Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-027-17.09.2021-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 1.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) փոփոխում, լրացնում, ուժը կորցրած է ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաեւ ապահովում է դրանց կատարումը:»:

Հոդված 2. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացնելիս Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Երեւանը համարվում է Երեւան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը, սակայն անդրադարձ չի կատարվել մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցին:

2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ Երեւան քաղաքի կարգավիճակը փոխվել է:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով Երեւանի քաղաքապետի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձեւավորումից հետո Երեւանի քաղաքապետը՝ որպես տարածքային կառավարման մարմին, դադարել է գոյություն ունենալ:

Երեւան քաղաքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած վերը նշված փոփոխությունների արդյունքում Երեւանի քաղաքապետի՝ որպես տարածքային կառավարման մարմնի իրավահաջորդ է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մինչեւ Երեւանի քաղաքապետի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձեւավորումը Երեւանի քաղաքապետն ունեցել է պետական մարմնի (մարզպետի) կարգավիճակ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է օրենքով փոխանցվել համայնքի ղեկավարներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ:

2. ՀՀ վարչապետի 1996թ.փետրվարի 23-ի թիվ 78 որոշմամբ նախատեսվել են պատգամավորների շրջանային, Երեւանի քաղաքային եւ Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումները:

ՀՀ վարչապետի 1996թ.փետրվարի 23-ի թիվ 78 որոշման համաձայն՝ Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն լուծարվել է, եւ իրավահաջորդ նույն կամ այլ որոշմամբ չի ճանաչվել:

Վերոնշյալ իրավական խնդիրների արդյունքում քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու եւ այլ նման իրավահարաբերություններ կարգավորելու համար:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն