Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի հիմնական նպատակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման եւ հստակեցման, օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունմամբ պայմանավորված նախատեսվում է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով ապրանքների դրոշմապիտակավորման համար օրենսգրքով սահմանված կարգավորումների գործնական կիրառման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ դրոշմանիշերի եւ պիտակների ստացման, վերադարձման, վնասված (այդ թվում՝ արտադրական պրոցեսում) պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության, վերագրումների կատարման էլեկտրոնային համակարգերի հստակեցման, ապրանքների վերատարայավորման ու վերափաթեթավորման, ինչպես նաեւ գրավի առակա հանդիսացող ապրանքների դրոշմավորման հետ կապված:
ՀՀ հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետից ուշացնելու, հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի համար օրենսգրքով սահմանված տուգանքը չվճարելը հիմք է հանդիսանում ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների ստացման հայտը մերժելու համար, ինչը հնարավորություն չի տալիս հարկ վճարողին ստանալ դրոշմապիտակներ իր բնականոն գործունեությունը շարունակելու համար: Միեւնույն ժամանակ, քանի որ խնդրո առարկա տուգանքը մարվելու է միասնական հաշվի միջոցների հաշվին, իսկ միասնական հաշվում առկա միջոցներից մարումները համաձայն օրենսգրքի կատարվում են ըստ պարտավորության առաջացման վաղեմության, այսինքն սկզբից մարվում են ավելի վաղ առաջացած պարտավորությունները, ապա հաճախ նույնիսկ տուգանքի չափով գումարի միասնական հաշվին մուտքագրման դեպքում այդ գումարներն ուղղվում են ավելի վաղ առաջացած այլ պարտավորությունների մարմանը, տուգանքը մնում է չմարված եւ հարկ վճարողի հայտը չի բավարարվում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատասխանատու անձի կողմից ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելու համար սահմանված է պատասխանատվություն՝
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով: Նույն հոդվածով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է պատասխանատվության նշված հոդվածով նախատեսված արարքների կատարման համար՝ անկախ խախտման սահմանային չափից: Միաժամանակ, նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված է տուգանքի մեծություններ համապատասխանաբար 70 հազար դրամ, 300 հազար դրամ եւ 800 հազար դրամ: Նույն խախտումները պատասխանատու անձանց կողմից կատարված լինելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ 3 մլն դրամի չափով՝ ինչը կարծում ենք համաչափ չէ: Այսինքն, օրինակ առաջին մասով նախատեսված խախտումը կատարելու դեպքում պատասխանատվության չափը պատասխանատու անձի դեպքում կկազմի 3 մլն դրամ, մինչդեռ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում այդ տուգանքի մեծությունը կազմում է 1,2 մլն դրամ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է.
1) դրոշմավորման ոչ ենթակա սահմանել ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչեւ 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները),
2) սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն են կրում նաեւ արտադրող չհանդիսացողների կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը,
3) հստակեցնել, որ դրոշմավորման ենթակա չեն մանրածախ առեւտրի ոլորտում ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը), որը կատարվում է օտարման պահին կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ,
4) հստակեցնել հայտի մերժման եւ չեղարկման հիմքերը, էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը,
5) էականորեն վերանայվել է սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակներում վերադարձվել եւ հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից,
6) սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչեւ սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն,
7) վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանք համար տուգանքը փոխարինվել է տպագրության համար ծախսերի փոխհատուցմամբ,
8) սահմանել «խոտանված» եւ «օգտագործված» դրոշմապիտակներ հասկացությունները:
Միաժամանակ, ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելու համար սահմանված տուգանքի մեծությունները համաչափության սկզբունքին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է առաջարկվող բովանդակային, խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել ու կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում