Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-046-22.09.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում եւ համապատասխան նշանով կահավորվում են Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:»:

Հոդված 2. Օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝

1) վաճառողը չունի շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:

2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից:

3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների եւ պայմանների խախտմամբ եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:

4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:

5) շրջիկ առեւտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված վայրը եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:»:

Հոդված 3. Օրենքի 5.3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ մասով.

«1.1. Շրջիկ առեւտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առեւտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաեւ սահմանված ժամը լրանալուց հետո:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում եւ համապատասխան նշանով կահավորվում են Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.4-րդ կետի համաձայն՝ Երեւանի քաղաքապետը սահմանում է շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշման եւ նշանով կահավորման կարգը:

ՀՀ կառավարության 10.01.2008 թվականի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման եւ տեղակայման կանոնները, ուղղորդող սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման եւ տեղակայման կանոնները եւ արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները եւ դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» թիվ 113-Ն եւ 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները եւ ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշումներով արդեն իսկ սահմանված են գծանշումների իրականացման եւ նշանների տեղադրման կարգերը:

Հաշվի առնելով, որ գծանշման եւ նշանով կահավորման կարգերն արդեն իսկ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, ուստի նպատակահարմար չէ Երեւանի քաղաքապետի կողմից նույն նպատակով այլ կարգի սահմանումը, ուստի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.4-րդ կետն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշումը եւ նշանով կահավորումը իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Միաժամանակ առկա կարգավորումները որոշակիացնելու նպատակով նախագծով առաջարկվում է հստակեցնել շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն