Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետեւ Օրենք) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64-րդ կետով.
«64) Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորում՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացման, արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծման, մարդու եւ հանրության առողջության պահպանման եւ տարածքային համաչափ զարգացման նպատակով, առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ եւ միջին բուժաշխատողների թվաքանակի եւ մասնագիտությունների պահանջարկի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գնահատման եւ պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների համալիր է»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումը
1. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացնում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացվում է սպասարկվող բնակչության թվաքանակի, առողջության, հիվանդացության եւ աշխարհագրական բաշխվածության ցուցանիշների հիման վրա, որով ապահովվում է բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունը, անընդհատությունը, շարունակականությունը, ֆիզիկական հասանելիությունը, առաջնային եւ անհետաձգելի բժշկական օգնության համընդհանուր մատչելիությունը եւ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկման իրականացումն ըստ մակարդակների:
3. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորման՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պահանջարկի բավարարմանն ուղղված հինգամյա միջոցառումների ծրագիրը, մշտադիտարկման եւ գնահատման չափանիշները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորման միջոցառումների ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում:
5. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով, յուրաքանչյուր տարի առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը կրթության բնագավառի պետական լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն՝ ընդհանուր մրցույթից առանձնացված միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով նպատակային ուսուցման անհրաժեշտ տեղերի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն ընդունելություն իրականացնելու համար:
6. Նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրով ընդունված ուսանողն ավարտելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու լիազոր մարմնի նախատեսած վայրերում՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի հետ կնքելով առնվազն հինգ տարվա աշխատանքային պայմանագիր:
7. Առողջապահության բնագավառում նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտներն առնվազն տասը տարի անընդմեջ աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն յոթը նույն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի մոտ կարող են ստանալ սոցիալական երաշխիքներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառաջանա կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Մեծարգո պարոն Սիմոնյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,
դ) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ