Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասում «ամուսնու (կնոջ)» բառերից հետո լրացնել «եւ» շաղկապը:
Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետության հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողներին՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ ստանալու դեպքում, պետությունն ուսանողական նպաստի ձեւով տրամադրում է ուսման վճարի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգավիճակ ստացած սովորողի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցի հստակեցմամբ:
2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.
Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված են զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները, այն է՝ պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն եւ 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգի 2-րդ կետի բ) պարբերությամբ սահմանված է, որ պետությունն ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պետությունն ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է ուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան կարգավիճակ ունեցող ուսանողներին համաձայն՝
1) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,
2) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,
3) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի:
Հիշյալ Օրենքի 67-րդ հոդվածը տարընթերցման տեղիք է տալիս: Այն չի արտացոլում ուսման ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող բոլոր սովորողների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցը: Առաջարկվող լրացմամբ հստակեցվում են տարընկալման տեղիք տվող հասկացությունները, հաշվի առնելով, որ Օրենքի վերոնշյալ դրույթն ընդունելիս օրենսդիրը նկատի է ունեցել օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող սովորողների ուսման վարձի՝ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը:
3. Ակնկալվող արդյունքը.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվեն Օրենքի 67-րդ հոդվածի դրույթները, որի արդյունքում ուսումնառության ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ստացող սովորողներն անխոչընդոտ կօգտվեն ուսման վարձի փոխհատուցման արտոնությունից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ եւ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որի գծով ֆինանսական գնահատականը բացակայում է:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում