Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0181-09.09.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի թիվ ՀՕ- 148 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ հոդված 7-ի 1-ին, հոդված 51-ի 1-ին եւ հոդված 56-ի 3-րդ մասերում «տեխնիկական կանոնակարգեր» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգեր եւ նորմատիվ իրավական այլ ակտեր» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի հոդված 59-ի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Նախագծի մշակումը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման օրենսդրության փոփոխությամբ եւ արդյունքում՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո էներգետիկայի բնագավառում համապատասխան պայմանների եւ պահանջերի սահմանման եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համար դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:

2. Առկա իրավիճակը

Ներկայումս Էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն գործող «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի պահանջների՝ չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր եւ հետեւաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում: Միեւնույն ժամանակ 2018թ.-ին «Էներգետիկայի մասին» օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնին իրավասություն է տրվել մշակելու եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու էներգետիկ օբյեկտների շահագործման եւ անվտանգության կանոններ ու պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր (հոդված 5.1; մաս 2; կետ բ), որոնք կարող են չհանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր:

Այդ կապակցությամբ ներկայումս մեկնարկել է նշված իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման գործընթացը ու մշակվել են դրանց փոխարինող իրավական ակտեր, որոնք չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգեր:

Միաժամանակ, Էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքով վերապահված գործառույթները` տեխնիկական ստուգումները, պատահարների մասնագիտական քննությունները, էներգատեղակայանքների գործարկման եզրակցության տրամադրումը, ՀՀ քաղաքացիներից եւ տնտեսվարող սուբյեկտներից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունները իրականացվում են տեխնիկական կանոնակարգերով: Հետեւաբար՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո տեսչական մարմինը հնարավորություն չի ունենա իրականացնել էներգետիկայի եւ էներգասպառման ոլորտում իրեն վերապահված գործառույթները:

3. Կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, հնարավորություն կընձեռեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ, սահմանել նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերով հաստատված շահագործման կանոններ եւ այլ պահանջներ, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնել, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պայմանների եւ պահանջների զատ, նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների եւ պահանջների նկատմամբ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում բնականոն գործունեության եւ պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար:

6. «Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն