Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-064-12.10.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով.

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում գնման գինը չի կարող գերազանցել գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, բացառությամբ` պետական անվտանգության եւ առողջության պատշպանության նպատակով իրականացվող գնումների:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021թ հունվարի 1-ից:

Հիմնավորում

Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունման նպատակը.

Նախագծով առաջարկվում է կատարել լրացում «Գնումների մասին» ՀՀ օրենքում, որով մեկ անձից գնումներ կատարելու դեպքում առավելագույն թույլատրելի սահմանաչափը կլինի 25 մլն դրամը` բացառությամբ առողջության եւ պաշտպանության նպատակով իրականացվող գնումների:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է կատարել լրացումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում, որը կարգավորում է մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը եւ պայմանները, մասնավորապես առաջարկվում է սահմանել առավելագույնը 25 մլն դրամի թույլատրելի շեմ մեկ անձից մեկանգամյա գնումներ իրականացնելու համար` բացառությամբ առողջության եւ պաշտպանության նպատակով իրականացվող գնումների, քանի որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարաշրջանայաին դիրքը, ինչպես նաեւ Հանրապետության առջեւ ծառացած խնդիրները, բացառված չեն իրավիճակներ, երբ Հանրապետության անվտանգության եւ առողջապահական կարիքների համար կատարվեն արտահերթ/լրացուցիչ գնումներ, ինչի պարագայում ժամանակի արդյունավետ օգտագործումը խիստ կարեւոր նախապայման է:

Մնացած պայմաններում` նյութատեխնիկական ապահովվածության, որեւէ ծառայության կամ ապրանքի պատվիրման համար խիստ անհրաժեշտ է հստակ թույլատրելի շեմի սահմանում, որը մի կողմից չի սահմանափակի մրցութային կարգով գնումների անցկացումը, կնպաստի առավել բարենպաստ մրցակցային համակարգի եւ առհասարակ գնումների ընթացակարգի կայացմանը, մյուս կողմից էլ հնարավորինս կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Նախագծի նպատակը.

Սույն նախագծի նպատակն է էապես նպաստել գնումների համակարգում ստվերային, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ստեղծել այնպիսի իրավական-կարգավորող համակարգ, որի դեպքում կերաշխավորվի պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը եւ հավասար մրցակցությունը:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Գնումների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Աղվան Վարդանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը,

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ

Հարգանքով՝ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ