1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Առկա գլոբալ բնապահպանական խնդիրները (օզոնային շերտի քայքայում, կլիմայի փոփոխություն գլոբալ տաքացման հետեւանքով) արդեն իսկ վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաեւ մարդկանց կյանքի ու առողջության վրա, հետեւաբար մարդու գործունեությամբ պայմանավորված վնասակար ազդեցությունը նվազեցնելուն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը խիստ անհրաժեշտ է եւ պետք է կրի շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետությունն այս ոլորտում ունի ստանձնած միջազգային պարտավորություններ («Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիա, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրություն, Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն (ֆտորացված գազերի ներառում Մոնրեալի արձանագրությունում որպես կարգավորվող նյութեր)):
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավակարգավորումներից: Դրանք միտված են նաեւ ոլորտային գործունեության իրավակարգավորումներին զուգահեռ մարդկանց առողջության եւ անվտանգության վրա այդ գործունեությամբ պայմանավորված հնարավոր վնասակար ազդեցությունների ռիսկերի չեզոքացմանն ու նվազեցմանը:
ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այդ ապրանքների խմբում ներառված են նաեւ օզոնաքայքայիչ նյութերը: Օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման արդյունքում նշված նյութերի (կամ դրանց մի մասի) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արդեն իսկ արգելված է, հետեւաբար իրատեսական չի դրանց շրջանառության համար բնապահպանական հարկի սահմանումը: Չի կարգավորում այլ օզոնաքայքայիչ նյութերի հետ կապված հարաբերությունները, որոնք ներմուծվում են երկիր, ինչպես նաեւ չի անդրադառնում ներմուծվող հիդրոֆտորածխածիններին:
Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներկայացված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, ինչպես նաեւ ապրանքների եւ/կամ դրանց խմբերի անվանումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին եւ ապրանքների անվանումներին եւ/կամ դրանց խմբերին, ինչը կարող է թյուրըմբռնումների տեղիք տալ նշված ապրանքների ներմուծման գործընթացն իրականացնելիս:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել՝ լրացնելու այն տնտեսական նշանակությամբ իրավական գործիքները, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների մեղմմանը եւ դրանց լուծման արդյունավետությանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը Հայաստան արգելված է, ինչպես նաեւ լրացնել ցանկը ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով եւ ֆտորացված այլ գազերով (հիդրոֆտորածխածիններ), որոնց ցանկը հաստատված է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ: Ֆտորացված գազերի լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 19-ից՝ համաձայն ԵԱՏՀ 2021 թվականի մարտի 16-ի N 30 որոշման:
Նշված նյութերի ներմուծման եւ իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս՝ գործող օրենսդրությամբ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման եւ իրացման համար սահմանված մեծություններին համապատասխան:
Միաժամանակ առաջարկվում է շտկել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը եւ ապրանքների եւ դրանց խմբերի անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ ԱԱ ծածկագրերին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման արդյունքում օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեն միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ կամրագրվեն կարգավորումների համար անհրաժեշտ իրավական գործիքները:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգումների համապատասխանեցում ներպետական իրավական այն ակտերին, որոնք արդեն գործում են, ինչպես նաեւ միջազգային պարտավորություններից բխող նոր իրավակարգավորումների նախատեսում, ինչպիսիք են հիդրոֆտորածխածինների վերաբերյալ իրավակարգավորումները եւ կարգավորվող նյութերի դրույքաչափերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել են մոտ 175 տոննա օզոնաքայքայիչ նյութեր եւ ֆտորացված այլ գազեր (հիդրոֆտորածխածիններ)՝ նախագծի ընդումնան արդյունքում հնարավորինս կնվազեցվի շրջակա միջավայրի եւ բնակչության կյանքի ու առողջության վրա վնասակար ազդեցությունը, հնարավորություն կստեղծվի նշված նյութերի վնասակար ազդեցության մեղղմանն ուղղելու նպատակով պետական բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում