Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«48) ծառայության մատուցում՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձեւով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաեւ՝
ա. համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ծառայության մատուցումը, եթե այդ ծառայությունը մատուցվում է մինչեւ հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը,
բ. էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (այսուհետ՝ էլեկտրոնային ծառայություն)՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է՝ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի եւ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջեւ կատարվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ձեւավորվող հարկման բազաները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:»:
Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերի առաջին պարբերությունում «ծառայության մատուցման» բառերը փոխարինել «ծառայության, բացառությամբ՝ էլեկտրոնային ծառայության, մատուցման» բառերով,
2) 2-րդ մասի 2-րդ կետում «1-ին մասի» բառերը փոխարինել «1-ին եւ 2.1-ին մասերի» բառերով,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.
«2.1. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է՝
1) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունը ստանում է կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
2) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունը ստանում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (մասնաճյուղը, ներկայացուցչությունը), այդ թվում՝ այն դեպքերում, երբ էլեկտրոնային ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության (մասնաճյուղի, ներկայացուցչության) կողմից.
3) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունը ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում եւ այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ ստանում ծառայություններ,
4) անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ծառայություն ստանալու դեպքում տվյալ պետությունը, եթե բավարվում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.
ա. էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի բնակության վայրը գտնվում է տվյալ պետությունում.
բ. բանկի գտնվելու վայրը, որում բացված է հաշիվը, որն օգտագործվում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի կողմից այդ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը վճարում է էլեկտրոնային ծառայությունների համար, գտնվում է տվյալ պետության տարածքում.
գ. էլեկտրոնային ծառայությունների ստացման նպատակով ֆիզիկական անձի կողմից օգտագործված ցանցային հասցեն գրանցված է տվյալ պետությունում (վերաբերում է համապատասխան հասցեի տարածքին).
դ. հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը, որն օգտագործվում է ֆիզիկական անձի կողմից ծառայությունների ստացման համար կամ նշվում է դրանց դիմաց վճարումների ժամանակ, տրված է տվյալ պետության կողմից:
Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով սույն կետին համապատասխան ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանի Հանրապետությունը եւ այլ պետությունը, ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ առկա են սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված ավելի մեծ թվով պայմաններ, քան այլ պետությունում, իսկ սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ծառայություն մատուցողը էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշում է ինքնուրույն:»,
4) 4-րդ մասի 1-ին կետում «ծառայությունների,» բառը փոխարինել «ծառայությունների, բացառությամբ՝ էլեկտրոնային ծառայությունների,» բառերով, իսկ 2-րդ կետում «ծառայությունը համարվում է» բառերը փոխարինել «ծառայությունը, բացառությամբ՝ էլեկտրոնային ծառայության, համարվում է» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանադակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայությունների մատուցման պահ է համարվում մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը եւ (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը՝ վճարմանը եւ (կամ) մասնակի վճարմանը համապատասխան:»:
Հոդված 5. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «ամիսը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «հարկ վճարող» բառերից հետո լրացնել «կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին»:
Հոդված 7. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «իրականացնելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ՝ էլեկտրոնային ծառայության մատուց՟ման դեպքի,» բառերով, իսկ «թղթային եղանակով հարկային մարմնի՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով,
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձեւին եւ լրացման կարգին համապատասխան:»:
Հոդված 8. Օրենսգրքի 78-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ՝ էլեկտրոնային ծառայության մատուց՟ման դեպքի,» բառերը,
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում էլեկտրոնային ծառայության մատուց՟ման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով: Հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուց՟ող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 9-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու եւ վճարելու կարգավորումների նախատեսումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածով տրված են օրենսգրքի կիրառման իմաստով հասկացությունների սահմանումները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով տրված է ծառայությունների մատուցման հասկացության սահմանումը եւ անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ էլեկտրոնային ծառայություն հասկացությունը:
ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված են ծառայությունների մատուցման վայրի որոշման կարգավորումները: Էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում ծառայության մատուցման վայրի որոշման կարգավորում նշված հոդվածով սահմանված չէ եւ անհրաժեշտ է նույն հոդվածում սահմանել համապատասխան կարգավորում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում:
ՀՀ հարկային օրենսգրքով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով, որի մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքը, ԱԱՀ-ը հաշվարկելու պարտավորությունները կրում են ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: ՀՀ հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ծառայությունները ստանալու դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի մոտ պարտավորություններ չեն առաջանում: Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման դրույթներ նախատեսված չեն:
Էլեկտրոնային ծառայություն հասկացության սահմանմամբ պայմանավորված համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ ծառայության մատուցման պահի որոշման, հաշվարկի ներկայացման, ԱԱՀ-ի պարտավորության վճարման եւ հարկ վճարողի հարկային մարմնում հաշվառման կարգավորումներում:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը՝ հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,
2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով՝
ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,
բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում՝ մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ,
գ. ԱԱՀ գումարներ վճարելու եւ ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման եւ ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵ՟ՏՈՒ՟ԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում