Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-014-25.08.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «Կառավարության կողմից հաստատված կարգով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն բարձրագույն կրթություն ունեցող գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը

Համաձայն  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու եւ հստակեցնելու հետ, ինչը ներկայումս իրականացվում է  Կառավարության կողմից հաստատված մեկ միասնական կարգի համաձայն (ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշում), ինչպես նաեւ  Օրենքում հստակ ամրագրելու դրույթ այն մասին, որ  պետական ոչ առեւտրային կազմակերպություններին  անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության է տրամադրվում ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված  կարգով:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Պետական ոչ առեւտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) գործադիր մարմինը համարվում է ղեկավար պաշտոն, իսկ Օրենքով սահմանված միայն «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է գործադիր մարմնի պաշտոնի հավակնող անձանց շրջանակը, այն դեպքում, երբ օրինակ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների՝ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնելու  համար անհրաժեշտ է հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Վերոնշյալից հետեւում է, որ գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները, ըստ էության գտնում ենք համադրելի են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի հետ եւ այդ պաշտոնում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է վերացնել անհամապատասխանությունը Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի  եւ Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման միջեւ, ինչպես նաեւ ընդլայնել  գործադիր մարմնի պաշտոնում նշանակվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց եւս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը (նշանակմանը), ինչպես նաեւ ամրագրելու դրույթ այն մասին, որ  պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության է տրամադրվում ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված  կարգով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն