Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0631-11.10.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. «ը» ենթակետը ուժը կորցրած ճանաչել

2. «ը» ենթակետին հաջորդող պարբերության «ը» տառը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենսդրական կարգավորումներում առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Մինչեւ 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով նախատեսված էր գործունեության կազմակերպման անժամկետ լիցենզիայի տրամադրման պետական տուրք՝ տարեկան 100000 դրամ: 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպումը այլեւս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: 20.11.2014թ. ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-167-Ն օրենքով վերաշարադրվեց նոր խմբագրությամբ՝ սահմանվելով ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար նախատեսված տարեկան պետական տուրք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար տարեկան պետական տուրքի կիրառումը կարող է տրամաբանական լինել: Սակայն հստակ ժամկետներով տարբեր տեսակի գործունեություն իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է մեկանգամյա տուրք՝ տրամադրվող իրավունքի կամ լիցենզիայի համար ամբողջ ժամանակահատվածի համար:

Սկզբունքորեն նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով՝ առավելագույնը 10 տարի: Գործող կարգավորումը վերանայելը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներին համահունչ է:

Բացի այդ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ունեն հարկային այլ պարտավորություններ, այդ թվում՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածի համաձայն նրանք միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղիների շահագործման ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր ստանալու համար ամսական նախատեսված է պետական տուրք յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները որոշակի ժամկետներով գործունեության իրականացման թույլտվությունների պետական տուրքի մասով, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հստակ ժամկետով՝ մինչեւ 10 տարի, կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար պետական տուրքը պետք է սահմանվի մեկանգամյա, այլ ոչ թե տարեկան, ինչպես անժամկետ լիցենզիայի տրման պայմաններում:

Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում տիրող իրավիճակը կարգավորելու, ուղեւորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով Հանրապետությունում ձեւավորվում է միասնական երթուղային ցանց: Կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի, նախկին միկրոավտոբուսների 15 տարվա եւ ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն: Հետեւաբար փոխադրողների կողմից անհրաժեշտ կլինեն մեծ ծավալի ներդրումներ տրանսպորտային պարկը թարմացնելու համար: Այս պարագայում էականորեն կբարձրանան տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով նրանց ծախսերը:

Բացի այդ՝ կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում յուրաքանչյուր երթուղին մի փոխադրողի կողմից սպասարկելու փոխարեն առաջարկվում է ներդնել միասնական օպերատորի ինստիտուտը, որի արդյունքում յուրաքանչյուր մարզի համար կընտրվի փոխադրող մեկ օպերատոր: Հետեւաբար օրենսդրական փոփոխության արդյունքում պետական բյուջեի մուտքերի էական նվազում չի նախատեսվում:

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում երթուղու սպասարկման տարեկան պետական տուրքը չվճարելը այլեւս երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ չի կարող:

2.Կարգավորման առարկան

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվող կանոնավոր երթուղիների անվանումները պետք է համապատասխանեցվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրապետության տարածքում գործող կանոնավոր երթուղիների անվանմանը, համաձայն որի՝ ներքաղաքային երթուղիները փոխարինվել են ներհամայնքային երթուղիներով:

Փոփոխություն է կատարվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-րդ ենթակետում՝ կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար պետական տուրքով:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարվում է համապատասխան փոփոխություն, համաձայն որի երթուղու սպասարկման տարեկան պետական տուրքը չվճարելը այլեւս երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ չի կարող:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցում, կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման խթանում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍ՟ՊՈՐ՟ՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն