Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ գիտությունների ազգային ակադեմիայի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-32-Ն ՀՀ օրենքը, որի համաձայն «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ 31.2-րդ հոդվածով.
«1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների, ոստիկանության կողմից թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի»:
Նշված հոդվածի 2-րդ մասը պետական կառավարման մարմինների (արդարադատության, առողջապահության եւ ոստիկանության համակարգի) ենթակայությամբ գործող կազմակերպություններին կամ ստորաբաժանումներին իրավասություն է տալիս իրենց կողմից իրականացնել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության: Սակայն հոդվածի նման շարադրմամբ վերը նշված կազմակերությունների շարքից դուրս է մնում համանման գործունեություն ծավալող, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ 2001 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1127-Ն որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:
Այս համատեքստում ակնհայտ է, որ նման կարգավորումը նպաստում է համանման գործունեություն ծավալող փորձագիտական պետական կազմակերպությունների նկատմամբ ոչ միատեսակ՝ խտրական մոտեցման ձեւավորմանը, էապես խաթարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքը, ինչպես նաեւ բացառում է հավասար մրցակցային պայմանների ընձեռումը համանման գործեություն ծավալող պետական կազմակերպությունների շրջանակում:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու եւ նրա կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1127-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ 2001 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ստեղծված եւ գործունեություն ծավալող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մարդու իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման եւ արդարադատության իրականացմանը նպաստելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության հետ յուրաքանչյուր տարի կնքվող պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի հիման վրա իրականացնում է քրեական հետապնդում եւ արդարադատություն իրականացնող մարմինների կողմից քրեական դատավարության ընթացակարգերով նշանակվող՝ օրենսդրությամբ սահմանված տարբեր տեսակների, այդ թվում նյութագիտական (թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ստանդարտ լուծույթների կիրառմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերմանն ուղղված) բազմաթիվ տարաբնույթ եւ մեծածավալ դատական փորձաքննություններ: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում առաջատար խոշորագույն դատափորձագիտական կառույց եւ Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, փորձաքննություններ իրականացնելով եւ ապացուցողական ամուր հիմքեր ստեղծելով, նպաստում է հանրապետությունում արդարադատության իրականացման գործընթացին, առանձնակի կարեւորելով նորագույն արդիական սարք-սարքավորումներով եւ ծրագրային ապահովումներով հետազոտական աշխատանքների հնարավորությունների շարունակական զարգացմանը, հաշվի առնելով կիրառվող հետազոտությունների մեթոդների ճշտության, հավաստիության եւ, հետեւաբար, ստացվող փորձագիտական հետազոտական արդյունքների արժանահավատության խիստ կարեւորությունը: Հարկ է նշել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ՀՀ գլխավոր դատախազության հետ ամեն տարի կնքվող պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի շրջանակներում թմրամիջոցների եւ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի օգտագործման վերաբերյալ գործերով նյութագիտական փորձաքննություն տեսակով Հայաստանի Հանրապետության դատարանների (քրեական գործերով), Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ համապատասխան լիազորություններ ունեցող այլ մարմինների որոշումների հիման վրա տարեկան կտրվածքով իրականացնում է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերմանն ուղղված շուրջ 1000-ից ավելի հետազոտելի օբյեկտների դատական փորձաքննություններ՝ այսպիսով հանդիսանալով ոլորտի առաջատար խոշորագույն փորձագիտական պետական կազմակերպություն: Դատական փորձաքննությունների մոտ 60 %-ը իրականացվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից, դեռ ավելին, փորձաքննությունների տեսակներ կան, որոնք արվում են միայն այս ՊՈԱԿ-ում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հավասար հնարավորությունների ապահովմանը՝ նաեւ փորձագիտական նպատակներով:
4. Կարգավորման առարկան եւ բնույթը.
Անհրաժեշտություն է առաջացել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 2021 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ մտնող 31.2-րդ հոդվածը խմբագրել եւ լրացնել, որի արդյունքում իրավահավասար եւ ոչ խտրական հնարավորություն կտրվի պետական կառավարման համակարգի ենթակայության ներքո փորձագիտական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձագիտական գործունեություն իրականացնելիս:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավահավասար պայմաններ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության ընթացակարգերով նախատեսված՝ պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրերի հիման վրա պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող դատական փորձաքննություններ իրականացնող՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող փորձագիտական կազմակերպության համար:
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն Սիմոնյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը.
դ) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքները:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ