Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրական» բառը փոխարինել «նորմատիվ իրավական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետում «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) 1-ին մասում լրացնել նոր 4-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու գործընթացն իրականացնում են՝ անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 1-ին կետում «երեխա» բառը փոխարինել «զավակ» բառով.
2) 7-րդ մասում «վնասում է» բառերից հետո լրացնել «կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել» բառերը.
3) 9-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝
«Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».
4) 11-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «նա» բառից հետո լրացնել «ունի կամ» բառերը.
2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 5-րդ մասում «հիման վրա» բառերից հետո լրացնել «(14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաեւ երեխայի գրավոր համաձայնությունը)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետում «կեղծ» բառերից հետո լրացնել «կամ սխալ» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հարուցվում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմում է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու եզրակացություն եւ ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի կողմից սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն լուծվում է անձի քաղաքացիությունը դադարեցնելու հարցը»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը
1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին.
4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ.
5) նա ունի «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ՝ մասնավորապես:
ա. տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին եւ վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը.
բ. ունենալով զինվորական հաշվառում չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում.
գ. հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական փորձաքննություն անցնելու պարտականություն.
դ. քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին.
ե. դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված՝ դիմումը մերժելու հիմքերի բացակայության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմող անձը: Նշված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքները տրվում են դիմող անձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Դատական դեպարտամենտի, Պետական եկամուտների կոմիտեի եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
4. Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումն ընդունած մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժվում է: ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:»:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով պահանջվող տեղեկությունների իսկության եւ հավաստիության համար պատասխանատվություն է կրում փաստաթուղթը ներկայացնող անձը: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո հինգ տարվա ընթացքում պարզվի, որ անձի կողմից ներկայացվել են կեղծ փաստաթղթեր եւ առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված՝ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժը կորցարած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմում է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու եզրակացություն եւ ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անձի քաղաքացիության վերաբերյալ հարցը լուծելու համար»:
Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած դրական եզրակացություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած բացասական եզրակացությունները, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում՝ անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում: Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ եւ ուղարկվում Հայաստանի Հանրապետության Ոստիկանություն:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
6. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում անձին քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ առանց սույն հոդվածի 1-5-րդ մասերի պահանջների պահպանման: Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող առաջարկությանը կցվում են անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ համաձայնությունը եւ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությունը, որը ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն հարցում կատարելու միջոցով:
7. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում ներկայացնելու դեպքում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացնելու պահից:
9. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ներկայացնելու կարգը» բառերը փոխարինել «ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները» բառերով:
Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն մուտքագրվելու օրից սկսած իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում՝ անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրվանից մեկ տարի հետո` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագիծը մշակվել է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու, անհապատասխանությունները վերացնելու, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքն ամբողջությամբ իրացնելու, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի /որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից/ պահանջները պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչեւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը եւ իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալը բացառելու, ինչպես նաեւ անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարությունը պարզեցնելու նպատակով:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Առաջարկվող նախագծով նախատեսվում են հետեւյալ հիմնական կարգավորումները՝
- նախագծի 1-ին հոդվածով Oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրական» բառն առաջարկվում է փոխարինել «նորմատիվ իրավական» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջները:
- նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն եւ դիմում են ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու եւ անձը հաստատող փաստաթղթով փաստաթղթավորվելու համար, ուստի նշված կատեգորիայի անձանց համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը սույն նախագծով երկարաձգվում է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը:
- Նախագծի 3-րդ հոդվածի՝
1) 1-ին կետով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է հետեւյալում. «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ներկայիս խմբագրությամբ 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա ունեցող անձին իրավունք է վերապահված ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց նույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հայերեն լեզվով բացատրվելու եւ օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջների պահպանման:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի վերը նշված հոդվածի համատեքստում՝ «երեխա» հասկացության մեկնաբանությունը ներկայումս հնարավորություն չի ընձեռում ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին օգտվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից, այսինքն, վերջիններս ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պետք է կարողանան բացատրվել հայերեն լեզվով եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվեն ՀՀ-ում: Նշված հանգամանքը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, մասնավորապես, ՀՀ քաղաքացի զավակներ ունեցող ծնողները, բնակվելով իրենց զավակների հետ Հայաստանի Հանրապետությունում, չեն կարողանում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն եւ ամբողջ ծավալով իրացնել իրենց իրավունքները, այն պարագայում, երբ ակնհայտ է իրավական-ընտանեկան կապը վերջիններիս միջեւ:
Ելնելով վերոգրյալից, սույն նախագծով առաջարկվում է 13-րդ հոդվածի 2-րդ մասում «երեխա» բառը փոխարինել «զավակ» բառով՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց համար եւս սահմանելով առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության եւ հայերենով բացատրվելու կարողության պահանջի պահպանման ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
2) 2-րդ կետով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանում են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված որոշ պետությունների:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ներկայումս առկա են 20.000-ից ավելի անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրեր, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված (ֆինանսական, անձնական եւ այլն) նշված անձինք չեն կարողանում ժամանել Հայաստանի Հանրապետություն՝ անձնագիրը ստանալու համար, մինչդեռ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնագիրը համարվում է ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ սույն նախագծով գործող օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասը լրացվում է նոր նախադասությամբ՝ որով նախատեսվում է անձանց իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում: Նշված հանգամանքով պայմանավորված գործող օրենքի 11-րդ մասը ճանաչվում է ուժը կորցրած:
- Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած են ճանաչվում գործող օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ դրանով նախատեսվող կարգավորումներն առաջարկվում է սահմանել այլ հոդվածներում՝ ավելի հստակեցնելով երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները:
- Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ գործող օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում սահմանում է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հիմք, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, եւ արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի: Մինչդեռ, օրենքով որեւէ կարգավորում նախատեսված չէ, թե ինչպես պետք է իրականացվի դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը, ուստի հիշյալ փոփոխությամբ հստակեցվում են նշված հարաբերությունները:
- Նախագծի 6-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիությունը փոխելու հետ կապված հարաբերությունները սահմանող 24-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով նոր իրավակարգավորումներ քաղաքացիությունը դադարեցնելու դիմում ներկայացնելու հետ կապված հարաբերություններում:
Առաջարկվող փոփոխության պարագայում քաղաքացին անձամբ կդիմի իրավասու մարմիններին՝ օրենքով նախատեսված պարտավորություններ չունենալու տեղեկանք ստանալու համար եւ պարտավորությունների առկայության դեպքում կկարողանա դրանք մարել՝ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:
Օրենքի 24-րդ հոդվածում առաջարկվում է նաեւ մեկ այլ փոփոխություն, մասնավորապես, օրենքով անձին իրավունք է վերապահված փոխել քաղաքացիությունը` եթե նա ունի այլ պետության քաղաքացիություն կամ մինչեւ Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը ներկայացնում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք)՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին: Օրենքի ներկայիս գործող խմբագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ դրանք քննարկվում են, կազմվում են ամփոփ եզրակացություններ եւ ՀՀ ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին: ՀՀ վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ քաղաքացիությունը դադարեցնելու համար պահանջվող հավաստումը ներկայացվում է օրենքով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալու վերջին օրերին, եւ մինչեւ այն սահմանված կարգով ՀՀ նախագահի աշխատակազմ ուղարկելը ՀՀ նախագահի կողմից արդեն իսկ ստորագրվում է հրամանագիրը՝ մերժելով անձի դիմումը՝ փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված: «Քաղաքացիության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս դեպքում անձը կարող է կրկին դիմել մերժման օրից մեկ տարի հետո միայն: Ներկայացված նախագծով նախատեսվում է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացնելու համար սահմանել դիմումը ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետ, որպեսզի մինչեւ գործը քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանն ուղարկելը ապահովվի փաստաթղթերի ամբողջականությունը եւ հիմնավորվածությունը:
Միաժամանակ, նախագծով սահմանվում է նաեւ հիշյալ ժամկետում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստում (տեղեկանք) չներկայացնելու դեպքում քաղաքացու դիմումը մերժելու հիմք: Այս դեպքում քաղաքացին կարող է կրկին դիմում ներկայացնել՝ առանց 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեկամյա ժամկետի սահմանափակման:
- Նախագծի 7-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման բնագավառում առաջարկվում են սկզբունքային նշանակություն ունեցող նոր կարգավորումներ, որոնց նպատակը կայանում է հետեւյալում.
- 7-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող լրացմամբ նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած դրական եզրակացություններն անմիջապես ներկայացնել ՀՀ Նախագահին, իսկ Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել բացառապես ՀՀ քաղաքացիությունը ստանալու կամ դադարեցնելու գործերով ՀՀ ոստիկանության կազմած բացասական եզրակացությունները.
- Նույն հոդվածով գործող օրենքի 27-րդ հոդվածում առաջարկվում է մեկ այլ սկզբունքային փոփոխություն եւս, որը միտված է ՀՀ-ում ապաքաղաքացիության կրճատմանը: Այսպես, պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները հաճախ դիմում են ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ ներկայացնելով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստումը (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության մասին, սակայն արդյունքում տարբեր պատճառներով ձեռք չեն բերում տվյալ պետության քաղաքացիությունը՝ փաստացի հայտնվելով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում: Առանց անձը հաստատող վավեր որեւէ փաստաթղթի այս անձինք հնարավորություն չեն ունենում իրացնել իրենց հիմնարար իրավունքները (սոցիալական, կրթական եւ այլն) եւ հարկադրված դիմում են ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն՝ քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվելու համար: Ավելին, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո ծնողները դիմում եւ դադարեցնում են նաեւ երեխաների քաղաքացիությունը, որոնք ձեռք չբերելով այլ պետության քաղաքացիություն նույնպես հայտնվում են քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անձի կողմից ներկայացված հավաստումը լինում է կեղծ, որը պարզվում է հետագայում՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ստորագրումից հետո, քանի որ քաղաքացիության դադարեցման գործի ընթացում Ոստիկանությունը չի կարող ստուգել ներկայացված փաստաթղթի իսկությունը:
Հիշյալ հանգամանքներով պայմանավորված վերջին տարիներին ՀՀ-ում կտրուկ աճել է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը /եթե 2013թ. քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվել է 38 անձ, ապա 2017թ-ին՝ 412, արդյունքում՝ ներկայումս ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը գերազանցում է 900-ը/, ինչի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը, որը հանդիսանում է նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով իրավասու մարմին, եւ առաջարկել է վերանայել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը՝ նախկին ՀՀ քաղաքացիների ապաքաղաքացի դառնալու հնարավորությունը կանխելու նպատակով:
Հարցի կանոնակարգման նպատակով սույն օրինագծով նախատեսվում է կարգավորել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, ըստ օրինագծի, այն դեպքում, երբ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է օտարերկրյա պետության կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ փաստաթղթի հիման վրա, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ իրավասու մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ՝ նրա այդ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ) լիազոր մարմին ներկայացնելու պահից: Ընդ որում, նշված ապացույցը ներկայացնելու պարտականություն կրելու է անձը:
- Նախագծով նախատեսվում է նաեւ կրճատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ վեցամսյա ժամկետի փոխարեն սահմանելով իննսուն աշխատանքային օր որպես խրախուսական նորմ՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Սույն օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր: Բացի այդ, ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում: Միաժամանակ, պատշաճ կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի /որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից/ պահանջները, կբացառվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչեւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը եւ իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալու հնարավորությունը, ինչպես նաեւ կկանոնակարգվեն անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարության ընթացքում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 23.11.2007 թվականի թիվ 1390-Ն որոշման մեջ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում