբեջանի ու Թուրքիայի հայատյաց, ռազմատենչ քաղաքականության հետեւանքով: Իրավիճակի հաղթահարման նպատակով պահանջվում է համազգային կարողությունների կենտրոնացում, հայաստանյան քաղաքական ուժերի համագործակցություն, բազմավեկտոր ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների արդյունավետ լուծում: Այդ խնդիրների շարքում հատկապես կարեւոր են հետեւյալները.

ա/ Պետք է պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանաթույքական ագրեսիային: Քանի որ միակ միջազգային կազմակերպությունը, որն արձանագրել է այդ ագրեսիայի հանգամանքները միջազգայնորեն հետաքննելու անհրաժեշտությունը, Եվրոպական խորհրդարանն է, ՀՀ Ազգային ժողովը պետք է հետեւողական աշխատանք ծավալի խորհրդարանական այլ կառույցներում եւս նմանատիպ բանաձեւերի ընդունման, ինչպես նաեւ մյուս պետական կառույցերի հետ համագործակցությամբ այլ միջազգային կառույցներում եւս 2020թ. ռազմական ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունններն արձանագրող փաստաթղթերի ընդունման համար, ինչը պահանջում է բարձրակարգ մասնագիտական աշխատանք:

բ/ Անհրաժեշտ է մեծածավալ աշխատանք կարգավորման գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում մինչ 2020թ. պատերազմը մշակված ձեւաչափի, կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձնելու, Արցախում ռուս խաղաղապահների,  մինչ միջազգային իրավունքի շրջանակներում հակամարտության լիարժեք կարգավորումը Արցախում շարունակական ներկայությունն ապահովելու համար:

գ/ Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնման ու անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման ու իրագործման համար  Հայաստանի Հանրապետության օրենսդրության լրամշակում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ սերտ համագործակցություն:

դ/ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումների իրականացում միջազգային նորմերի ու պրակտիկայի կիրառմամբ:

Այդ նպատակով անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, առաջին հերթին՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձեւավորում հետեւյալ խնդիրների լուծման նպատակով՝

1. 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների՝ ահաբեկչական խմբավորումների ներգրավման, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերի հրթիռակոծումների, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի լիարժեք բացահայտման նպատակով միջազգային քննիչ հանձնաժողովի ձեւավորմանն ուղղված  հիմքերի նախապատրաստում,

2. ՀՀ Ազգային ժողովի՝ տարբեր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների աշխատանքի արդյունավետության ապահովում՝ մասնագիտացված փորձագիտական խմբի ձեւավորման եւ պատվիրակությունների անդամների համար նախապատրաստական աշխատանքների միջոցով,

3. Խնդրին առնչվող միջազգային պայմանագրերի նախնական քննարկումների եւ այդ ոլորտի գլխադասային հանձնաժողովի այլ գործառույթների իրականցում,

4. 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով առաջացած անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված միջազգային համագործակցության /Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերի ամրապնդում՝ խաղաղապահ առաքելության եւ սահմանների պաշտպանության իրականացում եւ այլն/ օրենսդրական հիմքերի լրամշակում եւ դրան վերաբերող գլխադասային հանձնաժողովի գործառույթների իրականացում,

5. Արցախի ենթակառուցվածքների ու շինությունների վերականգնման, Պաշտպանության բանակի վերակառուցման, պաշտպանական դիրքերի ձեւավորման ու ամրպնդման, բնակության վայրեր բոլոր փախստականների վերադարձին, նրանց համար կենսպայմանների ու անվտանգության երաշխիքների ձեւավորման լայնածավալ ծրագրերի մշակման համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների մշակում, դրանց վերաբերյալ գլխադասային հաանձնաժողովի գործառույթների իրականացում,

6. Միջազգային իրավունքի նորմերի ու պրակտիկայի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանազատումների գործընթացի օրենսդրական հիմքերի ապահովում եւ աշխատանքների վերահսկողություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարության, այլ պետական մարմինների համագործակցությաբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման միջազգային եւ ներպետական օրենսդրական հիմքերի պատրաստում: