Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-003-13.08.2021-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի N ՀՕ-276 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.6-րդ հոդվածով.

«Հոդված 2.6. Հաստատել 2021 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ՝ Ժամանակավոր ծրագիր)՝ համաձայն N 7 հավելվածի :»:

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.8-րդ կետով.

«6.8. 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3 : 2021 թվականի ընթացքում Սեւանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ՝ Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման՝ այդ գումարների հավաքագրման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանած ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ՝ Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել «2021 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» N 7 հավելվածով :

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):