Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածում «ճանապարհային թերթիկ» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետեւյալ բովանդակությամբ.
«երթուղային թերթիկ` ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող եւ ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին եւ փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը.
էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման, հաշվառման եւ վերահսկողության աշխատանքների երթակարգավարական կառավարման միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգ.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերը ստեղծում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինները, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականցնող տեսչական մարմնին տրամադրվում է հասանելիություն էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերի տեղեկատվական շտեմարաններին: Էլեկտրոնային երթուղային թերթիկների կիրառման եւ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «բ» կետում «ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել «կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետի «ճանապարհային» բառից հետո լրացնել «ու երթուղային» բառերը:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3.1-րդ կետի «Ավտոմոբիլային տրանսպորտ» բաժնի 1-ին ենթակետի եւ ՀՀ կառավարության 16.05.2019թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման հավելվածի 267.5-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:
1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ինչը խոչընդոտում է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանելով «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:
Օրենքում սահմանվում է նաեւ էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը եւ իրականացնել վերահսկողությունը:
2. Կարգավորման առարկան
Օրենսդրական փոփոխությամբ կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը եւ կբացառվեն անօրինական փոխադրումները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենսդրական փոփոխության արդյունքում կբարձրանա ուղեւորափոխադրումների վերահսկողության եւ սպասարկման որակի մակարդակը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում