Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-034-17.09.2021-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «Սույն օրենքի իմաստով սահմանված համայնքի» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինների՝ սույն օրենքի իմաստով սահմանված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում.

1. 3-րդ կետում «ծրագրի կատարողականը ու դրա վերաբերյալ հաշվետվությունները» բառերը փոխարինել «դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը» բառերով.

2. լրացնել նոր՝ 3.1-ին կետ.

«3.1) համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.».

3. լրացնել նոր՝ 19-րդ, 20-րդ եւ 21-րդ կետեր.

«19) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-գործընկերների մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ՝ դասակարգված ըստ սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական, շրջակա միջավայրի պաշտպանության ու տնտեսական զարգացման ոլորտների.

20) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարվող ընթացիկ ու ավարտված նախագծերի ցուցասրահը (պորտֆոլիոն)՝ դրանց կողմից ապահովվող սոցիալական, բնապահպանական, առողջապահական, տնտեսական ու այլ ազդեցությունների հիմնավորմամբ, ինովացիոն գործոնի նկարագրությամբ.

21) համայնքի տուրիստական պրոֆիլը եւ ենթակառուցվածքների (տրանսպորտ, քարտեզներ, հանրային ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության առկա լուծումներ, եղանակային ռիսկեր, բնակարանային շուկա, զվարճության ոլորտի օբյեկտներ եւ այլն) մասին ամբողջական տեղեկությունները:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նաեւ էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում.

1. լրացնել նոր՝ 2.1-ին մաս.

«2.1. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր:»,

2. 3-րդ մասում «նիստին ներկա է» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ նիստին մասնակցելու համար գրանցվել է» բառերը,

3. 4-րդ մասում «նիստին ներկա« բառերից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ նիստին մասնակցող» բառերը,

4. 5-րդ մասի «, որոնց դիմաց նրանք ստորագրում են» բառերը հանել, իսկ «կնքում» բառը փոխարինել «ստորագրում» բառով,

5. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչեւ օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում: Ավագանու նիստերն արձանագրվում են, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ նաեւ տեսաձայնագրվում: Նիստերի արձանագրումը, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ նաեւ տեսաձայնագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստը վարողը եւ ավագանու նիստին մասնակցած անդամները: Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը վարողը՝ արձանագրությանը կցելով նիստի տեսաձայնագրությունը, իսկ ավագանու անդամները նիստի ընթացքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ արտահայտած իրենց դիրքորոշումը ներկայացնում են համայնքի աշխատակազմին էլեկտրոնային փոստով:»,

6. 8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ հեռավար եղանակով դռնփակ նիստեր կամ քննարկումներ չեն անցկացվում:»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում.

1. լրացնել նոր՝ 4.1-րդ, 4.2-րդ, 4.3-րդ եւ 4.4-րդ կետեր.

«4.1) հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունները.

4.2) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.

4.3) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով).

4.4) որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ վարչական ղեկավարների նստավայրերը:»:

2. 14-րդ կետում «որոշում է կայացնում» բառերից հետո լրացնել «կամ կազմում արձանագրություն» բառերով.

3. 21-րդ կետում «դեպքերում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի» բառերով,

4. 22-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«22) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանակոչման եւ անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում՝ նշանավոր որեւէ անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում, այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.»:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի.

1. 1-ին կետը «նիստերին» բառից հետո լրացնել «եւ քվեարկություններին» բառերով,

2. 8-րդ կետում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի տեսաձայնագրման ընթացքում բանավոր արտահայտել իր դիրքորոշումը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով հաստատել այն»:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «համայնքի ավագանին կազմում է համայնքի ավագանու անդամի լիազորության վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն» բառերը փոխարինել «ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի.

1. 2-րդ մասում «արձանագրությունը» բառը փոխարինել «սույն հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում նշված արձանագրությունները» բառերով.

2. 3-րդ մասում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3. 5-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված փաստն արձանագրում է համայնքի ղեկավարը:»:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում.

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին եւ 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:».

2. լրացնել նոր՝ 3.1-րդ եւ 3.2-րդ մասեր.

«3.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում՝ աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձեւով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում է մարզպետարան:

3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում:».

3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են մահվան փաստը լիազոր մարմնի կողմից գրանցվելու օրվանից: Համայնքի ղեկավարի մահվան մասին պետական վկայականը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան՝ այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

4. 5-րդ մասը «հոդվածի 3-րդ» բառերից հետո լրացնել «, 3.1-ին, 3.2-րդ» բառերով, «որոշումը կամ արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ» բառերը հանել.

5. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումը ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված որոշումը (արձանագրությունը, հաղորդումը, վկայականը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:»,

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչեւ դրա առաջացնող հանգամանքների վերացումը՝ վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում՝ մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»:

3. լրացնել նոր՝ 2.2-րդ մաս.

«2.2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ ավագանու նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաեւ ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:»:

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը «մեկ ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում՝» բառերով.

2. 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «հաստատվելուց» բառից հետո լրացնել «(վերահաստատվելուց)» բառը:

Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը

1. Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ):

2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է:

3. Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

4. Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները:

5. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:»:

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի վարչական ղեկավար:»:

2. լրացնել նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը, որոշվում է համայնքի ավագանու կողմից:»:

3. 7-րդ մասում «Վարչական ղեկավարի պահպանման» բառերը փոխարինել «Վարչական ղեկավարի նստավայրի պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վարչական ղեկավարի գործառույթների իրականացման» բառերով:

4. լրացնել նոր՝ 8-րդ եւ 9-րդ մասեր.

«8. 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն.

9. Համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող՝ վերջինիս բացակայության ընթացքում:»:

Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի.

1. 5-րդ կետում «հրատարակումը» բառը փոխարինել «հրապարակումը» բառով.

2. 10-րդ կետը «աշխատողներին» բառից հետո լրացնել «այդ թվում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց,» բառերով:

Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար» բառերը:

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 3.1-ին եւ 11.1-ին կետերով.

«3.1) մշակում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.».

«11.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.».

Հոդված 17. Օրենքի 36-րդ հոդվածի.

1. 1-ին մասում լրացնել նոր՝ 6-րդ կետ.

«6) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:».

2. 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:

Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 12-րդ կետ.

«12) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:»:

Հոդված 20. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «եւս մեկ տեղակալ» բառերը փոխարինել «եւս երկու տեղակալ» բառերով:

Հոդված 21. Օրենքի 82-րդ հոդվածի.

1. 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ մշտական հանձնաժողովների կողմից՝ հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը համայնքի ղեկավարի ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

Հոդված 22. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 82.1-ին հոդվածով.

«Հոդված 82.1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը

«1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը համայնքի ծրագրային այն փաստաթուղթն է, որը սահմանում է տվյալ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամ նրանց մասնակցությամբ համայնքում իրականացվող բոլոր ծրագրերը եւ միջոցառումները:

2. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը մշակվում եւ հաստատվում է համայնքի ավագանու կողմից հաստատված հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա՝ տվյալ տարվա ընթացքում համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական եւ այլ ծրագրերի ու միջոցառումների պլանավորման, իրականացման եւ վերահսկման գործընթացներն առավել նպատակային եւ արդյունքահեն կազմակերպելու համար:

3. Համայնքի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկվում են համայնքում իրականացվող համայնքի բյուջեից եւ այլ աղբյուրներից ֆինանսավորվող, ինչպես նաեւ ֆինանսավորում չպահանջող բոլոր ծրագրերը, այդ թվում՝ համայնքի ենթակառուցվածքների պահպանման, շահագործման եւ զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման, հիմնական միջոցների կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներդրումային, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի աջակցությամբ եւ այլ ծրագրեր:

4. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը կազմելու նպատակով՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում եւ տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում համայնքի տարեկան աշխատանքայի պլանի մշակման մեթոդաբանությունը:

5. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը սահմանում է տարեկան աշխատանքային պլանի կազմման իրավական հիմքերն ու կառուցակարգերը, մասնակցության մեխանիզմները, մշտադիտարկման եւ գնահատման համակարգերը (այդ թվում՝ ցուցանիշներն ու դրանց բնութագրիչները, տեսակները), հաշվետվողականությունը եւ այլն:

6. Համայնքի ղեկավարը՝ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 23. Օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ» բառերով:

Հոդված 24. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասում «հրատարակվում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով:

Հոդված 25. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում «որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա» բառերը փոխարինել «որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա» բառերով.

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

16.12.2016թ. ընդունված եւ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում առաջացել են բազմաթիվ իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրներ, որոնց լուծման նպատակով մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող օրենսդրական նախաձեռնության նախագծային փաթեթում ներառվել են Հայաստանի Հանրապետությունում ներբնակավայրային նշանակության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր: Մասնավորապես՝ «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարանջատում է աշխարհագրական օբյեկտները ըստ կատեգորիաների, որոնցից մեկը համարվում է ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների՝ այդ թվում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների անվանակոչման եւ անվանափոխման լիազորությունը համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի վերապահված է համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը, բացի այդ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով համայնքի ավագանուն է վերապահված նաեւ համայնքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանման եւ վերանվանման վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը:

Իրավակիրառ պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները՝ համայնքային նշանակության փողոցները, պողոտաները, ինչպես նաեւ համայնքային ենթակայության այլ կազմակերպությունները անվանակոչվում են դեռեւս կենդանի, սակայն պետության կամ տվյալ համայնքի կենսագործման եւ զարգացման գործում էական ներդրում ունեցած նշանավոր անհատների անուններով: Մինչդեռ «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է հետեւյալը. «Նշանավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:»: Վերը նշված օրենքից ելնելով, ՀՀ կառավարության կողմից 29 դեկտեմբերի 2005 թվականին ընդունվել է N 2387-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ անվանափոխման վերաբերյալ: Այդ որոշմամբ սահմանված կարգով ներբնակավայրային որեւէ օբյեկտ կարող է անվանակոչվել ականավոր որեւէ անհատի անվամբ, նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Փաստորեն առկա է հստակ հակասություն օրենքի եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի միջեւ, մի կողմից օրենքով սահմանվում է առնվազն 5 տարվա պարտադիր ժամկետը, մյուս կողմից ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է առնվազն 10 տարվա պարտադիր ժամկետը:

Այնուհանդերձ, բացի վերը նշված օրենսդրական սահմանափակումներից եւ հակասություններից, իրավակիրառ պրակտիկայում հանդիպող դեպքերը երբեմն լինում են բացառիկ, եւ հետեւաբար բացառիկության սկզբունքը հաշվի առնելով այդ անվանակոչումները փաստորեն իրականացվում են գործող օրենսդրության խախտման պայմաններում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է առկա լինի՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրն ու դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով ներդրվում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի հաստատման եւ իրականացման ինստիտուտը, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն փաստը, որ հնգամյա զարգացման ծրագրի հաշվետվության ներկայացումը տրամաբանորեն պետք է լինի հնգամյա զարգացման ծրագրի ավարտին, Նախագծով նախատեսվում է վերը մեջբերված նորմը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.»: Միաժամանակ, վերը մեջբերված տրամաբանության շրջանակում, Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքի 82-րդ հոդվածի 7-րդ մասը, որը նախատեսում է հետեւյալը. «Մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:»: Բացի վերը նշվածից, Նախագծով նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝ «համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը»: Նշված կարգավորման ընդունման պարագայում, համայնքի պաշտոնական կայքում կտեղադրվի նաեւ համայնքի տարեկան աշխատանքային պլանը եւ դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը:

Նախագծով սահմանվում է, որ «Ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նաեւ էլեկտրոնային եղանակով»: Այդ լրացումը պայմանավորված է նրանով, որ որոշ դեպքերում ավագանու անդամներին հնարավոր չի լինում ավագանու նիստի հետ կապված նյութերը փոխանցել առձեռն: Բացի այդ, սահմանվում է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր», քանի որ COVID-19 համավարակով պայմանավորված 2020 թվականի սահմանափակումները, քաղաքացիների միջեւ շփումների նվազեցման անհրաժեշտությունը բերեցին այն եզրահանգման, որ ավագանու նիստեր կայացնելու անհրաժեշտության պարագայում՝ օրենսդրորեն լեգիտիմացվի նիստերի անցկացումը եւ կարգավորել այդ նիստերին մասնակցելու գրանցման, նիստի տեսաձայնագրման, որոշումների ընդունման հետ կապված հարցերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում սահմանված է, որ համայնքի ղեկավարը՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման: Սակայն նույն օրենքի՝ համայնքի ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածում ավագանու համար նման լիազորություն սահմանված չէ: Նախագծով առաջարկվում է ավագանու լիազորությունները լրացնել նոր կետով, որով ավագանուն կտրվի համայնքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման հաստատելու լիազորություն: Միաժամանակ, Նախագծով համայնքի ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածը լրացվում է նոր կետերով, համաձայն որոնց, համայնքի ավագանին հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին, ինչպես նաեւ որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ վարչական ղեկավարների նստավայրերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է կայացնում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է նշված կետում «որոշում է կայացնում» բառերից հետո լրացնել «կամ կազմում արձանագրություն» բառերով: Նույն հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը առաջարկվում է խմբագրել, հաշվի առնելով սույն նախագծային փաթեթում ներառված «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, մասնավորապես՝ առաջարկվում է ավագանու մասով սահմանել հետեւյալը. «Բացառիկ դեպքերում՝ նշանավոր որեւէ անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում, այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա»:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նշվում է, որ համայնքի ավագանին «համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին»: Սակայն ՀՀ օրենսդրությամբ (Հողային օրենսգրքի 65-րդ, 67-րդ, 71-րդ, 74-րդ, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածներ) սահմանված են ընթացակարգեր, որտեղ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը, մասնավորապես՝ հողամասի գնման նախապատվության իրավունքի առկայության պարագայում, ավագանու որոշման պարտադիր պահանջ չի ներկայացվում: Նախագծով առաջարկվում է վերոնշյալ դրույթը լրացնել «բացառությամբ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի» բառերով. այդպիսով վերացնել այլ իրավական ակտերի հետ առկա հակասությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվում է, որ «Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝ նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից.»: Սակայն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված չէ, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու քվեարկություններին: Այլապես ավագանու անդամը կարող է մասնակցել նիստերին, սակայն չմասնակցել քվեարկություններին: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում՝ «նիստերին» բառից հետո լրացնել «եւ քվեարկություններին» բառերը:

Նախագծով նախատեսվում է, գործող օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն, մասնավորապես՝ «համայնքի ավագանին կազմում է համայնքի ավագանու անդամի լիազորության վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն» բառերը փոխարինել «ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով» բառերով:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել մեջբերված հոդվածի իրավակարգավորումներում, մասնավորապես՝ հոդվածի 2-րդ մասում «արձանագրությունը» բառը փոխարինել «սույն հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում նշված արձանագրությունները» բառերով, նույն հոդվածի 3-րդ մասում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով՝ նպատակ ունենալով ապահովել իրավական տեխնիկայի կանոնների պահպանումը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում առաջարկվում է կատարել լրացում նոր նախադասության տեսքով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն կետում նշված փաստն արձանագրում է համայնքի ղեկավարը:»: Վերջին կարգավորման էությունը կայանում է նրանում, որ վերը մեջբերված դրույթի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվում են իրավունքի ուժով, սակայն այդ փաստի արձանագրման հետ կապված կարգավորումը ըստ էության բացակայում է օրենքից, հետեւաբար Նախագծով առաջարկվում է նշված փաստի արձանագրումը վերապահել համայնքի ղեկավարին:

Գործող օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եւ դադարումը: Նշված հոդվածի 1-ին մասով սահմանվում են ընթացակարգային կարգավորումներ որոշ դեպքերի համար որոշում, իսկ մի քանի այլ դեպքերի համար արձանագրություն ընդունելու մասով: Կարեւորելով նշված հոդվածի 1-ին եւ 7-րդ կետերով սահմանված դեպքերում որոշման ընդունման ձեւաչափով փաստի հաստատման կարեւորությունը, Նախագծով առաջարկվում է նախատեսել հետեւյալը. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին եւ 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:»: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է ընթացակարգը փոխել հետեւյալ խմբագրությամբ եւ տրամաբանությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը 3-օրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը 3-օրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում՝ աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձեւով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում է մարզպետարան»: Նախատեսվում է նաեւ սահմանել, որ 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ է ընդունում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում: Ըստ էության, նշված հոդվածում բացի որոշում եւ արձանագրություն ընդունելու եւ կազմելու իրավասությունից, սահմանվել է նաեւ հաղորդում տալու կարգավորում, որն վերապահվել է համայնքի աշխատակազմի քարտուղարին, նպատակ ունենալով խուսափելու իրավակիրառ պրակտիկայում հանդիպած այն դեպքերից, երբ համայնքի ավագանին նշված դեպքերում ցուցաբերում է ակնհայտ անգործություն, դրանով առաջացնելով իրավական անհնարինություն: Նույն հոդվածում նախատեսվում է փոփոխել 4-րդ մասը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի մահվան դեպքում ավագանին պետք է կազմի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է, որ համայնքի ղեկավարի մահվան պարագայում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են մահվան փաստը լիազոր մարմնի կողմից գրանցելու օրվանից, իսկ համայնքի ղեկավարի մահվան մասին պետական վկայականը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան՝ այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այդ փոփոխությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպող դեպքերին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, երբ համայնքի ղեկավարը մահանում է, իսկ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, որոնք հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ օրենքի 26-րդ հոդվածում համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման փաստի արձանագրումը որոշ դեպքերում վերապահվում է նաեւ համայնքի աշխատակազմի քարտուղարին, միաժամանակ, սահմանվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ համայնքի ղեկավարի նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Կարեւորելով տեղական ինքնակառավարման կայունության ապահովման սկզբունքը, վերը մեջբերված կարգավորմանը զուգահեռ, նախատեսվում է որոշակի սահմանափակումներ այդ ընթացքում գումարվող համայնքի ավագանու նիստի օրակարգային հարցերի մասով, մասնավորապես առաջարկվում է սահմանել հետեւյալը. «Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաեւ ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:»: Բացի այդ, նույն հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է «կամ այդ պաշտոնի բացակայության» բառերը հանել, քանի որ Օրենքի 30-րդ հոդվածով համայնքի ղեկավարի տեղակալ ունենալը պարտադիր է:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում եւ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:»: Փաստորեն, անկախ անհրաժեշտությունից նորընտիր համայնքի ղեկավարը մշակում եւ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վերը նշված փաստաթղթերը: Նախագծով առաջարկվում է օրենքի նշված հոդվածը խմբագրել, հանելով պարտադիր փոփոխություն կատարելու վերաբերյալ դրույթը, սահմանելով, որ համայնքի ղեկավարը ըստ անհրաժեշտության մշակում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում այդ փոփոխությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով սահմանված է, որ «Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը՝ օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում եւ ազատում է աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.»: Աշխատակազմի հայեցողական եւ համայնքային ծառայության պաշտոններում նշանակման եւ ազատման իրավասությունները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներով, սակայն աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման իրավասությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ: Արդյունքում առանձին դեպքերում համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի քարտուղարի միջեւ տարաձայնություններ են առաջանում վերջիններիս աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման իրավասության առնչությամբ: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետում՝ «աշխատողներին» բառից հետո լրացնել «,այդ թվում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերը:

Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի համապատասխանեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այդ եւ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասում առկա աշխատողների վարձատրության հավելումներ նախատեսելու դեպքերը: Օրենքում հղում է տրվում Աշխատանքային օրենսգրքին, որպեսզի կարգավորվի վերոնշյալ երկու իրավական ակտերում առկա հավելումների դեպքերի համապատասխանությունը:

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված է, որ համայնքի ավագանին համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին, սակայն, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված է, որ ավագանին համաձայնություն է տալիս նաեւ կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնից ազատելիս: Վերոնշյալ երկու հոդվածների համապատասխան կետերը թղթակցելու նպատակով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում կատարվել են փոփոխություններ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով համայնքի ղեկավարի համար որպես պատվիրակված լիազորություն սահմանված է հետեւյալը, «սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.»: Վերը նշված լիազորությունը, համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները իրավակիրառ պրակտիկայում իրականացնում են որպես համայնքի ղեկավարի սեփական լիազորություն, մինչդեռ օրենքով այն սահմանված է որպես պատվիրակված լիազորություն: Եթե պրակտիկայում համայնքի ղեկավարն այն իրականացնում է սեփական միջոցների հաշվին, ապա անհասկանալի է դառնում այդ լիազորության օրենքով սահմանված պատվիրակված լինելու հանգամանքը: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն, նշված լիազորությունը սահմանելով որպես համայնքի ղեկավարի սեփական լիազորություն:

Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բազմաբնակավայր համայնքի յուրաքանչյուր բնակավայրում պետք է նշանակվի բնակավայրի վարչական ղեկավար, բացառությամբ՝ համայնքի կենտրոն հանդիսացող բնակավայրի: Այս օրենսդրական նորմի պահանջը լրացուցիչ վարչական հաստիքի ստեղծման եւ համայնքի բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու պայման է առաջադրել բազմաբնակավայր համայնքների ղեկավարների համար:

Մինչեւ 2015 թվականից սկսված վարչատարածքային բարեփոխումները, Հայաստանի Հանրապետությունում դեռեւս 1996 թվականի վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արդեն իսկ ձեւավորվել եւ գործում էին բազմաբնակավայր համայնքներ, ընդ որում այդ համայնքներում ընդգրկված բազմաթիվ բնակավայրեր չունեն մշտական բնակչություն, ունեն ամառանոցային բնակավայրի կարգավիճակ կամ էլ բնակչության թվաքանակը տատանվում է մի քանի բնակչից մինչեւ հարյուր բնակիչ: Այս համատեքստում, նախագծով առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ վարչական ղեկավար ունենալու պարտադիր պայման սահմանել միայն 500-ից ավել հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի համար, իսկ 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի մասով, առաջարկվում է վարչական ղեկավար ունենալ-չունենալու կամ նրա պարտականությունները մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հարցը թողնել համայնքի ավագանու որոշելուն:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում համայնքի ղեկավարի համար սահմանված է՝ «12) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.»: Ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն՝ «41) սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները.» Առկա է հստակեցման անհրաժեշտություն: Տրամաբանական է, որպեսզի համայնքի ղեկավարը գովազդ տեղադրելու թույլտվությունը տրամադրի համայնքի ավագանու հաստատած գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան, այլ ոչ թե՝ քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան: Հետեւաբար նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի գործառութային լիազորությունը համապատասխանեցնել համայնքի ավագանուն վերապահված իրավաստեղծ լիազորության հետ, որպեսզի ապահովվի օրենքի տվյալ դրույթի միատեսակ կիրառությունը:

Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն եւ համայնքի ղեկավարին»: Նախագծով առաջարկվում է «որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա» բառերը փոխարինել «որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա» բառերով, քանի որ իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ ՏԻՄ-երի ընդունած որոշումները համայնքներից մարզպետարան ուշ են մուտքագրվում կամ չեն մուտքագրվում: Առաջարկվող փոփոխությամբ մարզպետարանի գործողությունները կկապվեն ոչ թե որոշման ընդունման (ինչի մասին մարզպետարանում կարող են չիմանալ), այլ մարզպետարան մուտքագրվելու ժամկետին:

Իրավակիրառ պրակտիկայում համայնքների ՏԻՄ-երի կողմից կազմվում եւ մշակվում են համայնքների տարեկան աշխատանքային պլաներ: Սակայն ըստ էության, համայնքի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ, գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որեւէ կարգավորում սահմանված չէ: Հաշվի առնելով այդ փաստաթղթի գործնականում համայնքների կողմից կազմելու, հաստատելու եւ կիրառելու իրողությունը, նպատակահարմար է գտնվել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, նոր հոդված սահմանելու ձեւաչափով ամրագրել համայնքի տարեկան աշխատանքային պլանի հասկացությունը եւ դրա մշակման ու ընդունման հետ կապված ընթացակարգային դրույթները: Գործող օրենսդրության կարգավորումների շրջանակում, համայնքը չունի հակիրճ, հստակ, չափելի ցուցանիշերով օժտված մի փաստաթուղթ, որով կհիմնավորվի իր՝ լրացուցիչ միջոցներ հայտնաբերելու քաղաքականությունը: Բացի այդ, համայնքի ՏԻՄ-երի համար չկա սահմանված մի փաստաթուղթ, որը ամբողջական կներկայացնի ՏԻՄ-երի կողմից տվյալ տարվա ընթացքում տվյալ համայնքում ծրագրավորվող միջոցառումներն ու գործողությունները, այդ թվում՝ ենթակառուցվածքային, մարդկային ռեսուրսների կառավարման (վերապատրաստում, որակի եւ կատարողականի գնահատում), գույքի կառավարման (հիմնական միջոցներ), համայնքի տնտեսական զարգացման (ՀՏԶ) ծրագրեր, համայնքում իրականացվող դոնորների ծրագրեր, ծառայություններ եւ դրույքաչափեր, համայնքի համագործակցությունը պետական ու տարածքային կառավարման մարմինների, օտարերկրյա սուբյեկտների հետ եւ այլն: Պրակտիկայում, պետական կառավարման մարմիններն ունեն գործողությունների տարեկան ծրագրեր, որոնք համայնքների մասով առաջացնում են ժամկետային ներդաշնակության եւ համապատասխանության խնդիր: Ոչ միայն համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը այդ խնդրի կապակցությամբ չի առաջադրում լուծումներ, այլ նաեւ ՏԻՄ-երը չունեն մեկ փաստաթուղթ, որով կհամադրվեն ՏԻՄ-երի, պետական եւ այլ ծրագրերը՝ դրանք համակարգելու, կրկնողությունները բացառելու, միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով: Պրակտիկայում բացակայում է ծրագրված եւ իրականացված քաղաքականությունների եւ ռազմավարությունների ու միջոցառումների մշտադիտարկման եւ գնահատման համակարգը, համայնքի բյուջեում արտահայտված չեն ներդրումների վերաբերյալ տեղեկությունները եւ ժամանակացույցը: Համայնքի տարեկան աշխատանքային պլանը, հնարավորություն կընձեռնի ՏԻՄ-երին՝ արտաքին գործընկերների հետ փոխհարաբերություններում հանդես գալու, որպես վերլուծված եւ հիմնավորված քաղաքականություն ունեցող կառույց: Այն միաժամանակ հնարավորություն կստեղծի միասնականացնել մշտադիտարկման եւ գնահատման համակարգը որպես հաշվետվողականության առաջնային, հիմնավորված գործիք ինչպես պետության, այնպես էլ այլ ֆինանսավորողների, գործընկերների ու դերակատարների հանդեպ: Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել համայնքի տարեկան աշխատանքային պլանի կատարման հաշվետվության վերաբերյալ կարգորոշումներ, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի մասով սահմանվել է համայնքի տարեկան աշխատանքային պլանի կատարողականի եւ դրա իրականացման վերաբերյալ հաշվետվության կազմման եւ ավագանու հաստատմանը ներկայացնելու պարտավորություն եւ համապատասխանաբար՝ համայնքի ավագանու մասով սահմանվել է այն հաստատելու պարտավորություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Համայնքի ղեկավարը մինչեւ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում եւ անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում:»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» օրենքն ուժը կորցրած է ճանաչվել, կատարվել է հղում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածին:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կվերացնի նշված օրենքի եւ գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջեւ եղած հակասությունը: Խնդիրը կայանում է հետեւյալում, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները ստեղծվում են համայնքի ավագանու որոշմամբ, մինչդեռ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, դրանք ստեղծվում են համայնքի ղեկավարի կողմից: Առաջարկվում է վերը նշված օրենքի նախագծի շրջանակներում համապատասխանեցնել երկու օրենսդրական ակտերի իրավակարգավորող նորմերը:

Նախագծային փաթեթում ներառված են նաեւ «Աշխարհագրական անվանումների մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Չբացառելով, որեւէ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի կամ համայնքային ենթակայության որեւէ կազմակերպության անվանակոչումը կամ անվանափոխումը նշանավոր որեւէ անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալը, նրա անունովանվանակոչում կամ անվանափոխում կատարելու պրակտիկ անհրաժեշտությունը, առաջարկվում է սույն հիմնավորմամբ պայմանավորված օրենսդրական փաթեթում առկա իրավական ակտերի նախագծերով կարգավորել այդ խնդրահարույց հարցերը: Մասնավորապես օրենսդրական փաթեթում ներառված «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է, որեւէ նշանավոր անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելը սահմանել որպես բացառիկ դեպք: Այս բացառության համար որպես փոխզսպման մեխանիզմ առաջարկվել է սահմանել նմանատիպ դեպքերում հանրային լսում անցկացնելու եւ անցկացված հանրային լսումների արդյունքները ՏԻՄ-երի համար որպես հիմք ծառայեցնելու օրենսդրական պահանջը:

«Աշխարհագրական անվանումների մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նվում է, որ «Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի` առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:»: Նախագծով առաջարկվում է սահմանել բացառություն՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների համար, որոնց անվանակոչման կամ անվանափոխման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

Օրենսդրական փաթեթում ներառված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է համապատասխանեցնել կարգավորումները «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ: Մասնավորապես, այդ նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանու լիազորությունը համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանման եւ վերանվանման մասով փոփոխել եւ խմբագրել: Առաջին հերթին՝ «անվանման եւ վերանվանման» բառերը փոխարինել «անվանակոչման եւ անվանափոխման» բառերով, դրանով իսկ այն համապատասխանեցնելով «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի սահմանած տերմինաբանությանը եւ հասկացություններին, երկրորդ հերթին՝ ավագանու լիազորությունը լրացնել այն բացառիկ դեպքերի մասով, երբ անվանակոչումը կամ անվանափոխումը պետք է կատարվի նշանավոր որեւէ անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալն:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բացառություն սահմանել վարչական ղեկավարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջի մասով, այն է նախատեսվում է, որ այդ պարտադիր պահանջը տարածվի 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի վրա, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում բարձրագույն կրթություն ունեցող եւ նշված պաշտոնին համապատասխանող պայմաններով աշխատելու ցանկություն ունեցող անձանց շրջանակը բավարար է, ինչը 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների համար կարող է խոչընդոտ հանդիսանալ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կլուծվեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումից առաջացած իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրները, կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները, կհամապատասխանեցվեն տարբեր օրենսդրական ակտերի միջեւ եղած իրավական հակասությունները եւ կլրացվեն օրենսդրական բացերը: Նշված օրենսդրական նախագծային փաթեթի ընդունման արդյունքում առավել կկարգավորվի տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը, որը կարող է էականորեն ազդել տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման եւ առհասարակ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վրա:

Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետության ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաեւ համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման եւ անվանափոխման համալիր իրավահարաբերությունները: Նշված օրենսդրական նախաձեռնությունում առկա բացառիկ դեպքերի վերաբերյալ լրացումները, թույլ կտան համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, իրենց գործունեությունը այդ մասով կազմակերպելու եւ իրականացնելու բացառապես օրենքի շրջանակներում: Այս կարգավորումների ընդունումը եւս մի լրացուցիչ գործիք է համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների այս ոլորտում իրականացվող գործունեությունը կարգավորելու, կամայական որոշումների ընդունումից հրաժարվելու եւ հանրային նման կարեւորություն ունեցող հարցերի շուրջ սեփական պատասխանատվությամբ համայնքի բնակչության հետ «հաշվի նստելու» մասով: Առաջարկվող օրենսդրական կարգավորումների ընդունման պարագայում կվերացվի համայնքային մակարդակում աշխարհագրական օբյեկտների եւ կազմակերպությունների անվանակոչումների եւ անվանափոխումների վերաբերյալ գործող օրենսդրական սահմանափակումները, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին կտրվեն լրացուցիչ գործիքակազմեր եւ հնարավորություններ՝ սակայն բացառապես համայնքի բնակչության կարծիքի հաշվի առնման պայմաններում (հանրային լսումներ անցկացնելու):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն