Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-052-28.09.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) ընթացիկ եզրակացություն՝ սույն օրենքով սահմանված կարգով իրականացված հաշվեքննության արդյունքում կազմված եւ պալատի կողմից հաստատված փաստաթուղթ.»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) հաշվեքննության արձանագրություն՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվեքննողի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ կազմված եւ իր ստորագրությամբ հաստատված փաստաթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հաշվեքննիչ պալատը կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն՝ առաջնորդվելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Հաշվեքննիչ պալատի գործունեության օրինականության, գաղտնիության, ազնվության, բանիմացության սկզբունքը

1. Հաշվեքննիչ պալատն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է օրինականության, գաղտնիության, ազնվության, բանիմացության սկզբունքներով:»

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «եզրակացությունները,» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ եզրակացությունները» բառերը:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «հաշվեքննողների» բառով:

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 2-րդ նախադասությունը հանել,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1 Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ եզրակացությունները Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում եւ կարգով:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի նախագծի ներկայացումը պայմանավորված է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց եւ կիրարկվելուց հետո ի հայտ եկած որոշ նորմերի կարգավորման անհրաժեշտությամբ: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կրում են ինչպես խմբագրական եւ կառուցվածքային բնույթ, այնպես էլ կարգավորումներ են առաջարկում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ընթացակարգերի եւ բովանդակության վերաբերյալ:

2. Պալատի գործունեության նպատակը, ինչպես ամրագրված է Օրենքում, հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է: Համաձայն օրենքի, նշյալ տեղեկատվությունը Ազգային ժողովին եւ հանրությանը տրամադրվում է հաշվեքննության արդյունքում կազմված եւ հաստատված ընթացիկ եզրակացությունների միջոցով, ուստի առաջարկվում է նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» եւ դրա հետ փոխկապակցված «հաշվեքննության արձանագրություն» տերմինները:

3. Նախագծի 2-4-րդ, 6-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթի են կամ իրականացվում են անհարկի կրկնություններից խուսափելու համար: Մասնավորապես, Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 39-րդ հոդվածի 1-ին մասը կրկնվում են, ուստի անհարկի կրկնությունից խուսափելու համար առաջարկվում է 31-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել:

4. Հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ, պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք եւս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին: Նախագծի 7-րդ հոդվածի կարգավորմամբ առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, որը ներկայացվել է Հաշվեքննիչ պալատի կողմից:

5. 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացություններ հաստատելու եւ օգտագործելու մասին դրույթը, որի համաձայն հաշվեքննության արդյունքում կազմած ընթացիկ եզրակացությունները պալատը հաստատում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո չորս ամսվա ընթացքում եւ ներկայացնում Ազգային ժողովին: Բացի այդ, հաշվեքննությունների ընթացքում առանձին-առանձին կազմված ընթացիկ եզրակացությունները, որպես այդպիսք, դժվար է այլընտրանքային դիտարկել ՀՀ կառավարության կողմից եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող պետական բյուջեի կատարման վերաբերյալ տեղեկատվությանը եւ համատեղ քննարկել: Ուստի, առաջարկվում է պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների հետ մեկտեղ Ազգային ժողով ներկայացնել սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ եզրակացություններ, որոնք իրենց մեջ կամփոփեն այդ հաշվեքննությունների ընթացքում կազմված ընթացիկ եզրակացությունները:

6. Նախագծով առաջարկվում է վերացնել պալատի այն պարտավորությունը, համաձայն որի յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում ըստ ամիսների բաշխված Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը: Այդ դրույթը ուժի մեջ մտնելուց ի վեր կիրառական նշանակություն չի ունեցել, քանի որ ընթացիկ եզրակացությունները քննարկող Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը պալատի կողմից ներկայացված ընթացիկ եզրակացությունները օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում է՝ դրանք փաստացի ստանալուն պես:

7. Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքները:

 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

27 սեպտեմբեր 2021թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ,


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ նախագծին կից ներկայացվում են՝

-նախագծի ընդունման հիմնավորումը,

-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ (10) էջ:

Հարգանքով՝ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ /021/