Armenian ARMSCII Armenian
Կ-061-08.10.2021-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների  օտարման, գույքի օտարման,  ապրանքների  օգտագործման,  գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

2. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված (գրավոր եւ բանավոր) եւ դրանց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված, սակայն  Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հաuկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

1) անկանխիկ  ձեւով  գործառնություն  (վճարում)՝  կանխիկ  կամ   անկանխիկ  եղանակով   նախաձեռնած  վճարում,  որն  ուղղված  է  (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է)  շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ  որում,  անկանխիկ  եղանակով  նախաձեռնած վճարում  է  համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).

2) կրպակ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված առեւտրի օբյեկտի տեսակ.

3) աշխատավարձ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված պայմանագրային եկամուտ.

4) կանխիկ ձեւով գործառնություն (վճարում)՝ սույն օրենքով սահմանված՝ անկանխիկ չհանդիսացող վճարում.

5) կանխիկ դրամ՝ Հայաuտանի Հանրապետության արժույթն ու արտարժույթը՝ թղթադրամների կամ մետաղադրամների տեuքով.

6) ֆիզիկական անձ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ.

7) կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանում եւ հիմնարկ, oտարերկրյա կազմակերպություն, oտարերկրյա կազմակերպության՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանում.

8) վճարային քարտ կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր՝ ՊՈՍ-տերմինալ եւ այլ նմանատիպ սարքեր, որոնք հնարավորություն ունեն ընդունել անկանխիկ ձեւով վճարում.

9) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

10) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված  նշանակության.

11) էլեկտրոնային փող, վճարային քարտ, վճարային գործիք՝ ըստ  «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված նշանակության.

12) փաստաբան՝ ըստ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված նշանակության.

13) պետական կառավարման համակարգի մարմիններ՝ ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով սահմանված  նշանակության.

14) տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով սահմանված նշանակության.

15) բանկ՝ ըստ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված նշանակության.

16) ապահովագրական ընկերություն՝ ըստ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքով սահմանված նշանակության.

17) վարկային կազմակերպություն՝ ըստ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված նշանակության.

18) գրավատուն՝ ըստ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքով սահմանված նշանակության:

Հոդված 4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների կողմից անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների  օտարման, գույքի օտարման,  ապրանքների  օգտագործման,  գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման,  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման եւ ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է,  դիմաց վճարումը եւ վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն:  Բացառություն են կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

2. Օտարերկրյա կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող ցանկացած գործարքի  դիմաց վճարումը եւ վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

3. Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաեւ բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

4. Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձեւով: Նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների միջեւ իրականացվող ցանկացած գործարքի  դիմաց վճարումը եւ վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից:

6. Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով:  Բանկերը ավանդները կարող են ընդունել եւ հետ վերադարձնել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը կարող են մարվել (հետ վերադարձվել) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած փոխառությունները մարվում են (հետ են վերադարձվում) բացառապես անկանխիկ ձեւով:

7. Գրավատները վարկերը տրամադրում են բացառապես անկանխիկ ձեւով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ 80,000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի տրամադրվող վարկերը, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50,000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի տրամադրվող վարկերը, 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20,000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի տրամադրվող վարկերը:

8. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները եւ փաստաբաններն իրավունք չունեն անկանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների  օտարման, գույքի օտարման,  ապրանքների  օգտագործման,  գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկելու եւ (կամ) ստանալու ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում եւ (կամ) ստանում են կանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների  օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):

9. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքով սահմանված անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն եւ նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ դրանց վճարման դեպքերը, կարգը եւ պայմանները:

Հոդված 5. Ֆիզիկական անձանց միջեւ անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց միջեւ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը եւ ստացումն իրականացվում են  անկանխիկ ձեւով:

2, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր  գործարքների համար իրականացվում են անկանխիկ ձեւով:

Հոդված 6.  Աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ վճարումների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումները

1. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը  վճարվում են անկանխիկ ձեւով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից,  2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների  կողմից:  Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձեւով:

2. Պետական կամ համայնքային բյուջեներից եւ այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձեւով: Կառավարությունը կարող է սահմանել սույն մասից բացառություն կազմող այն վճարների տեսակները եւ այդպիսի վճարներ ստացողների առանձին կատեգորիաների ցանկը, որոնք կարող են վճարել, կամ որոնց կարող է վճարվել կանխիկ ձեւով:

3. Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձեւով՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից:

4. Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով:

5. Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով:

6.  Ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձեւով:

7. Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումների կատարումը եւ վճարումների ստացումը) իրականացնում են անկանխիկ ձեւով, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

8. Կենսաթոշակները, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները եւ այլ դրամական վճարները, ինչպես նաեւ խնամքի նպաստը վճարվում են  «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին»  օրենքներով սահմանված կարգով: «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին»  օրենքներով կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները եւ այլ դրամական վճարներ, ինչպես նաեւ խնամքի նպաստը կանխիկ ձեւով վճարելու համար բացառություններ կարող են սահմանվել Կենտրոնական բանկի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համատեղ նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 7. Գործարքի (պայմանագրի) մասնատումը եւ անվավերությունը

1. Սույն օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) համարվում է մեկ միասնական գործարք (պայմանագիր), եւ դրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները:

2. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր չէ, սակայն  սույն  օրենքով  սահմանված  գումարի չափը գերազանցող կանխիկ ձեւով իրականացվող վճարման եւ վճարման ստացման հետեւանքով գործարքի կողմերի միջեւ վեճ առաջանալու դեպքում վերջիններս զրկվում են ի հաստատումն գործարքի եւ դրա պայմանների՝ վկայի ցուցմունքները վկայակոչելու իրավունքից:

Հոդված 8.  Արտարժույթով արտահայտված գործարքի (պայմանագրի)   եւ սույն օրենքով սահմանված վճարների հաշվարկը

1. Սույն օրենքով սահմանված վճարները, բացառությամբ քարտային կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով կատարված վճարումների, արտարժույթով վճարելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի սահմանած եւ հրապարակած միջին փոխարժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 9. Վճարային քարտեր ընդունող սարքերի կիրառումը

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաեւ օդային տրանսպորտով կատարվող ուղեւորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող  սուբյեկտները պետք է ունենան եւ հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում, բացառությամբ կրպակների:

2. Կառավարությունը կարող է սահմանել այն պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ սույն հոդվածի   1-ին մասում չնշված սուբյեկտների ցանկը, որոնք  պարտադիր պետք է տեղադրեն եւ կիրառեն  վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր:

3. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի անսարքության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ սեղմ ժամկետներ նախատեսված չեն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, ապա սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված սուբյեկտները պարտավոր են վերանորոգել կամ փոխարինել տվյալ սարքը: Եթե վճարային քարտերով կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով վճարման ընդունումն իրականացվում է հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու միջոցով, ապա դրանց անսարքության դեպքում սույն հոդվածի 1-ին եւ  2-րդ մասերում նշված սուբյեկտները պետք է առաջնորդվեն Կառավարության որոշմամբ հաստատված կանոններով:

4. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ  ընդունող սարքերի սպասարկումն իրականացվում  է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ (կամ) համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով:

5. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների վերաբերյալ, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ տեղեկությունների փոխանակումը Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջեւ իրականացվում է Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ նորմատիվ իրավական ակտով:

ԳԼՈՒԽ 2

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, ֆիզիկական անձանց եւ նոտարների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված եւ (կամ)
վերահսկվող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի: Ընդ որում, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ փաստաբանների միջեւ գործարքների դեպքում սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելն առաջացնում է պատասխանատվություն  գործարքի բոլոր կողմերի համար, իսկ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ ֆիզիկական անձանց միջեւ գործարքների դեպքում պատասխանատվություն է առաջանում միայն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների համար, բացառությամբ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի:

2. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված եւ (կամ) վերահսկվող անձանց կողմից uույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի  պահանջների պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի  պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր,  պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

Հոդված 11. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, բացառությամբ այն նորմերի, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր,

կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից խախտման դեպքում կիրառվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվություն, իսկ ֆիզիկական անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

2. Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի  պահանջները, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, նոտարների եւ ֆիզիկական անձանց կողմից խախտելու դեպքում կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Հոդված 12. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: