Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-057-04.10.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 130-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով.

3. Վարչական մարմինները տուգանքների վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքերում, երբ տուգանքի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:

Հոդված 2. Օրենսգրքի 154-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով:

5. Վարչական մարմինների՝ վճռաբեկ բողոք բերելու դեպքերի վրա տարածվում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունման նպատակը.

Սույն նախագծով առաջարկվում է բեռնաթափել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանը:

Հիմնավորումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ իրավակիրառական պրակտիկայում նույնիսկ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի պայմաններում վարչական մարմինները մեխանիկորեն ներկայացնում են վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, որի պայմաններում առաջանում է ուշացած արդարադատության ծայրահեղ վտանգավոր իրավիճակ եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության երաշխիքի խախտում: Նախագծով առաջարկվող մեխանիզմի հիմքում ընկած է նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվող՝ «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» ("Justice delayed is justice denied") գաղափարը, որի համաձայն՝ դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել «արդարադատության մերժմանը»՝ դատավարության կողմերի համար (նշվածի վերաբերյալ նաեւ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ Վճռաբեկ դատարանի ԵԱՔԴ/0016/01/14 նախադեպային որոշմամբ): Բացի այդ վերաքննության իրավունքը, երաշխիքը մարդու, այլ ոչ վարչական մարմնի անօտարելի իրավունքն է, սակայն այս նախագծով պարզապես սահմանափակվում է վարչական մարմնի, ոչ թե իրավունքի այլ գործիքակազմի իրացումը: Այս առնչությամբ հարկ է նշել, որ նախագծով կկանխվի նաեւ ոչ խոշոր չափերի տուգանքների գործերով պետության կողմից պետական միջոցների անհարկի վատնումը: մասնավորապես քիչ չեն դեպքերը, (տե՛ս օրինակ՝ ՎԴ/6542/05/20, ՎԴ5/0188/05/20, ՎԴ/3615/05/21, ՎԴ/0512/05/21, ՎԴ/7589/05/20 գործեր) երբ 10000 ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու ենթադրվող ակնկալիքով պայմանավորված պետական մարմինները վճարում են 10000 ՀՀ դրամ պետական տուրք, դրան գումարած կատարում են աշխատանք, օգտագործում թուղթ եւ այլ ռեսուրսներ, որի պայմաններում արդեն նպատակահարմար չի դառնում պետական ռեսուրսների օգտագործումը, առավել եւս COVID-19 համավարակի, ապա դրա ընթացքում նաեւ զուգահեռաբար պատերազմի ու դրա արդյունքներից հետո առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Միաժամանակ, նախագծի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրության եւ ՄԻԵԿ կոնվենցիայով մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, արդար դատաքննության եւ իր իրավունքների արդյունավետ պաշտպանության սկզբունքներից, որի վառ արտացոլումն է ողջամիտ ժամկետներում իր խախտված իրավունքների վերականգնումն կլինի:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարչական իրավահարաբերություններում բացի տույժի տեսակ հանդիսացող տուգանքները, առկա են նաեւ այլ վարչական տույժեր եւ առհասարակ այլ վարչական իրավահարաբերություններ, նախագծի հեղինակը զերծ է մնացել ցանկացած դեպքում վերաքննիչ եւ կամ վճռաբեկ բողոք բերելու արգելքի սահմանումից, քանի որ խոսքը կարող է գնալ գործողության կատարման, պարտավորեցման կամ ճանաչման հայցերի մասին, ինչի պայմաններում այսպիսի արգելքը կարող է եւ ողջամիտ չլիներ: Նախագծով նաեւ նախատեսվել է կոնկրետ դրամական-միավորային չափը, որը գերազանցելու դեպքում՝ պայմանավորված ռեսուրսների, ժամանակի եւ կատարված զանցանքի համար վրա հասնող պատասխանատվության տեսակի եւ դրա չափի է վարչական մարմինների համար առաջանում վերաքննիչ եւ կամ վճռաբեկ դատարաններ բողոք բերելու իրավասություն:

Հաշվի առնելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերը եւ արարքների վտանգավորության չափը, որպես վերաքննիչ եւ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու համար քննարկվող տուգանքի չափ է ընտրվել 500.000 ՀՀ դրամը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում.

1. Էապես ավելի արագ եւ արդյունավետ կապահովվի ողջամիտ ժամկետներում վարչական գործերի քննության կարգը,

2. Կբացառվի ուշացած արդարադատության կայացումը,

3. Հատուկ շեշտադրում կդրվի մարդու եւ քաղաքացու՝ Ներպետական եւ վերպետական օրենսդրությամբ երաշխավորված իրավունքների ր ազատությունների արդյունավետ երաշխավորման վրա,

4. Էապես կբեռնաթափվեն ՀՀ վերաքննիչ վարչական եւ վճռաբեկ դատարանները:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ


29 սեպտեմբեր 2021թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի եւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արամ Վարդեւանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը,

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝   ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ