Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-043-22.09.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ, ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը եւ շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի վավերացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ համաձայնագիրը անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ համաձայնագրերի կնքման միջոցով Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացմանը եւ խորացմանը:

4. Կարգավորման առարկան եւ բնույթը. Նախագծի կարգավորման առարկան «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի վավերացումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում կվավերացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ, ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԵՎ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների նկատմամբ հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը եւ շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի կողմից:

Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով ծանուցում են միմյանց սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նշված ծանուցումներից վերջինի ստացման օրը:

2020թ. ապրիլի 6-ի դրությամբ՝ սինգապուրյան կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Ավետ Ադոնց


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ, ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԵՎ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սինգապուրի հետ շփումների ակտիվացումն առաջընթաց քայլ է ՀՀ արտաքին քաղաքականության ասիական ուղղության զարգացման տեսանկյունից: Հայաստանը դիտարկում է Սինգապուրին որպես Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հեռանկարային կարեւոր գործընկեր: Սինգապուրի հետ հետեւողական եւ համակարգված հարաբերությունների կառուցումը Հայաստանի Հանրապետության համար ներկայումս ստացել է ընդգծված կարեւորություն: Վերջին տարիներին Հայաստանի եւ Սինգապուրի փոխհարաբերություններում արձանագրվել է զարգացման դրական դինամիկա երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Զարգացման այս տենդենցն առավելապես արտահայտվել է 2019 թվականին, որի ընթացքում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր (2019թ. հուլիս), եւ Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան (2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր): Հայ-սինգապուրյան բարձրաստիճան հանդիպումների ընթացքում բազմիցս խոսվել է երկկողմ համագործակցությունը խորը եւ երկարաժամկետ հիմքերի վրա դնելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի համար էական նշանակություն ունի երկկողմ ձեւաչափով եւ ԵԱՏՄ շրջանակներում Սինգապուրի հետ առեւտրատնտեսական կապերի եւ համագործակցության ընդլայնումը: 2019թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը եւ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրն ուրվագծում են այս համատեքստում Հայաստանի եւ Սինգապուրի փոխհարաբերությունների զարգացման ուղղությունները, բովանդակությունն ու խորությունը: Վերոնշյալ երկու համաձայնագրերը լրացվում եւ ամբողջանում են նույն օրը ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրով, որը մյուս երկու բազմակողմ համաձայնագրերի հետ միասին գործընկերային լայն ասպարեզ է բացում երկկողմ հարաբերություններում՝ շահավետ պայմաններ ստեղծելով ուղղակի եւ անուղղակի տնտեսական շփումների եւ առեւտրաշրջանառության ու ներդրումների ծավալների ավելացման տեսանկյունից:

Վերոնշյալ տնտեսական փոխգործակցությունը խթանող կարեւորագույն գործիք է 2019թ. հուլիսի 8-ին Սինգապուրում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների նկատմամբ հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը եւ շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագիրը համապատասխան իրավական հիմքեր է ստեղծում երկու երկրների միջեւ հարկային հարցերում համագործակցությունն ընդլայնելու եւ կանոնակարգելու տեսանկյունից: Այն ներառում է իրավակարգավորման լայն շրջանակ եւ նպատակ ունի կոորդինացնել հարկման գործընթացը երկու երկրներին միաժամանակորեն առնչվող համապատասխան ցանկացած գործունեության պարագայում: Համաձայնագիրը նպատակ ունի բացառել կրկնակի հարկումը պետություններից մեկում կամ երկուսում հարկման ենթակա անձանց կամ ընկերությունների ծավալած գործունեությունից ստացվող եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ՝ առանց հնարավորություններ ստեղծելու հարկերից խուսափելու կամ դրանք շրջանցելու միջոցով հարկման բացառման կամ նվազեցված հարկման համար: Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի հայ-սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Ակնկալվում է, որ սինգապուրյան կողմը Համաձայնագիրը կվավերացնի նմանատիպ համաձայնագրերի վավերացման համար իր ներպետական պրակտիկայում ընդունված համապատասխան ժամանակահատվածում՝ առանց հետաձգումների:

Ելնելով վերոգրյալից՝ 2019 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների նկատմամբ հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը եւ շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Ավետ Ադոնց


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ, ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:

Մյուս կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:

Այս առումով, Համաձայնագրի ընդունման դեպքում, այլ հավասար պայմաններում, սահմանափակվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից առանց մշտական հաստատության հայաստանյան աղբյուրներից ստացվող ձեռնարկատիրական եկամուտների Հայաստանի Հանրապետությունում հարկման իրավունքը:

Միեւնույն ժամանակ, որոշ պասիվ եկամտատեսակների (օրինակ՝ շահաբաժինների կամ տոկոսներ) մասով թեպետ պահպանվում է եկամուտների աղբյուր երկրի առաջնային հարկման իրավունքը, բայց, այդուհանդերձ, ներդրումների խրախուսման նպատակով նախատեսվել են որոշակի պայմաններ, որոնց բավարարման դեպքում այդ եկամտատեսակների մասով սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկման դրույքաչափերից ցածր դրույքաչափեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Համաձայնագրի ընդունումը, այլ հավասար պայմաններում, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Միաժամանակ, Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ



ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին

ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին

Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության 06.05.2020 թ.
թիվ 01/2-1/6582-2020 գրության եւ ի կատարումն
ՀՀ վարչապետի 17.04.2019 թ. թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի

Հարգելի պարոնայք


Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների նկատմամբ հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը եւ շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` Ս.Պապիկյան


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ, ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին:

Համաձայնագրով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Համաձայնագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ`

1) բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար,

2) ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների (կամ չի փոփոխվում):

Համաձայնագրով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Համաձայնագրով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում: Այդպիսի համագործակցությունը ներառում է կրկնակի հարկմանը եւ հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակում` հարկումից խուսափելը կանխելու նպատակով:

Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն