Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածում «ճանապարհային թերթիկ» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետեւյալ բովանդակությամբ.
«երթուղային թերթիկ` ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող եւ ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին եւ փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը.
էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման, հաշվառման եւ վերահսկողության աշխատանքների երթակարգավարական կառավարման միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգ.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերը ստեղծում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինները, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականցնող տեսչական մարմնին տրամադրվում է հասանելիություն էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերի տեղեկատվական շտեմարաններին: Էլեկտրոնային երթուղային թերթիկների կիրառման եւ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «բ» կետում «ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել «կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետի «ճանապարհային» բառից հետո լրացնել «ու երթուղային» բառերը:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: