Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-025-17.09.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա. մասնակցել ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով՝ բացառությամբ սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.»:

Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե՝

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին.

բ) գործարքը եւ/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, եւ որոնց քանակն ավելի է Ընկերության՝ արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ: Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «բաց» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: