Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-050-23.09.2021-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանում «բացառիկ սեփականությունն է» բառերը փոխարինել «սեփականությունն է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի եւ միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաեւ դրանց ոչ կենդանի շրջակա միջավայրի դինամիկ համալիր, որոնք փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն.»,

2) ութերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«կենդանական աշխարհի պաշարներ՝ աշխարհագրական որոշակի տարածքում հաշվառված կենդանական աշխարհի օգտագործման ենթակա ընդհանուր քանակություն.»,

3) 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ՝

«արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ շահույթ հետապնդելու նպատակով.

առողջապահական նպատակներով կենդանական աշխարհի օգտագործում՝ առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում դեղանյութերի, պատրաստուկների եւ այլ պրեպարատների ստացման նպատակով.

բնապահպանական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ պահպանության, թվաքանակի ավելացման, վերարտադրության կազմակերպման (բացառությամբ որսորդական տնտեսությունների) եւ այլ միջոցառումների (էկոհամակարգերի վերականգնման) իրականացման միջոցով վտանգված, հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների օգտագործում՝ դրանց վայրի բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու նպատակով,

գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով,

գյուղատնտեսական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում սելեկցիոն նպատակներով,

ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակներ՝ տեսակներ, որոնք ներմուծվել են երկրագնդի այլ տարածաշրջաններից բնական երեւույթների հետեւանքով կամ մարդու տնտեսական գործունեության արդյունքում, կամ ներթափանցել են մերձակա երկրներից իրենց համար ոչ բնական կամ օտար հանդիսացող միջավայր եւ հարմարվելով կարող են վնաս հասցնել էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը, կամ կարող են վտանգել մարդու առողջությունը.

կարեւոր թռչնաբանական տարածքներ՝ թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար.

կենդանական ռեսուրս՝ կենդանական տեսակների, պոպուլյացիաների եւ համակեցությունների ամբողջականություն, որն ուղղակի կամ անուղղակի ձեւով կարող է օգտագործվել մարդու տնտեսական գործունեության ընթացքում եւ հանդիսանում է սպառվող-վերականգնվող ռեսուրս.

4) 7-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«կենդանական աշխարհի օբյեկտների մոնիտորինգ՝ կենդանական աշխարհի վիճակի գնահատման, մարդածին եւ բնածին բացասական ազդեցությունների կանխատեսման եւ կանխարգելման, մարդածին եւ բնածին դրական ազդեցությունների ռեժիմային դիտարկումների գործընթաց.».

5) 13-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ սպորտային եւ սիրողական ձկնորսության, սպորտային, սիրողական եւ հաղթանշանային որսի, անձնական կարիքների համար՝ առանց շահույթ հետապնդելու.».

6) 14-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բնական եւ ոչ բնական պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում որսորդական տնտեսություններում՝ դրանց կայուն օգտագործման, օգտագործման ենթակա թվաքանակի ապահովման նպատակով:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ1», «գ2», «գ3», «գ4» եւ «գ5» կետեր՝

«գ1) գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանում.

գ2) սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանում.

գ3) կենդանիների թվաքանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգի սահմանում.

գ4) վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման կարգի սահմանում.

գ5) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը.»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «բ1», «բ2», «բ3», «գ1», «գ2», «գ3», «ե1», «ե2», «ե3», «զ1», «զ2», «զ3», «է1», «է2», «է3», «ը1», «թ4» եւ «թ5» կետեր՝

«բ1) անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգի սահմանում.

բ2) անազատ եւ կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատում.

բ3) կրկեսներում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկի հաստատում.

գ1) անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանում.

գ2) կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման կարգի սահմանում.

գ3) վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արասիքների եւ մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջների եւ պայմանների սահմանում.

ե1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների եւ առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունների, լիցենզիաների տրամադրում.

ե2) կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ գրանցման կարգի սահմանում.

ե3) Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի սահմանում.

զ1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգի սահմանում.

զ2) վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգի սահմանում.

զ3) վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրում.

է1) ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացում.

Է2) ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակների ցանկի հաստատում.

Է3) կարեւոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչների սահմանում.

թ4) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի եւ հայտի օրինակելի ձեւերի հաստատում.

թ5) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի եւ հայտի օրինակելի ձեւերի հաստատում.»:

2) «է» կետը ուժը կորցրած ճանաչել:

3) «ը» կետում «օգտագործման նորմատիվների» բառերը փոխարինել «օգտագործման ենթակա չափաքանակների» բառերով»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի «գ» կետում «հուշարձաններ)» բառից հետո լրացնել

«, ինչպես նաեւ կարեւոր թռչնաբանական տարածքների» բառեր:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի «դ» եւ «ե» կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետում «իրավաբանական անձինք» բառերից առաջ լրացնել «համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող» բառեր,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչեւ փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը:»:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում «դուրսգրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոր հայտնաբերված պոպուլյացիաների կենդանիների Կարմիր գրքում գրանցման» բառեր:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «միջոցառումներ» բառից հետո լրացնել «, հաշվի առնելով գիտական եւ մասնագիտական կազմակերպությունների եզրակացությունները» բառեր,

2) 2-րդ մասում «չպետք է պատճառեն» բառերից հետո լրացնել «այդ տեսակի ընդհանուր պոպուլյացիային, » բառեր,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենդանիների թվաքանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «ա» կետում «բազմազանության» բառից հետո լրացնել «, նրանց պոպուլյացիաների եւ ապրելավայրերի» բառեր,

2) «զ» կետում «աղետներից» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակներից» բառերը:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «գ» կետում «օրգանիզմների» բառից հետո լրացնել «, լիազոր մարմնի ցանկով հաստատված ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակների» բառեր,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե» կետ.

«ե) Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:»:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի մինչեւ փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը:»:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի տեսակների, դրանց մասերի եւ ածանցյալների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների եւ առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է դրանց ծագումը եւ ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում եւ այլն) հաստատող փաստաթղթերի հիման վրա լիցենզիայով՝ Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ արտաքին առեւտրային գործունեության դեպքում (տրվում է արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը եւ, որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման եւ (կամ) ներմուծման համար) կամ լիազորված մարմնի թույլտվությամբ՝ մնացած բոլոր դեպքերում՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության տրամադրման համար վճարվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) «գ» կետից հանել «եւ գեղագիտական» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե» կետ՝

«ե) վերարտադրության կազմակերպման նպատակով».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Արգելվում է սույն հոդվածի առաջին մասի կետերով սահմանված օգտագործման նպատակներից բացի այլ նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը (վայրի բնությունից վերցնելը):»:

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Կենդանական աշխարհի օբյեկտների գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:

Հոդված 16. Օրենքի 25-րդ, 26-րդ եւ 27-րդ հոդվածները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 25. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով վճարովի է (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի):

Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 26. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական եւ կրթական նպատակներով անվճար է:

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:

Կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առոջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 27. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով՝ լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակներով անվճար է:

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:

Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:

Հոդված 17. Օրենքի 27.1-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝ «Անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում եւ նույնականացվում են՝ հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները:»:

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, պահվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքի եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի կողմից հաստատած պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիներ) պահելը իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հայաստանի Հանրապետությունում առանց լիազորված մարմնի թույլտվության արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը, բացառությամբ լիազորված մարմնի կողմից հաստատած պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների:»:

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Անազատ եւ կիսաազատ պայմաններում լիազորված մարմնի թույլտվությամբ պահվող վայրի կենդանիները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում եւ հաշվառման տվյալները տրամադրվում են լիազորված մարմնին՝ համաձայն լիազորված մարմնի կողմից հաստատված կարգի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով:».

5) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 27.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները կարող են օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:».

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման նպատակով լիազորված մարմնի կողմից տրամադրված թույլտվության համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման ենթակա քանակությունը, համարվում է օգտագործողի սեփականությունը եւ կարող է օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:

Օրինական ճանապարհով ձեռք բերված անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարվում են ձեռք բերողի սեփականությունը:».

4) 4-րդ եւ 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

5) հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «8.», «9.», «10.» մասեր՝

«8. Վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի կողմից հաստատած պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) կարող են ձեռք բերել լիազոր մարմնի կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստացած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, կամ այդպիսի թուլտվություն ստացած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագիր ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:

9. Վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների առք ու վաճառքն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական եւ տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատեւման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմաններում: Վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների եւ մասերի առք ու վաճառքն իրականացվում է լիազորված մարմնի կողմից սահմանված պայմաններն ու պահանջները բավարարող վայրերում:

10. Վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղափոխումն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական եւ տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատեւման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով:»:

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 32. Կենդանական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը

Կենդանական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականցնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 21. Անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձիք (անկախ տվյալ կենդանու ձեռքբերումը հավաստող փաստաթղթի առկայությունից) պարտավոր են դիմել լիազորված մարմին անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույտվություն ստանալու եւ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին տրամադրելու համար:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու կամ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում նրանց գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն եւ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետերով, 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներում փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ3», «գ4» եւ «գ5» կետերով սահմանված կարավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում: