Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի «գ» կետը «մեկի» եւ «մյուս անձի» բառերից հետո լրացնել «որեւէ» բառով, նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝
«դ) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով:».
բ) երկրորդ մասը «փոխկապակցված,» բառից հետո լրացնել «եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ» բառերով.
գ) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
բ) օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
գ) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ.
դ) իրավաբանական անձի կամ նրա տարածքային ստորաբաժանման այնպիսի աշխատակից կամ այն կառուցվածքային ստորաբաժանման (այդ թվում՝ դեպարտամենտի, վարչության, բաժնի) աշխատակից, որը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ իրավաբանական անձի կանոնադրության կամ ներքին իրավական այլ ակտերի համաձայն կամ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որեւէ կերպ կապված է իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կամ աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որեւէ էական ազդեցություն ունի:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 9. Նշանակալից մասնակցությունը
1. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի:
2. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 եւ ավելի տոկոսը:
3. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
ա) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչեւ 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.
բ) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչեւ 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.
գ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս եւ ավելիմասնակցություն.
դ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ունի կամ չունի մասնակցություն եւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով՝
«4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի մասնակիցների ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան, իսկ կոոպերատիվ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի ռեեստրը՝ Կենտրոնական բանկը:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում
ա) առաջին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Բանկի կանոնադրական հիմնադրամի (կանոնադրական կապիտալի) չափն ամրագրվում է նրա կանոնադրությամբ:».
բ) երկրորդ մասի «փողով (ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի տեսակներով)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արժույթով» բառերով:
Հոդված 8 . Օրենքի 18-րդ հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որեւէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաեւ անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաեւ ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն), ինչպես նաեւ Կենտրոնական բանկի սահմանած ձեւով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող սույն մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններով սահմանված փաստաթղթերի եւ այլ փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը, ձեւը, դրանց ներկայացման կարգը եւ պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:».
բ) երկրորդ մասը «ը» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» եւ «ժ» կետերով՝
«թ) տվյալ գործարքի հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չի տալիս բացահայտելու կամ արդյունավետ կառավարելու բանկի ռիսկերը.
ժ) անձը չի ներկայացնում իր կողմից ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն):».
գ) վեցերորդ մասի երկրորդ «կամ» բառը փոխարինել «եւ (կամ)» բառակապակցությամբ, «20» թվից առաջ ավելացնել «10,» թիվը, «եւ 50 տոկոսը» բառերը փոխարինել «, 50 եւ 75 տոկոսը» բառերով:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 181 -րդ հոդվածով՝
«Հոդված 181 . Բանկի կանոնադրական հիմնադրամում այլ մասնակցություն ձեռք բերելը
1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են այլ մասնակցություն (ոչ նշանակալից) ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածի իմաստով բանկի կանոնադրական հիմնադրամում այլ (ոչ նշանակալից) մասնակցություն է հանդիսանում այն մասնակցությունը, որն անձը կամ փոխկապակցված անձինք ձեռք են բերում բանկի նշանակալից մասնակցից, որի արդյունքում բանկի նշանակալից մասնակցի մասնակցությունը բանկում նվազում է: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձի մասնակցության չափը բանկի կանոնադրական հիմնադրամում կնվազի համապատասխանաբար 75, 50, 25 կամ 10 տոկոսից: Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այլ մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:
Սույն մասով սահմանված նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը, ձեւը, դրանց ներկայացման կարգը եւ պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը քննարկում է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:
2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը՝ տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե առկա է սույն օրենքի 18 հոդվածի երկրորդ մասով նախատեսված կամ հետեւյալ հիմքերից մեկը՝
ա) կխախտվեն բանկի հիմնական տնտեսական նորմատիվները.
բ) Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ գործարքի հետեւանքով կարող են առաջ գալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, հեղինակության կամ գործարար համբավի վարկաբեկման միտումներ:
3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող նշանակալից մասնակցից մասնակցություն ձեռք բերելու դեպքերի վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում եւ չի գերազանցում բանկի կանոնադրական հիմնադրամի 20 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում սույն հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի «ե» կետից հանել «հայտարարված» բառը, իսկ «ը» կետը «տեղեկություններ» բառից առաջ լրացնել «բանկի հայեցողությամբ՝» բառերով:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 21. Բանկի կառավարման մարմինները
1. Բանկի կառավարման մարմիններն են՝
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը (այսուհետ նաեւ՝ ընդհանուր ժողով).
բ) բանկի խորհուրդը (այսուհետ նաեւ՝ խորհուրդ).
գ) բանկի գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը (այսուհետ՝ գործադիր տնօրեն), բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը կամ վարչությունը (այսուհետ՝ տնօրինություն):
2. Բանկի կառավարման մարմինների կազմավորման եւ գործունեության կարգը եւ իրավասությունների շրջանակը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Անկախ կազմակերպական-իրավական տեսակից՝ բանկերը պարտավոր են ունենալ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ եւ ներքին աուդիտի ստորաբաժանում:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 211 -2112 -րդ հոդվածներով՝
«Հոդված 211 . Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի իրավասությունները
1. Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:
2. Բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
ա) բանկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների եւ լրացումների կատարումը.
բ) բանկի վերակազմակերպումը.
գ) բանկի լուծարումը.
դ) ամփոփ, միջանկյալ եւ լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.
ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
զ) հայտարարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ծավալի առավելագույն չափի սահմանումը, ինչպես նաեւ բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացումը.
է) խորհրդի ներկայացմամբ բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
ը) բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթների եւ վնասների բաշխման հաստատումը: Տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը եւ տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.
թ) ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատումը.
ժ) հաշվիչ հանձնաժողովի ձեւավորումը.
ժա) բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը.
ժբ) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.
ժգ) դուստր եւ կախյալ ընկերություններին մասնակցությունը.
ժդ) առեւտրային կազմակերպությունների միությունների հիմնադրումը.
ժե) առեւտրային կազմակերպությունների միություններում մասնակցությունը.
ժզ) խորհրդի անդամների վարձատրության չափի սահմանումը.
ժէ) օրենքով նախատեսված դեպքերում բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.
ժը) հաստատված օրակարգի շրջանակում օրենքով նախատեսված այլ հարցեր:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը եւ չի կարող փոխանցվել բանկի խորհրդին, ինչպես նաեւ բանկի գործադիր տնօրենին, նրա տեղակալներին, բանկի տնօրինության անդամներին, բանկի գլխավոր հաշվապահին (այսուհետ նաեւ՝ գործադիր մարմնի անդամներ) կամ այլ անձի, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի «ժբ-ժզ» կետերում թվարկված հարցերի եւ բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացման հարցի, որոնցով որոշումների ընդունումը բանկի կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել խորհրդին:
Հոդված 212 . Ընդհանուր ժողովի գործունեության կազմակերպումը
1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են նաեւ ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ սույն օրենքի 211 հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» եւ «ը» կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Բանկի ընդհանուր ժողովի հեռակա նիստերը գումարվում են բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով նիստերի գումարման եւ անցկացման կարգի համաձայն: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:
2. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն՝
ա) բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատեր հանդիսացող մասնակիցները՝ իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաեւ անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բանկի մասնակիցների անվանումները եւ նրանց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը հիմնավորող փաստաթղթեր.
բ) բանկի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի քանակին եւ անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով՝ օրենքով եւ բանկի կանոնադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաեւ այդ բաժնետոմսերի անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բաժնետերերի անվանումները եւ նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող փաստաթղթեր.
գ) բանկի մասնակից չհանդիսացող խորհրդի եւ գործադիր մարմնի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
դ) բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները՝ որպես դիտորդ.
ե) բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում).
զ) Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ որպես դիտորդ.
է) կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք:
3. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ՝ բանկի մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, եւ ավելի ուշ, քան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ:
Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:
Բանկերն իրենց մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
4. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու համար բաժնետոմսերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամսով, ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:
5. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տվյալներ պարունակի բանկի յուրաքանչյուր մասնակցի անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի եւ բանկի կանոնադրական հիմնադրամում նրան պատկանող մասնակցության մասին: Բաժնետիրական բանկի՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում կանոնադրական հիմնադրամում բաժնետիրոջը պատկանող մասնակցության մասին տվյալները պետք է լինեն ըստ բաժնետոմսերի տեսակների եւ դասերի:
6. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով բանկի այն մասնակիցներին, որոնք գրանցված են բանկի մասնակիցների ռեեստրում:
Բանկի մասնակցի պահանջով բանկը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում նրա ընդգրկման մասին:
7. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բանկի մասնակիցների խախտված իրավունքները եւ օրինական շահերը վերականգնելու նպատակով:
Հոդված 213 . Բանկի խորհուրդը: Բանկի խորհրդի ձեւավորումը
1. Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ օրենքով խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում: Բանկի խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 եւ առավելագույնը 15 անդամից:
Խորհրդի անդամներն ընտրվում են բանկի տարեկան ընդհանուր ժողովում բանկի ներկա մասնակիցների կողմից, իսկ բանկի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ արտահերթ ընդհանուր ժողովում բանկի ներկա մասնակիցների կողմից՝ օրենքով եւ կանոնադրությամբ սահմանված կարգով:
Ընդհանուր ժողովին բանկի խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել բանկի մասնակիցները, ինչպես նաեւ խորհուրդը (բացառությամբ առաջին անգամ խորհրդի ձեւավորման դեպքի):
2. Բանկի այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 եւ ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց ներկայացուցչին:
3. Բանկի այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) մինչեւ 10 տոկոսին, կարող են միավորվել եւ բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 եւ ավելի տոկոսը համալրելու դեպքում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության ընդգրկել իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում:
Սույն մասի առաջին պարբերությամբ նշված ձեւով ներկայացուցչի ընդգրկումը խորհրդում հնարավոր է միայն բանկի մասնակիցների խմբի ստեղծման մասին համապատասխան պայմանագրի առկայության եւ այդ պայմանագրի վերաբերյալ ընդհանուր ժողովին տեղեկացնելու դեպքում:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նշված պայմանագիրը պետք է պարունակի հետեւյալ պայմաններն ու տեղեկությունները.
ա) բանկի միավորվող մասնակիցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ՝ նրանց պատկանող բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը.
բ) միավորվող մասնակիցների կողմից առաջարկվող խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 43 հոդվածի հինգերորդ մասով սահմանված տեղեկությունները.
գ) պայման այն մասին, որ պայմանագիրը կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով եւ մինչեւ այդ ժամկետի ավարտը փոփոխման կամ լուծման ենթակա չէ.
դ) միավորվող մասնակիցների հայեցողությամբ՝ այլ պայմաններ:
Պայմանագրի պատճենները տրամադրվում են ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկները բանկի կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
4. Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներն իրավունք ունեն իրենց շահերը ներկայացնող ներկայացուցչին ընդգրկելու բանկի խորհրդի կազմում:
Սույն մասի կիրառման առումով բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակից է համարվում տվյալ բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 տոկոսից պակասին տիրապետող այն մասնակիցը, որը չի կնքել սույն հոդվածի երրորդ մասում նշված պայմանագիրը: Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների միասնական ներկայացուցիչը պետք է առաջադրվի նրանց կողմից եւ ընդգրկվի խորհրդի կազմում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության:
Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը մասնակցում են միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա փոքր մասնակցություն ունեցող մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները, թեկուզեւ դրանց թիվը կազմի մեկ: Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը չեն մասնակցում սույն հոդվածի երրորդ մասում նշված պայմանագիրը կնքած բանկի մասնակիցները:
Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրության, առաջադրման եւ բանկի խորհրդում ընդգրկման կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Ընդ որում, բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների առաջադրած ներկայացուցչի մասին՝ օրենքով պահանջվող տեղեկատվությունը խորհրդի կողմից ներկայացվում է ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկները բանկի կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
Հոդված 214 . Խորհրդի անդամները
1. Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն: Խորհրդի անդամները եւ տվյալ բանկի գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք:
2. Խորհրդի անդամները վարձատրվում են:
Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է ընդհանուր ժողովի կողմից եւ չի կարող մեկ տարուց պակաս լինել:
Հոդված 215 . Բանկի խորհրդի նախագահը
Բանկի խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կողմից խորհրդի անդամների կազմից:
Բանկի խորհրդի նախագահը՝
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) գումարում եւ նախագահում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
դ) նախագահում է բանկի ընդհանուր ժողովում.
ե) կազմակերպում է խորհրդին կից հանձնաժողովների աշխատանքը:
Հոդված 216 . Բանկի խորհրդի իրավասությունները
1. Բանկի խորհրդի իրավասություններն են՝
ա) բանկի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ՝ բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հաստատումը.
բ) ընդհանուր ժողովի տարեկան եւ արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաեւ դրանց գումարման եւ անցկացման կազմակերպման հետ կապված՝ նախապատրաստական աշխատանքների իրականացման ապահովումը.
գ) բանկի գործադիր մարմնի անդամների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եւ վարձատրության պայմանների հաստատումը.
դ) բանկում ներքին հսկողության ստանդարտների սահմանումը, բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման ձեւավորումը, նրա տարեկան աշխատանքային ծրագրի հաստատումը, ներքին աուդիտի աշխատակիցների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եւ վարձատրության պայմանների հաստատումը.
ե) բանկի տարեկան ծախսերի նախահաշվի ու կատարողականի հաստատումը.
զ) բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքի եւ աշխատատեղերի հաստատումը.
է) բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացումը, եթե կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ նրան տրված է այդպիսի լիազորություն.
ը) շահութաբաժինների վճարման վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկությունների ներկայացումը, այդ թվում՝ շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակի կազմումը, որում պետք է ընդգրկվեն բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ բանկի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ.
թ) բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների նախնական հաստատումը եւ ընդհանուր ժողովին ներկայացումը.
ժ) ընդհանուր ժողովի հաստատմանը բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի ներկայացումը.
ժա) բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի սահմանումը.
ժբ) բանկում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում անհրաժեշտության դեպքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու դրանց իրականացման վերահսկումը.
ժգ) բանկի կողմից սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերի ընդունումը.
ժդ) բանկի տարածքային եւ ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատումը, բանկի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ գործառութային պարտականությունների բաշխումը.
ժե) սույն օրենքի 211 հոդվածի երկրորդ մասի «բ», «ժբ-ժզ» կետերով նախատեսված հարցերի ներկայացումն ընդհանուր ժողովի քննարկմանը.
ժզ) բանկի պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունումը.
ժէ) բանկի պահուստային եւ այլ հիմնադրամների օգտագործումը.
ժը) բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների եւ հիմնարկների ստեղծումը.
ժթ) բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության՝ հաշվապահական հաշվառում վարելու եւ ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձեւերի եւ կարգերի սահմանումը.
ի) օրենքով նախատեսված այլ որոշումների ընդունումը:
2. Սույն հոդվածի առաջին մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է բանկի խորհրդի բացառիկ իրավասությանը եւ չի կարող փոխանցվել բանկի կառավարման այլ մարմինների կամ այլ անձանց, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
Խորհրդի հաստատած բանկի տարեկան ծախսերի նախահաշվի շրջանակներում սույն հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված բանկի աշխատատեղերի հաստատման իրավասությունը բանկի կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել բանկի գործադիր տնօրենին (տնօրինությանը):
3. Առնվազն տարին մեկ անգամ բանկի խորհուրդն իր նիստում պետք է քննարկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը), ինչպես նաեւ քննարկի եւ անհրաժեշտության դեպքում վերանայի բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարությունը, կարգերն ու ներքին իրավական այլ ակտերը:
Առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհուրդը պետք է քննարկի բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման, գործադիր տնօրենի (տնօրինության) եւ գլխավոր հաշվապահի հաշվետվությունները՝ իր սահմանած կարգով եւ ձեւով:
Հոդված 217 . Խորհրդի նիստերը
1. Բանկի խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն երկու ամիսը մեկ: Բանկի խորհրդի նիստերի գումարման եւ անցկացման կարգը սահմանվում է բանկի կանոնադրությամբ:
Բանկի խորհրդի նիստերը գումարում է բանկի խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամի, բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի, Կենտրոնական բանկի խորհրդի, ինչպես նաեւ բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 5 կամ ավելի տոկոս ունեցող մասնակցի (մասնակիցների) գրավոր պահանջով:
2. Բանկի խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով՝ բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով նիստերի գումարման եւ անցկացման կարգի համաձայն: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիսի նիստում, որի ժամանակ խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:Սույն օրենքի 216 հոդվածի առաջին մասի «գ», «դ», «ժ» եւ «ժդ» կետերում նշված, ինչպես նաեւ բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հաստատումը, բանկի խորհրդի նախագահի ընտրության հարցերը չեն կարող լուծվել բանկի խորհրդի հեռակա նիստերի ժամանակ:
3. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է բանկի կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի եւ քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում՝ խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Խորհրդի նիստերի բոլոր հարցերի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն բանկի գործադիր տնօրենի պարտադիր մասնակցությամբ, բացառությամբ բանկի գործադիր տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաեւ նրա վարձատրության պայմանների հաստատման հարցերի: Բանկի գործադիր տնօրենը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են`
ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.
բ) նիստին մասնակցած անձինք.
գ) նիստի օրակարգը.
դ) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած յուրաքանչյուր խորհրդի անդամի.
ե) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների եւ խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
զ) նիստում ընդունված որոշումները:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք եւ պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության եւ հավաստիության համար:
Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, որն ստորագրում է նիստի որոշումները: Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
Հոդված 218 . Բանկի խորհրդին կից հանձնաժողովները
Բանկի խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ: Բանկի խորհրդին կից հանձնաժողովներում կարող են ընդգրկվել բանկի խորհրդի անդամները եւ բանկի այլ ղեկավարներ կամ աշխատակիցներ: Բանկի խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:
Հոդված 219 . Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը
1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն կամ եթե՝
ա) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով նրան արգելվում է լինել բանկի խորհրդի անդամ (բանկի ղեկավար).
գ) մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիստերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ՝ հարգելի եւ անհարգելի բացակայությունները) նիստերի առնվազն կեսից: Սույն կետի իմաստով իրական ժամանակի ռեժիմով եւ բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա մասնակցությունը համարվում է լիարժեք մասնակցություն.
դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել է կամ զրկվել է որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաեւ լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը բանկի կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Բանկն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը:
Հոդված 2110 . Բանկի գործադիր տնօրենը, բանկի տնօրինությունը
1. Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է բանկի գործադիր տնօրենը եւ բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը: Գործադիր տնօրենը կարող է ունենալ տեղակալներ: Բանկի գործադիր տնօրենը (տնօրինության անդամները) նշանակվում է (են) խորհրդի կողմից, գործադիր տնօրենի տեղակալները՝ խորհրդի կողմից՝ գործադիր տնօրենի ներկայացմամբ: Բանկի տնօրինության կառուցվածքը սահմանվում է բանկի կանոնադրությամբ:
Եթե կանոնադրությամբ նախատեսված է տնօրինություն ունենալ, ապա կանոնադրությամբ պետք է հստակ սահմանազատվեն գործադիր տնօրենի եւ տնօրինության իրավասությունները:
2. Տնօրինությունը գործում է կանոնադրության, ինչպես նաեւ խորհրդի կողմից հաստատված բանկի ներքին փաստաթղթերի (կանոնակարգերի, աշխատակարգերի եւ այլ փաստաթղթերի) հիման վրա, որոնք սահմանում են տնօրինության նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաեւ նրա կողմից որոշումների ընդունման կարգը:
Տնօրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են բանկի գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը:
Տնօրինության նիստերն արձանագրվում են: Տնօրինության նիստերի արձանագրությունները ներկայացվում են խորհրդին, ներքին աուդիտին, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին՝ նրանց պահանջով: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են`
ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.
բ) նիստին մասնակցած անձինք.
գ) նիստի օրակարգը.
դ) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած տնօրինության յուրաքանչյուր անդամի.
ե) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ տնօրինության անդամների եւ տնօրինության նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
զ) նիստում ընդունված որոշումները:
Տնօրինության նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք եւ պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
Տնօրինության նիստերը կազմակերպում եւ վարում է գործադիր տնօրենը, որն ստորագրում է նիստի որոշումները: Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
3. Բանկի գործադիր տնօրենը, որպես իր բացառիկ իրավասություն, ներկայացնում է բանկը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում, բանկի անունից կնքում է գործարքներ, գործում է բանկի անունից առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր:
Բանկի գործադիր տնօրենը կամ տնօրինությունը՝
ա) խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, բանկի վարչակազմակերպական կառուցվածքը.
բ) տնօրինում է բանկի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.
գ) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում բանկի աշխատակիցներին.
դ) բանկի աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ.
ե) ապահովում է ընդհանուր ժողովի եւ բանկի խորհրդի որոշումների կատարումը.
զ) իրականացնում է բանկի կանոնադրությամբ, ինչպես նաեւ խորհրդի կողմից սահմանված իրավական ակտերի շրջանակներում նախատեսված՝ բանկի ընթացիկ գործունեության ղեկավարման հետ կապված այլ իրավասություններ:
Այն հարցերը, որոնք օրենքով կամ կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընդհանուր ժողովի, խորհրդի կամ ներքին աուդիտի ստորաբաժանման իրավասությանը պատկանող, պատկանում են գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը:
Բանկի գործադիր տնօրենը (տնօրինությունը) խորհրդին պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` խորհրդի սահմանած կարգով:
Բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը ենթակա հարցերով որոշումների ընդունումը չի կարող փոխանցվել բանկի կառավարման այլ մարմինների, բանկի ներքին աուդիտին, բանկի գլխավոր հաշվապահին կամ այլ անձի, բացառությամբ եթե բանկի գործադիր տնօրենի լիազորությունների իրականացումը պատշաճ կերպով ժամանակավորապես փոխանցվել է նրան փոխարինող անձին: Գործադիր տնօրենի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապես կարող են փոխանցվել նրան փոխարինող անձին, եթե վերջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած որակավորման եւ մասնագիտական համապատասխանության չափանիշներին:
4. Խորհրդի կողմից գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն, կամ եթե՝
ա) նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով նրան արգելվում է լինել բանկի գործադիր տնօրեն (բանկի ղեկավար).
գ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել է կամ զրկվել է որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
5. Գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաեւ լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը բանկի կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Բանկն իրավունք ունի գործադիր տնօրենի պաշտոնից ազատված անձից հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով գործադիր տնօրենի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը:
Հոդված 2111 . Բանկի գլխավոր հաշվապահը
Բանկի գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (տեքստում՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները եւ պարտականությունները:
Բանկի գլխավոր հաշվապահը նշանակվում է բանկի խորհրդի կողմից՝ բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) ներկայացմամբ:
Բանկի գլխավոր հաշվապահի իրավունքները եւ պարտականությունները չեն կարող փոխանցվել ընդհանուր ժողովին, խորհրդին, գործադիր մարմնի անդամներին, ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ այլ անձի:
Բանկի գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհրդին եւ գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ խորհրդի հաստատած ձեւով եւ բովանդակությամբ:
Բանկի գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում բանկի հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի եւ հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվություններն օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաեւ բանկի մասնակիցներին, պարտատերերին եւ մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին բանկի մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին եւ բանկի կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 2112 . Ներքին աուդիտի ստորաբաժանումը
1. Ներքին աուդիտի ստորաբաժանման (այսուհետ՝ ներքին աուդիտ) ղեկավարը եւ անդամները նշանակվում են բանկի խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաեւ գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:
Ներքին աուդիտի ղեկավարը եւ անդամները պարտավոր են պահպանել բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատանքային կարգապահությունը:
2. Բանկի ներքին աուդիտը բանկի խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝
ա) հսկողություն է իրականացնում բանկի ընթացիկ գործունեության եւ գործառնական ռիսկերի նկատմամբ.
բ) հսկողություն է իրականացնում բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օրենքների, այլ իրավական ակտերի եւ բանկի ներքին ակտերի, գործադիր տնօրենին (տնօրինությանը) տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.
գ) եզրակացություններ եւ առաջարկություններ է տալիս բանկի խորհրդի ներկայացրած, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:
Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել բանկի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:
3. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին եւ գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում հետեւյալ հաշվետվությունները՝
ա) հերթական՝ տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին.
բ) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ, ընդ որում, եթե խախտումները հետեւանք են գործադիր տնօրենի (տնօրինության) կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին:
Սույն մասով նախատեսված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել բանկի խորհրդին՝ միաժամանակ առաջարկելով այդ խախտումների վերացման եւ ապագայում չկրկնման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներ:
4. Բանկերում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:»:
Հոդված 13 . Օրենքի 22-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը եւ խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ինչպես նաեւ բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որեւէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որեւէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:».
բ) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ եւ մասնագիտական համապատասխանության չափանիշներ:».
գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ մաս՝
«4. Բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաեւ այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը եւ այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապակցված անձինք:
Բանկի գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միաժամանակ լինել այլ բանկի գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, տնօրինության անդամ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կամ անդամներ:
Բանկի գործադիր մարմնի անդամները բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքներից, կարող են կատարել վճարովի այլ աշխատանք միայն բանկի խորհրդի համաձայնությամբ:»:
Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 » եւ «գ2 » կետերով՝
«գ1 ) ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած ձեւով, ցանկով, կարգով եւ պայմաններով Կենտրոնական բանկի սահմանած տվյալները, այդ թվում` տվյալ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որեւէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պարտավոր են ներկայացնել նաեւ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը.
գ2 ) Կենտրոնական բանկի սահմանած ձեւով, ցանկով, կարգով եւ պայմաններով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկությունները նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:»:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասում՝
ա) «գ» կետի «են» օժանդակ բայը փոխարինել «չեն» օժանդակ բայով.
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետ՝
«դ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի, կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:»:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1 » եւ «ե2 » կետերով՝
«ե1 ) Կենտրոնական բանկի սահմանած ձեւով ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած տվյալները, այդ թվում` տվյալ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որեւէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պարտավոր են ներկայացնել նաեւ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը.
ե2 ) Կենտրոնական բանկի սահմանած ձեւով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:».
բ) երրորդ մասը լրացնել «, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը» բառերով:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի «ա» կետի «մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի» բառերը փոխարինել «խորհրդի» բառով.
բ) չորրորդ մասի երկրորդ նախադասությունը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ համաձայնություն տալու» բառերով, իսկ երրորդ նախադասության «նախնական հավանությունը» բառերը փոխարինել «գրանցումը կամ համաձայնությունը» բառերով:
Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 36. Շահութաբաժինների բաշխումը, բանկի կանոնադրական հիմնադրամի նվազեցումը
1. Բանկն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով եւ կանոնադրությամբ:
2. Միջանկյալ (եռամսյակային եւ կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի եւ դրա վճարման ձեւի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի եւ դրա վճարման ձեւի մասին որոշումն ընդունում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի եւ տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:
Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունելու շահութաբաժիններ չվճարելու, իսկ բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, նաեւ շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին:
3. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի՝ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է խորհրդի՝ միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 օր հետո:
Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`
ա) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
բ) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ բանկի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
4. Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
5. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում՝ դրա հաշվին շահութաբաժիններ բաշխելու կամ այլ ձեւերով արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասում սահմանված դեպքերի:
6. Բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերը (մասնակիցները) իրավունք ունեն բանկից պահանջելու մասնակցության հետգնման գնի որոշում եւ իրենց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) կամ դրանց մի մասի հետգնում, եթե՝
ա) որոշում է ընդունվել բանկի վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին, եւ տվյալ մասնակիցները քվեարկել են բանկի վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետեւանքով սահմանափակվել են նշված մասնակիցների իրավունքները, եւ նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:
Բանկից իրենց մասնակցության հետգնման պահանջի իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվում է բանկի մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա, այն ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը հանգեցրել է մասնակիցների իրավունքների՝ սույն մասի առաջին պարբերությամբ նշված սահմանափակմանը:
Բանկի կողմից մասնակցության հետգնումը կատարվում է դրա շուկայական արժեքով, որը որոշվում է առանց մասնակցության գնահատման եւ հետգնման պահանջի իրավունք տվող բանկի գործողությունների հետեւանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու:
Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազեցում թույլատրվում է նաեւ «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում:
7. Մասնակցության հետգնման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել այդ համաձայնություն տալը, եթե՝
ա) մասնակցության հետգնման դեպքում բանկն ի վիճակի չի լինի լրիվ բավարարելու իր պարտատերերի պահանջները.
բ) կխախտի հիմնական տնտեսական նորմատիվները.
գ) մասնակցության հետգնումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը:
8. Բանկի կողմից իր բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը) հետ գնելու դեպքում կանոնադրական հիմնադրամի նվազեցման կամ տվյալ բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) իրացման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 2/3-ից:»:
Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 36-րդ հոդվածի վեցերորդ մասին համապատասխան՝ բանկի կողմից իր բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը) ձեռք բերելու դեպքերի, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 20 . Օրենքի 39-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում՝ գործարք կնքելու հնարավորություն, գին, տոկոսներ, ժամկետ եւ այլն) նախատեսել, քան բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ գործարքները կնքվում են բանկի կողմից համապատասխան գործարքների կնքման համար նախատեսված ներքին ընթացակարգերի պահպանմամբ: Ընդ որում, բանկի եւ նրա հետ կապված անձի միջեւ սույն օրենքի 34 հոդվածի առաջին մասով (բացառությամբ այդ մասի «դ», «ե», «ժ» եւ «ժբ» կետերի) սահմանված գործարքների կնքումը, բանկի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատվում է բանկի խորհրդի կողմից:
Բանկի հետ կապված անձանց հետ սույն մասի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են:».
բ) երկրորդ մասի «գ» կետում ««ա» եւ «բ»» թվարկումը փոխարինել ««ա» եւ (կամ) «բ»» բառերով:
Հոդված 21. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 391 -397 -րդ հոդվածներով՝
«Հոդված 391 . Բանկի գույքի ձեռքբերման եւ օտարման հետ կապված խոշոր գործարքները
1. Խոշոր են համարվում`
ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ բանկի բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են բանկի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի ձեռքբերման հնարավորության կամ գույքի օտարման հնարավորության հետ, եւ որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 եւ ավելի տոկոսը.
բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում բանկի հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը կազմում է բանկի կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 եւ ավելի տոկոսը:
2. Խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 397 հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 392 . Բանկի գույքի ձեռքբերման եւ օտարման հետ կապված խոշոր գործարքների կնքումը
1. Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը, եւ որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն:
Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու՝ հարցն ընդհանուր ժողովում քննարկելու մասին:
2. Սույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում, ինչպես նաեւ եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի (մասնակիցների) ձայների 3/4-ով:
3. Սույն հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության:
Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե բանկի հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջները բանկի կողմից չպահպանելու մասին:
Հոդված 393 . Բանկի գործարքներում շահագրգիռ անձինք
Բանկի գործարքներում շահագրգիռ անձինք են համարվում խորհրդի անդամը, բանկի կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող անձը կամ բանկի մասնակիցը, որն իր հետ փոխկապակցված անձանց հետ միասին տիրապետում է բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 եւ ավելի տոկոսին, եթե այդ անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք`
ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ մասնակցում են գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.
բ) տիրապետում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 եւ ավելի տոկոսին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի կառավարման մարմիններում:
Հոդված 394 . Բանկի գործարքներում շահագրգռվածության մասին տեղեկությունները
Սույն օրենքի 393 հոդվածում նշված անձինք պարտավոր են տեղեկություններ տրամադրել խորհրդին, ներքին աուդիտին եւ արտաքին աուդիտն իրականացնող անձին`
ա) այն իրավաբանական անձանց մասին, որոնցում նրանք ինքնուրույն կամ նրանց հետ փոխկապակցված անձի (անձանց) հետ համատեղ տիրապետում են քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 եւ ավելի տոկոսին.
բ) այն իրավաբանական անձանց մասին, որոնց կառավարման մարմիններում նրանք պաշտոններ են զբաղեցնում.
գ) կնքված կամ կնքման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ:
Հոդված 395 . Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման կարգը
1. Բանկի որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը՝ գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Խորհուրդը շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու համար պետք է գա այն եզրակացության, որ`
- գործարքը կնքելու հետեւանքով բանկի կողմից ստացված վճարը պակաս չէ գործարքի արդյունքում բանկի կողմից գործարքի մյուս կողմին փոխանցվող գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի՝ սույն օրենքի 397 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքից, կամ՝
- գործարքը կնքելու հետեւանքով բանկի ձեռք բերած գույքի, ստացված ծառայության կամ բանկի համար կատարված աշխատանքի դիմաց վճարը չի գերազանցում նշված գույքի, ծառայության կամ աշխատանքի՝ սույն օրենքի 397 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը:
3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատեր հանդիսացող եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող մասնակիցների ձայների մեծամասնությամբ, եթե գործարքը եւ (կամ) փոխկապակցված գործարքները կնքվում են բանկի քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող բանկի այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, որոնց քանակն ավելի է բանկի՝ արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:
4. Գործարքի կնքումը, որում առկա է շահագրգռվածությունը, եւ որը բավարարում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված պահանջները, կարող է կնքվել առանց ընդհանուր ժողովի որոշման, եթե`
ա) գործարքը բանկին շահագրգիռ անձի կողմից տրամադրվող փոխառություն է.
բ) գործարքը բանկի եւ մյուս կողմի միջեւ արդյունք է բնականոն տնտեսական գործունեության, որը կնքվել է մինչեւ սույն օրենքի 393 հոդվածի դրույթներին համապատասխան շահագրգռվածության ճանաչումը (որոշում չի պահանջվում մինչեւ հաջորդ ընդհանուր ժողովի գումարման օրը):
Եթե ընդհանուր ժողովի անցկացման օրվա դրությամբ անհնար է կանխատեսել բանկի եւ գործարքի մյուս կողմի բնականոն տնտեսական գործունեության ընթացքում շահագրգռվածության հնարավորությունը, ապա սույն հոդվածի երրորդ մասի պահանջները համարվում են կատարված, եթե ընդհանուր ժողովը որոշում կընդունի բանկի եւ մյուս կողմի միջեւ պայմանագրային հարաբերությունների հաստատման մասին, որով կսահմանվի կնքվող գործարքների բնույթը եւ գործարքների առավելագույն արժեքը:
5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ընդհանուր ժողովը՝ գործարքում շահագրգռվածություն չունեցող մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
6. Եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, միեւնույն ժամանակ բանկի գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, ապա դրա կնքումն իրականացվում է՝ հաշվի առնելով նաեւ սույն օրենքի 391 եւ 392 հոդվածների դրույթները:
Հոդված 396 . Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման վերաբերյալ պահանջների չկատարման հետեւանքները
1. Գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը եւ կնքվել է սույն օրենքի 395 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե բանկի հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր եւ չէր կարող իմանալ նշված պահանջները բանկի կողմից չպահպանելու մասին:
2. Շահագրգիռ ճանաչված անձը բանկի առջեւ պատասխանատվություն է կրում բանկին պատճառված վնասների չափով: Եթե պատասխանատվության ենթակա է մի քանի անձ, ապա նրանք բանկի առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն:
Անձն ազատվում է սույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ գործարքի կնքմամբ բանկը կկրի վնասներ:
3. Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման վերաբերյալ սույն օրենքի 393 -ից 396 հոդվածների պահանջները չեն կիրառվում, եթե՝
ա) բոլոր բաժնետերերի կողմից իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը.
բ) իրականացվում է բաժնետոմսերի փոխարկվող այլ արժեթղթերի փոխարկումը.
գ) կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկի կողմից ձեռք բերելու դեպքում, եթե տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) բոլոր սեփականատերերն ունեն հավասար իրավունք՝ համամասնորեն վաճառելու իրենց պատկանող տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը):
4. Սույն հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության:
Հոդված 397 . Բանկի գույքի շուկայական արժեքի որոշման կարգը
1. Գույքի շուկայական արժեք է համարվում (ներառյալ՝ բանկի բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի արժեքը) այն գինը, որով գույքի արժեքի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունեցող եւ այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող եւ այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:
2. Գույքի շուկայական արժեքը որոշվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից:
Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար պահանջվում է սահմանել գույքի շուկայական արժեք, շահագրգիռ անձ է հանդիսանում խորհրդի անդամը, ապա գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում:
3. Գույքի շուկայական արժեքի որոշման համար՝ անկախ գնահատողի ծառայություններից բանկը կարող է օգտվել խորհրդի որոշմամբ:
4. Անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի որոշումը պարտադիր է սույն օրենքի 36 հոդվածի վեցերորդ մասով սահմանված՝ բանկի մասնակիցների՝ բանկի կանոնադրական հիմնադրամում ունեցած մասնակցության հետգնման դեպքերում:
5. Բանկի բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաեւ առաջարկի եւ պահանջարկի գներին վերաբերող եւ համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:
Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը, ինչպես նաեւ այն գինը, որը բանկի բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի համար համաձայն է վճարել բանկի գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաեւ այլ գործոններ, որոնք բանկի գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարեւոր:
Սույն մասով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է՝ բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը հիմք ընդունելով:»:
Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 43. Տեղեկությունները եւ դրանց հրապարակումը
1. Բանկերը պարտավոր են ինտերնետում` բանկի տնային էջում, մշտապես հրապարակել՝
ա) բանկի ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան եւ վերջին եռամսյակային) եւ հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը: Ընդ որում, բանկերը պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաեւ մամուլում սույն օրենքի 59 հոդվածով սահմանված ժամկետում, ինչպես նաեւ հրապարակել դրանք առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձեւով (բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում եւ ներկայացուցչություններում).
բ) օրենքով սահմանված ժամկետում՝ տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը: Ընդ որում, բանկերը պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաեւ մամուլում.
գ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաեւ բանկի շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները՝ առկայության դեպքում.
դ) բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի եւ այլ փոխառությունների (այդ թվում՝ նաեւ մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը եւ ժամկետը.
ե) բանկի խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը եւ անձնական տվյալները՝ նրանց անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը, բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի եւ գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգեւատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի եւ այլ փոխառությունների (այդ թվում՝ նաեւ մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը եւ ժամկետը:
Սույն մասի «ա-ե» կետերում նշված տեղեկություններից բացի, Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից ինտերնետում՝ բանկի տնային էջում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած հաճախականությամբ եւ կարգով հրապարակել նաեւ այլ տեղեկություններ, բացառությամբ առեւտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների:
Բանկերը պարտավոր են հրապարակել սույն մասի «ա-զ» կետերում նշված տեղեկությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները` դրանք տեղի ունենալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկերը պարտավոր են ինտերնետում՝ բանկի տնային էջում, եւ առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձեւով (բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում եւ ներկայացուցչություններում) հրապարակել օրական կտրվածքով թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպես նաեւ մատուցվող բոլոր այլ ծառայությունների եւ հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարեր, ժամկետայնություն եւ էական այլ պայմաններ:
2. Բանկը պարտավոր է նաեւ ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել՝
ա) բանկի պետական գրանցման վկայականի եւ բանկի կանոնադրության պատճենները.
բ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` բանկի բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը.
գ) բանկի թողարկած պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ տեղեկություններ՝ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով եւ կարգով.
դ) սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերի պատճենները:
Սույն մասում նշված տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաստման եւ (կամ) փոստային առաքման համար արված փաստացի ծախսերից:
Բանկը պարտավոր է իր գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում եւ ներկայացուցչություններում` տեսանելի վայրում, փակցնել հայտարարություն՝ սույն մասում նշված տեղեկությունների ստացման հնարավորության եւ այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի եւ ժամանակի մասին:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում նշված տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգ:
4. Բանկի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի անվճար ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության եւ արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին եւ ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակցի (մասնակիցների) պահանջով բանկը նրան պետք է անվճար տրամադրի հետեւյալ տեղեկությունները (թեկուզեւ դրանք կազմեն բանկային, առեւտրային կամ այլ գաղտնիք)՝
ա) բանկի խորհրդի, գործադիր տնօրենի եւ գլխավոր հաշվապահի վերաբերյալ սույն հոդվածի հինգերորդ մասում նշված տեղեկությունները.
բ) բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի եւ գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգեւատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի եւ այլ փոխառությունների (այդ թվում՝ նաեւ մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը եւ ժամկետը, բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի եւ այլ փոխառությունների (այդ թվում՝ նաեւ մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը եւ ժամկետը.
գ) բանկի եւ նրա հետ կապված անձանց միջեւ կնքված խոշոր գործարքների, ինչպես նաեւ այն գործարքների մասին, որոնք կնքվել են այդ տեղեկությունները ստանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում եւ կապված են բանկի կողմից սույն օրենքի 34 հոդվածի առաջին մասի «ա-գ», «թ», «ժ» եւ «ժա» կետերով սահմանված գործառնություններից որեւէ մեկի իրականացման հետ.
դ) բանկի կողմից բանկի հետ կապված անձի նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին.
ե) բանկի` միանման քաղաքականություն իրականացնող մասնակիցների խմբերի ստեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մասին, ինչպես նաեւ բանկի՝ այդ պայմանագրերի կողմ հանդիսացող մասնակիցների անունները (անվանումները).
զ) բանկի հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ բանկի գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի, ընդհանուր ժողովի եւ կառավարման այլ մարմինների հաստատած բանկի ներքին ակտերի, բանկի առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների կանոնադրությունների, բանկի կողմից պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի, խորհրդի, տնօրինության նիստերի արձանագրությունների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերստուգումների եզրակացությունների պատճենները, Կենտրոնական բանկի կողմից բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումների պատճենները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից խորհրդին եւ գործադիր տնօրենին (տնօրինությանը) ներկայացված հաշվետվությունների պատճենները.
է) այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական կապիտալում բանկի ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20% եւ ավելի մասնակցություն կամ հնարավորություն՝ ներազդելու նրանց որոշումների վրա:
Բանկի բոլոր մասնակիցներին պետք է տրամադրվեն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները:
Սույն հոդվածի համաձայն՝ բանկի մասնակցի ստացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպես նաեւ դրանք չեն կարող օգտագործվել բանկի գործարար համբավը արատավորելու, բանկի մասնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու օրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
5. Բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի վերաբերյալ, ինչպես նաեւ խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ բանկի մասնակիցներին բացահայտվող տեղեկատվությունը պետք է ներառի նաեւ՝
ա) նրանց ազգանունը, անունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
բ) մասնագիտությունը եւ կրթությունը.
գ) վերջին 10 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները.
դ) տվյալ պաշտոնում (ընտրվելու) նշանակվելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ պաշտոնից ազատվելու տարին, ամիսը, ամսաթիվը.
ե) տվյալ պաշտոնում վերընտրվելու քանակը.
զ) բանկի մասնակից հանդիսացող խորհրդի անդամին, գործադիր տնօրենին, գլխավոր հաշվապահին կամ խորհրդի անդամի թեկնածուին եւ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող` բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը.
է) տեղեկություններ այն իրավաբանական անձանց մասին, որոնցում տվյալ անձը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ.
ը) փոխհարաբերությունների բնույթը տվյալ բանկի եւ բանկի հետ կապված անձանց հետ.
թ) բանկի կանոնադրությամբ նախատեսված այլ տվյալներ:
6. Բանկերն իրավունք չունեն իրենց գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որեւէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ բանկի վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
7. Բանկի կողմից, սույն հոդվածի համաձայն, հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական եւ արժանահավատ:»:
Հոդված 23. Օրենքի 55-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի «եւ եռամսյակային ֆինանսական» բառերը փոխարինել «, եռամսյակային ֆինանսական եւ այլ» բառերով.
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ մասեր՝
«3. Յուրաքանչյուր բանկ Կենտրոնական բանկի սահմանած ձեւով, դեպքերում, կարգով եւ ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել`
ա) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ իրավաբանական անձանց ղեկավարների եւ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
բ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների եւ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
գ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որեւէ նոր անձ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերել: Եթե այլ անձ բանկում ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, ապա բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու նպատակով այդ անձի՝ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկ ներկայացնել բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը, ինչպես նաեւ այն իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
Սույն մասով սահմանված հաշվետվությունները եւ տեղեկությունները բանկ ներկայացնելու պարտականությունը կրում են բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք:
4. Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները եւ այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական եւ արժանահավատ:»:
Հոդված 24. Օրենքի 57-րդ հոդվածում՝
ա) չորրորդ մասը «ստեղծված» բառից հետ լրացնել «դուստր բանկի կամ» բառերով, իսկ «իր երկրում» բառերից հետո՝ «դուստր բանկ կամ» բառերով.
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ մաս.
«6. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե բանկի կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի կողմից չեն իրականացվում սույն օրենքի 55 հոդվածի երրորդ մասի պահանջները, ինչպես նաեւ եթե բանկի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել բանկի հետ կապված անձանց (իսկ բանկի հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ բանկի ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի՝
ա) առաջարկելու բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձին, որպեսզի նա Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում օտարի բանկում իր ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել բանկի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է բանկի ֆինանսական վիճակին.
բ) բանկի նկատմամբ կիրառելու սույն օրենքի 61 հոդվածով սահմանված պատժամիջոցներից մեկը:
Սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից մինչեւ չվերանան սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկության համար հիմք հանդիսացած փաստերը:
Եթե սույն օրենքի 55 հոդվածի երրորդ մասի «գ» կետին համապատասխան՝ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի ստացել Կենտրոնական բանկի համաձայնությունը, ապա բանկի այն նշանակալից մասնակցություն ունեցող անձը, որի միջոցով տվյալ անձը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, պարտավոր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում օտարել բանկում իր մասնակցությունը:»:
Հոդված 25. Օրենքի 58-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 58. Բանկի արտաքին աուդիտը
1. Յուրաքանչյուր տարի բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով բանկը պետք է ներգրավի օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ՝ նաեւ արտաքին աուդիտ)՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Արտաքին աուդիտի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է բանկի խորհուրդը:
Բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին աուդիտի կողմից կարող է իրականացվել նաեւ բանկի՝ քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առնվազն 5 տոկոսի սեփականատեր մասնակիցների պահանջով: Այդ դեպքում բանկի արտաքին աուդիտ իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են ստուգում պահանջող մասնակիցները, ընդ որում, նրանք կարող են բանկից պահանջել իրենց կատարած ծախսերի հատուցում, եթե այդ ստուգումն ընդհանուր ժողովի որոշմամբ արդարացված է եղել բանկի համար:
Բանկի արտաքին աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել նաեւ բանկի խորհրդի կողմից՝ բանկի միջոցների հաշվին:
2. Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաեւ աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում: Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաեւ իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:
Բանկում աուդիտ իրականացնելու ընթացքում արտաքին աուդիտի կողմից բանկի ֆինանսական վիճակն իր կարծիքով էականորեն վատթարացման փաստեր, ինչպես նաեւ ներքին համակարգերի (այդ թվում՝ ներքին հսկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտը պարտավոր է դրանց մասին անմիջապես տեղյակ պահել Կենտրոնական բանկին:
3. Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին չորս ամսվա ընթացքում հրավիրել արտաքին աուդիտ եւ հրապարակել նրա եզրակացությունը:
Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու բանկից, որպեսզի նա փոխի արտաքին աուդիտն իրականացնող անձին եւ նշանակի այլ արտաքին աուդիտ իրականացնող անձ:
4. Արտաքին աուդիտի եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում մինչեւ տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
5. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, անգամ եթե դրանք առեւտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտորական կազմակերպությունը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:»:
Հոդված 26. Օրենքի 59-րդ հոդվածում՝
ա) վերնագրի «Հաշվեկշռի, աուդիտային» բառերը փոխարինել «Աուդիտային» բառով.
բ) առաջին մասից հանել «իրենց հաշվեկշռի եւ» բառերը.
գ) առաջին մասի «եզրակացության համառոտ ամփոփագիրը» բառերը փոխարինել «եզրակացությունը» բառով:
Հոդված 27. Օրենքի 60-րդ հոդվածում՝
ա) «բ» կետը «ընդունված այլ» բառերից հետո լրացնել «նորմատիվ» բառով, իսկ «ակտերի» բառից հետո՝ «, ինչպես նաեւ բանկի ներքին իրավական ակտերի» բառերով.
բ) «ե» կետը «ֆինանսական» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով.
գ) «ը» կետի «հատուցման երաշխավորման» բառերը փոխարինել «հատուցումը երաշխավորելու» բառերով.
դ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» կետ՝
«թ) առկա են սույն օրենքի 57 հոդվածի վեցերորդ մասում սահմանված հիմքեր:»:
Հոդված 28 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 601 -րդ հոդվածով՝
«Հոդված 601 . Բանկի ղեկավարների պատասխանատվությունը
1. Բանկի ղեկավարներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն՝ ելնելով բանկի շահերից, իրականացնեն իրենց իրավունքները եւ կատարեն բանկի նկատմամբ իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով:
Եթե բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտում են օրենքների, այլ նորմատիվ իրավական եւ բանկի ներքին իրավական ակտերի խախտումներ, ապա խորհուրդը պարտավոր է ձեռնարկել միջոցներ այդ խախտումների վերացման եւ հետագայում չկրկնման ուղղությամբ:
2. Բանկի ղեկավարները բանկի առջեւ պատասխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետեւանքով բանկին պատճառված իրական վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Եթե բանկին վնաս պատճառած արարքն իրականացրել են բանկի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք բանկի առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն: Բանկին հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են բանկի այն ղեկավարները, որոնք բանկին վնաս պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել: Բանկի ղեկավարների պատասխանատվությունը ներառում է, սակայն չի սահմանափակում հետեւյալ հնարավոր դեպքերը՝
ա) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների, բանկի հետ կապված անձանց գծով սահմանված նորմատիվների խախտումով տրամադրված վարկերի, փոխառությունների կամ կնքված այլ գործարքների հետեւանքով բանկին պատճառված իրական վնասների հատուցման համար պատասխանատվություն է կրում բանկի գործադիր տնօրենը, իսկ եթե տվյալ գործարքի կնքման համար օրենքով պահանջվում է խորհրդի որոշում, ապա խորհրդի անդամները եւ գործադիր տնօրենը.
բ) գործադիր մարմնի անդամները պարտավոր են հատուցել նաեւ բանկի խորհրդի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի խախտումներով կնքված գործարքների հետեւանքով բանկին պատճառված իրական վնասները.
գ) եթե բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտել են օրենքների, այլ նորմատիվ իրավական եւ բանկի ներքին իրավական ակտերի խախտումներ, եւ հետագայում բանկը կրել է նույն խախտումներով պայմանավորված վնաս, ապա խորհրդի անդամները համապարտ պատասխանատվություն են կրում այդ իրական վնասների հատուցման համար, բացառությամբ, եթե խորհրդի անդամն իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել է այդ խախտումները կանխելու ուղղությամբ բավարար եւ խելամիտ գործողություններ.
դ) եթե ներքին աուդիտի կողմից ստուգման արդյունքներով բացահայտված օրենքների, այլ իրավական ակտերի խախտումների վերաբերյալ տեղեկությունները բանկի խորհրդին չեն ներկայացվել, եւ հետագայում բանկը, այդ խախտումներով պայմանավորված, վնասներ է կրել, ապա ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է հատուցել այդ իրական վնասները.
ե) եթե բանկի հետ կապված անձի հետ գործարքը կնքվել է բանկի ներքին ընթացակարգերի խախտումով խորհրդին ներկայացված դրական եզրակացության հիման վրա, ապա այդ գործարքի հետեւանքով բանկին պատճառված իրական վնասների հատուցման համար պատասխանատվություն է կրում բանկի գործադիր տնօրենը:
3. Անձն ազատվում է բանկին պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ այն համոզմունքով, որ իր գործողությունները ելնում են բանկի շահերից: Մասնավորապես`
ա) եթե ողջամիտ գործարար տրամաբանությունից ելնելով՝ կայացվել են որոշումներ, նույնիսկ եթե դրանք բանկին հետագայում հասցրել են այնպիսի վնասներ, որոնց առաջացումն այդ որոշումն ընդունելիս հստակորեն հաշվի է առնվել որպես բիզնես ռիսկ.
բ) եթե ղեկավարի կողմից սխալ կամ թերի որոշումների ընդունումը եղել է բարեխիղճ` առանց վնաս պատճառելուն հատկապես ուղղված միտման, եւ եթե այդ որոշումների ընդունմամբ չեն խախտվել օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները:
Բանկի ղեկավարների պաշտոնից ազատվելը չի ազատում նրանց իրենց մեղքով բանկին պատճառված վնասի համար պատասխանատվությունից:
4. Բանկը կամ բանկի այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) բանկի տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի (կանոնադրական հիմնադրամում մասնակցության) մեկ եւ ավելի տոկոսը, իրավունք ունի (ունեն) բանկի ղեկավարների դեմ հայցով դիմելու դատարան՝ բանկին պատճառված վնասների փոխհատուցման պահանջով:»:
Հոդված 29. Օրենքի 61-րդ հոդվածի երրորդ մասում «օրենսդրության» բառը փոխարինել «օրենքների կամ իրավական այլ ակտերի» բառերով, իսկ «(բացառությամբ խորհրդի անդամների)» բառերը հանել:
Հոդված 30. Օրենքի 63-րդ հոդվածում՝
ա) երկրորդ մասը լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 57 հոդվածի վեցերորդ մասում սահմանված դեպքում» բառերով.
բ) հինգերորդ մասը «խախտելու,» բառից հետո լրացնել «այլ հիմնական տնտեսական նորմատիվները խախտելու,» բառերով, «չկատարելու» բառից հետո լրացնել «, բանկի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը խախտելու» բառերով, իսկ «(բացառությամբ խորհրդի անդամների)» բառերը հանել:
Հոդված 31. Օրենքի 72-րդ հոդվածում՝
ա) առաջին մասի «գ» կետը եւ երկրորդ մասը «Բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերով.
բ) առաջին մասի «դ» կետի «ինքնալուծարման դեպքում» բառերը փոխարինել «ընդհանուր ժողովի որոշմամբ» բառերով:
Հոդված 32. Օրենքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 73. Բանկի լուծարումն ընդհանուր ժողովի որոշմամբ
1. Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու բանկի լուծարման մասին, եթե բանկն ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաեւ դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ չունի պարտավորություններ:
2. Ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրա բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է հայտը եռամսյա ժամկետում եւ իրավունք ունի մերժելու այն, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը մինչեւ երկու տարի ժամկետով:
3. Կենտրոնական բանկի կողմից բանկին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում բանկը կարող է միջոցներ ձեռնարկել ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաեւ դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ բանկի պարտավորությունների դադարեցման ուղղությամբ:
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված պարտավորությունները դադարեցնելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել: Այդ որոշման ընդունումից հետո բանկն անմիջապես Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու հայտ՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու հայտը, եթե առկա են ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաեւ դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ բանկի պարտավորություններ կամ բանկն ի վիճակի չէ բավարարելու իր պարտատերերի պահանջները:
5. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասերին համապատասխան՝ բանկի կողմից ներկայացված դիմումների մերժման հիմքերի բացակայությունն ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է լուծարման մասին որոշում կայացրած բանկում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնել ստուգում:
6. Կենտրոնական բանկը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաեւ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:
7. Ընդհանուր ժողովի որոշմամբ լուծարվող բանկերի թղթակցային հաշիվների վարման եւ փակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:
Հոդված 33. Օրենքի 74-րդ հոդվածի առաջին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Լուծարային հանձնաժողովի նախագահ եւ անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որակավորում ստացած անձինք:»:
Հոդված 34. Օրենքի 75-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 75. Բանկի լուծարման ընթացակարգը: Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները
1. Բանկի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ձեւավորելու մասին որոշման կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովին հանձնել բանկի կնիքը, դրոշմակնիքները, փաստաթղթերը, նյութական եւ այլ արժեքներ:
Լուծարային հանձնաժողով նշանակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազորված մարմին՝ լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող բանկ» բառերը: Պետական լիազորված մարմինը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող բանկ» բառերը:
Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո ողջամիտ ժամկետում փոխել լուծարվող բանկի կնիքը, դրոշմակնիքը, կապարակնիքը, ձեւաթղթերը՝ ներառելով «լուծարվող բանկ» բառերը:
2. Լուծարային հանձնաժողովը սույն օրենքի 74 հոդվածի երրորդ մասով սահմանված՝ պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում՝
ա) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու եւ այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Լուծարային հանձնաժողովը ծանուցումներ է ուղարկում գույքի սեփականատերերին: Լուծարային հանձնաժողովի ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի սեփականատերերը պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը: Եթե սույն մասով սահմանված մեկամսյա ժամկետում գույքի սեփականատերերը չեն դիմում բանկ, ապա լուծարային հանձնաժողովը գույքը հանձնում է ի պահ՝ օրենքով սահմանված կարգով կնքելով պայմանագիր.
բ) հաշվեգրում եւ գնահատում է լուծարվող բանկի ակտիվներն ու պասսիվները.
գ) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու եւ բանկի դեբիտորական պարտքերն ստանալու, լուծարվող բանկի կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ.
դ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
ե) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.
զ) որոշում է բանկի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջեւ բաշխելու կարգը:
3. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում եւ առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝
ա) լուծարվող բանկի գույքի կազմի մասին.
բ) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում՝ բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր ավանդատուին, վարկատուին կամ այլ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը եւ սույն օրենքի 751 հոդվածով սահմանված՝ պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաեւ իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.
գ) այդ պահանջների քննարկման արդյունքների մասին.
դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
4. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում:
5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 751 հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից:»:
Հոդված 35. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 751 -րդ հոդվածով.
«Հոդված 751 . Պահանջների բավարարման հերթականությունը
1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից՝ արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետեւյալ հերթականությամբ՝
առաջին հերթին՝ լուծարային հանձնաժողովի անդամների կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձը.
երկրորդ հերթին՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները եւ բանկային հաշիվներին առկա մնացորդները: Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, եւ դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.
երրորդ հերթին՝ չորրորդ եւ հինգերորդ հերթերում չընդգրկված՝ բանկի այլ պարտավորությունները.
չորրորդ հերթին՝ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ.
հինգերորդ հերթին՝ բանկի մասնակիցների պահանջները:
Սույն մասով սահմանված՝ բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ եւ երրորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները եւ բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են հինգերորդ հերթին:
Միեւնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:
Միեւնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:
3. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչեւ բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը՝ մինչեւ որոշման կայացումը:
Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման՝ սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:
Եթե պահանջ ներկայացրած եւ լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչեւ տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի՝ ի պահ:
Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովը մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի եւ ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին եւ ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաեւ դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու հաջորդ օրվանից:
Սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որեւիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:
4. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաեւ դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:»:
Հոդված 36. Օրենքի 76-րդ եւ 77-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 76. Լուծարվող բանկի նկատմամբ վերահսկողությունը: Լուծարային հանձնաժողովի հաշվետվությունը
1. Բանկի լուծարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող բանկում Կենտրոնական բանկը կարող է իրականացնել ստուգում:
2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձեւով, հաճախականությամբ եւ ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ցանկով եւ ձեւով իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, տեղեկություններ հրապարակել մամուլում:
4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջելու ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ:
Հոդված 77. Լուծարման հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռը, որը լուծարվող բանկի ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը ներկայացնում է Կենտրոնական բանկ:
2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները:
3. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային հանձնաժողովը տասնօրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը եւ լուծարման հաշվեկշիռը լուծարվող բանկի ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող բանկը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում բանկերի գրանցումների մատյանում, որից հետո բանկը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
5. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը բանկի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով տեղեկանք է հրապարակում, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է բանկի լուծարման հետ կապված պարտավորություններից:»:
Հոդված 37. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի լուծարային հանձնաժողովի նախագահի եւ (կամ) անդամների կողմից սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նրանց որակավորման վկայականներն ուժը կորցրած ճանաչել: Այդ դեպքում բանկի ընդհանուր ժողովը մեկշաբաթյա ժամկետում նշանակում է լուծարային հանձնաժողովի նոր նախագահ կամ անդամ (անդամներ), հակառակ դեպքում լուծարային հանձնաժողովի նոր նախագահին կամ անդամին (անդամներին) նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Լուծարային հանձնաժողովի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան՝ բանկի պարտատերերի, պարտապանների, Կենտրոնական բանկի կողմից:»:
Հոդված 38. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են`
ա) իրենց կառուցվածքն ու գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել սույն օրենքով պահանջվող տեղեկությունները:
Հոդված 39.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 դեկտեմբերի 2005թ.
ՀՕ-227-Ն