Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0201-10.09.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 189-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 189. Զանգվածային լրատվության միջոցի տվյալները չներառելը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը

1. Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

2. Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները կամ զանգվածային լրատվության միջոցի օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

3.Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկից հազարապատիկի չափով:

4. Նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետ՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2231 հոդվածից հանել «189-րդ եւ» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածը «186 (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության՝ ձերբակալվածներին պահելու վայրերում),» բառերից հետո լրացնել «189-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 2442 հոդվածը «17013 հոդվածներով» բառերից հետո լրացնել «189-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության «Զանգվածային լրատվության մասին» օրենքի «Թողարկման տվյալները ներկայացնելը» վերնագրով 11-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ տվյալներ պետք է ներառված լինեն նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2003 թվականին, իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում լայն տարածում չունեին համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցները, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաեւ այն տվյալները, որոնք պարտադիր պետք է ներկայացված լինեն ոչ միայն նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներում, այլեւ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցների կայքերում:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում է համացանցի միջոցով իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, գտնվելու վայրը, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը եւ տրման օրը, ինչպես նաեւ հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն:

Առաջարկվում է նաեւ 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությանը համահունչ վերախմբագրել նաեւ տվյալ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Թողարկման տվյալները ներկայացնելը» բառերը փոխարինել «Լրատվական գործունեություն իրականացնողի տվյալները ներկայացնելը» բառերով:

Այս փոփոխությունների արդյունքում հստակեցվում են զանվածային լրատվության միջոցների տեսակները, եւ ըստ դրանց գործունեության ձեւի սահմանվում են այն պարտադիր տվյալները, որոնք անհրաժեշտ են տեղեկատվությունը սպառողին տվյալ զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ արժանահավատություն ունենալու, P{Pտեղեկանալու համար:

Հաշվի առնելով համացանցին հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացումը եւ դրանց անվերահսկելությունը՝ տեղեկատվություն սպառողների համար առաջանում են ռիսկեր, մասնավորապես անհայտ ծագումնաբանություն ունեցող կամ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրների տեսքով:

Նշված ռիսկերը մեղմելու նպատակով նախագծով առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները լրացնել նոր 4-րդ մասով, այն է՝ արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի՝ մասնավորապես, եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում, որտեղ սահմանված են հիմնական հասկացությունները, ավելացվել է 5-րդ կետ եւ սահմանվել է չնույնականացվող աղբյուր հասկացությունը, այն է՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի օգտահաշիվ կամ համացանցային կայքի ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Խոսքի ազատության սահմանափակման համատեքստում հարկ է արձանագրել, որ անհայտ ծագումնաբանությամբ կամ չնույնականացվող աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունին առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին եւ խոսքի ազատությունը:

Հարկ է ընդգծել նաեւ առաջարկվող փոփոխությունները չեն հակասում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասին, որտեղ արգելվում է որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ. առաջարկվող փոփոխությունները որեւէ կերպ չեն արգելում զանգվածային լրատվության միջոցներին կամ լրատվական գործունեություն իրականացնողներին տարածել տեղեկատվություն, այլ արգելում են տարածել չնույնականացվող աղբյուրները՝ փաստացի նպաստելով անհայտ ծագումնաբանությամբ, իրենց անվերահսկելիությամբ ազգային անվտանգության համար ռիսկեր պարունակող աղբյուրների գովազդմանը, հանրության շրջանում դրանց նկատմամբ վստահության ավելացմանը, արտաքին ազդեցությունների համար հնարավոր գործիք հանդիսացող աղբյուրների տարածմանը: Առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են օգտագործել անհայտ ծագումնաբանությամբ կամ չնույնականացվող աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը՝ տարածելով դրանք իրենց անունից, եւ իրենք կրեն պատասխանատվություն իրենց տարածած տեղեկատվության համար՝ ապահովելով նաեւ տեղեկատվության ստուգման իրենց մասնագիտական պարտականությունը հանրության առջեւ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2003 թվականին զանգվածային լրատվության միջոցներում տարածում չունեին այնպիսի տեղեկատվություններ, որոնք հիմնված էին սոցիալական ցանցերում հանրային գործիչների գրառումների վրա եւ լրատվական գործունեություն իրականացնողների գործունեությունը որեւէ կերպ չսահմանափակելու, ինչպես նաեւ իրականությունն արտացոլող օրենք ունենալու նպատակով, որպես լրացնող փոփոխություն առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հրապարակային ելույթի» բառերից հետո լրացնել «կամ գրառման» բառերով:

Հայաստանի Հանրապետության «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողների իրենց լրագրողներին պետական մարմիններում հավատարմագրելու իրավունքը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նշված հոդվածը ընդունվել է 2003 թվականին, այն այսօր գործնականում ամբողջությամբ չի կարգավորում լրատվական գործունեություն իրականացնողների եւ պետական մարմինների հարաբերությունները, եւ գործնական խնդիրներ է առաջացնում երկու կողմերի համար: Մասնավորապես, գործող օրենքի համաձայն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, ինչի արդյունքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ լրագրողը կարող է դադարեցնել իրավահարաբերությունները իրեն հավատարմագրած լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության հետ կամ հակառակը, սակայն շարունակի մնալ հավատարմագրված պետական կառույցներում: Օրենքի 6-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական կառույցներում լրագրողին հավատարմագրելու համար դիմում է լրատվական գործունեություն իրականացնողը, ինչը ենթադրում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը կրում է պատասխանատվություն իր կողմից հավատարմագրված լրագրողի համար: Նկարագրված իրավիճակը կանխելու համար առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր կետերով, այն է՝ լրատվական գործունեություն իրականացնողը իր անունից հավատարմագրված լրագրողի հետ իրավահարաբերությունների դադարման դեպքում պարտավոր է այդ մասին հնգօրյա ժամկետում գրավոր ընթացակարգով տեղեկացնել բոլոր այն պետական մարմիններին, որտեղ հավատարմագրված է տվյալ լրագրողը, ինչպես նաեւ մեկ այլ կետով սահմանել, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել լրատվական գործունեություն իրականացնողի հավատարմագրված լրագրողի հետ իրավահարաբերությունների դադարման մասին դիմումով: Իրավահարաբերությունների դադարման մասին ծանուցման պահանջը չի առաջացնի լրացուցիչ բեռ լրատվական գործունեություն իրականացնողների համար, այլ կհստակեցնի հարաբերությունները պետական մարմինների հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվական գործունեություն իրականացնողներ են համարվում բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք համապատասխանում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանաջներին, ուստի անհրաժեշտություն է առաջանում օրենքը լրացնել այնպիսի կարգավորումներով, որոնք գործնականում թույլ կտան պետական կառույցներում հավատարմագրել բացառապես օրենքի պահանջներին համապատասխանող լրատվական գործունեություն իրականացնողների լրագրողներին:

Առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով եւ սահմանել, որ լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին պետական մարմիններում հավատարմագրելու համար չի կարող դիմել, եթե չի համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին: 11-րդ հոդվածն իր հերթին սահմանում է այն նույնականացման տվյալները, որոնք լրատվական գործունեություն իրականացնողը պետք է ներկայացնի զանգվածային լրատվության միջոցում, իսկ 12-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է լրատվական գործունեութուն իրականացնողի համար տարեկան ֆինանսական հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ:

«Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքի համաձայն հավատարմագրված լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին եւ այդ մարմինների աշխատակարգի կանոններին համապատասխան, սակայն որեւէ հոդվածում չեն կարգավորվում աշխատակարգի կանոնների խախտման դեպքերը: Առաջարկվում է լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմքերին ավելացնել նաեւ պետական մարմինների աշխատակարգի կանոնների խախտման դեպքերը:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է այն դեպքերը, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ լրագրողի մասնագիտական գործունեության իրականացման համար, ուստի պետական մարմինների աշխատակարգի կանոնները չեն կարող որեւէ կերպ հակասություն մեջ լինել տվյալ պահանջների հետ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն իրականացնել նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության մասին 12-րդ հոդվածում՝ այն վերաշարադրելով հետեւյալ կերպ.

1. Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ՝ նշելով համախառն եկամտի եւ դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը եւ իրական շահառուների անունները:

Այս փոփոխության արդյունքում հստակեցվում են նյութական կրիչի վրա թողարկված եւ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցների տարեկան հաշվետվության հրապարակման պահանջները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 189-րդ հոդվածում, որտեղ սահմանվում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների խախտումների տույժերը: Մասնավորապես առաջարկվում է վերախմբագրել օրենքի 189-րդ հոդվածը՝ առանձնացնելով օրենքով սահմանված տվյալները չներկայացնելու կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու տույժերը նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու տույժերից՝ հիմք ընդունելով դրանց ակնհայտ տարբերությունը ազդեցությունների ու առաջացրած ռիսկերի առումով:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 189-րդ հոդվածում առաջարկվում է առանց «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածման, զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում սահմանել տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում սահմանել տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Միեւնույն ժամանակ նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու դեպքում նախատեսված վարչական տույժը թողնել անփոփոխ:

Առաջարկվում է նաեւ վերաշարադրել 189-րդ հոդվածի վերնագիրը հոդվածի բովանդակությանը համահունչ դարձնելու նպատակով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է մեղմել հատկապես արտաքին տեղեկատվական հարձակումները, որոնք կարող են նաեւ առաջացնել ազգային անվտանգության վտանգներ, պաշտպանել տեղեկատվությունը սպառողներին, տարանաջատել իրական՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների համապատասխանող, լրատվամիջոցներին անհայտ ծագումնաբանություն ունեցող կամ չնույնականացված աղբյուրներից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն