Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-013-24.08.2021-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի  64-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1.-ին մասով.

«1.1. Զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում»:»

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ՝ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության եւ վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: Նշված օրենսդրական կարգավորումից, ինչպես նաեւ զինվորական հոսպիտալներ կատարված այցերի արդյունքում պարզվել է, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում նախատեսված չէ, եւ զինծառայողների հետազոտությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով: Արդյունքում, զինծառայողների հետազոտությունները ձգձգվում են, որի հետեւանքով զինվորական հոսպիտալներում նրանց մնալը երկարացվում է: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդմամբ: Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ եւ սեղմ ժամկետներում: Խնդիրը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ զինվորական հոսպիտալները բավարար չափով հագեցված չեն համապատասխան գործիքային ախտորոշիչ սարքավորումներով (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա եւ այլն), կամ առկա սարքավորումների քանակը բավարար չէ զինծառայողների հետազոտությունները պատշաճ իրականացնելու համար (օրինակ՝ հոլտերմոնիտորներ): Ուստի, անհրաժեշտ է նշված հետազոտություններն իրականացնել քաղաքացիական բժշկական հաստատություններում:

 Հետեւաբար, վերոնշվածում ներկայացված խնդրի համակարգային կարգավորման համար զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքը անհրաժեշտ է ամրագրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի  մակարդակով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



 
«--»   օգոստոս 2021թ
ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
                          
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

1) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Թագուհի Թովմասյան).

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքի  լրացվող  հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ  օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝                                            ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ