Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասերով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-ին մաս`
«7.1. Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու եւ (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում մերձավոր ազգականի կողմից ներկայացվող դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը եւ անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը` անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետեւանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում եւ կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը:».
1) 9-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաեւ պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում` զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.».
2) 10-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաեւ պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում` զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «1-2-րդ» բառերը փոխարինել «2-րդ» բառով.
2) 4-րդ մասի 2-րդ եւ 4-րդ նախադասություններում «Ժամկետային» եւ «ժամկետային» բառերը փոխարինել համապատասխանաբար «Պարտադիր» եւ «պարտադիր» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «2022 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերով, իսկ «2022 թվականի ապրիլի 1» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 1» բառերով.
2) 3-րդ մասում «2022 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերով.
3) 5-րդ մասում «6-րդ մասի» բառերը փոխարինել «6-րդ եւ 7.1-ին մասերի,» բառերով, իսկ «15-րդ մասի,» բառերից հետո լրացնել «6-րդ,» բառը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման եւ միեւնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջեւ առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Նախագծի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել նաեւ ՀՀ վարչապետի 16.10.2018թ. թիվ 02/16.12/34933-18 հանձնարարականը, ինչպես նաեւ գործնականում օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակ: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքը կարիք ուներ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կիրառվող իրավադրույթներին համապատասխանեցվելու, ինչպես նաեւ միջին մասնագիտական ծրագրով վարժարաններում եւ այլ ուսումնական հաստատություններում ուսանող կամ արդեն իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու անհրաժեշտություն կա:
Միաժամանակ, 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման արդիականացված ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաեւ պայամանգիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ:
Մինչ նշված աշխատանքների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու եւ նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաեւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:
Աշխատանքները գտնվում են ընթացքի մէջ, սակայն ներկայումս շահագործվող համակարգը գործող միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել տեխնիկական առաջադրանքում, ինչը կարող է պահանջել տեւական ժամանակ:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ հնարավոր չէ կանխորոշել, արդյոք մրցութային գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի օտարերկրյա պետություններում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին ապահովել բիոմետրիկ փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն նախատեսող տեխնիկական միջոցներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ՀՀ կառավարության կողմից սահմանված օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերի ընդունումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը
Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:
Նախագծերով առաջարկվում է նաեւ բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում: Ընդ որում անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ (միայն մերձավոր ազգականներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն)՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:
Սույն հիմնավորմամբ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը լրացվելու է նոր՝ 4.1 մասով:
Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որեւէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս: Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաեւ պետությունը: Այս դիրքորոշման ձեւավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որեւէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ): Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ եւս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար:
Այս հիմնավորմամբ առաջարկվում է կատարել փոփոխություն նաեւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում:
Նախագծերով առաջարկվող հաջորդ փոփոխությունները միտված են իրավակիրառ պրակտիկան եւ գործող օրենսդրությունը համապատասխանեցնելուն, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը) իրավակիրառ պրակտիկայում վերադարձվում է ոչ թե համեմատելուց անմիջապես հետո, ինչպես նշված է գործող օրենքում, այլ հին անձնագիրը (նույնականացման քարտը) նորով փոխարինելիս` այն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում մուտքագրվելուց հետո ճանաչվում է անվավեր, դակվում է եւ վերադարձվում է քաղաքացուն վերջինիս ցանկությամբ միայն նոր անձնագիրը տրամադրելու հետ միաժամանակ: Միաժամանակ, այս փոփոխությամբ քաղաքացուն անվավեր ճանաչված եւ դակված անձնագիրը չի վերադարձվում, եթե այն կեղծ է եղել կամ ձեռք է բերվել ՀՀ օրենսդրության խախտմամբ:
Բացի այդ, այս փոփոխությամբ միաժամանակ նախատեսվում է նաեւ սահմանել անձնագրերի (նույնականացման քարտի) ոչնչացման կարգ՝ մեկ միասնական ընթացակարգով տարբեր ծառայություններում գտնվող անձնագրերը ոչնչացնելու համար:
Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասում Նախագծով առաջարկվող փոփոխությունը:
Օրինագծերով փոփոխության է ենթարկվում նաեւ զինապարտ քաղաքացիների տրվող զինվորական հաշվառման փաստաթղթերի անվանումները՝ դրանք «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասում եւ ՀՀ կառավարության 2018 թ. նոյեմբերի 8-ի թիվ 1269 որոշման մեջ օգտագործվող անվանումներին համապատասխանելցնելու նպատակով:
Այս կապակցությամբ առաջարկվում է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի փոփոխությունը:
Գործնականում առկա մեկ այլ խնդիր եւս կանոնակարգվում է ներկայացված նախագծերով. Մասնավորապես՝ Անձնագրի (նույնականացման քարտ) վավերականության ժամկետի լրանալը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար օրենքով սահմանված է որպես ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտ) վերցնելու հիմք, որը պրակտիկայում կիրառվում է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից: Վերջիններս պետական սահմանի անցման կետերում վերցնում են քաղաքացու ժամկետանց անձնագիրը եւ ուղարկում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն (ինչը որոշակի ժամանակ է պահանջում, այսինքն՝ անձնագիրը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն հասնելը կարող է տեւել մի քանի օր): Մինչդեռ, շատ դեպքերում այդ ժամանակահատվածում քաղաքացին, ում անձնագիրը վերցվել է վավերականության ժամկետը լրացված լինելու հետեւանքով, դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` կորստյան հիմքով նոր անձնագիր ստանալու համար, ընդ որում` այն առավել սեղմ ժամկետում ստանալու համար վճարելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր վճար: Պրակտիկայում, թեեւ սահմանապահ ծառայությունը քաղաքացուն տրամադրում է անձնագիրը վերցնելու փաստը հաստատող տեղեկանք, բայց հաճախ քաղաքացիներն այն կորցրած են լինում կամ այլ վայրում թողած լինելու պատճառով չեն ներկայացնում ԱՎ վարչություն: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մինչեւ քաղաքացու վերցված անձնագիրը ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ում ստացվելը` անձը ստանում է նոր անձնագիր, երբեմն՝ կորստյան հիմքով: Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը քաղաքացուն հնարավորություն է ընձեռնում ընտրություններին մասնակցել նաեւ վավերականության ժամկետը լրացած անձնագրով, ուստի այն վերցնելը խոչընդոտում է անձի սահմանադրական իրավունքի իրացմանը: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը որեւէ խոչընդոտ չի կարող առաջացնել ոչ անձի, ոչ էլ պետության համար, ուստի ժամկետը լրանալու հպատճառով անձնագիրը վերցնելու իրավական հիմքը պահպանելու անհրաժեշտությունը բացակայում է:
Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 5-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը:
Հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է ավելի ուշ (2017թ.) քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքը, եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություններից, իսկ պայմանագրային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներից, ի տարբերություն ժամկետային զինվորական ծառայության զորակոչվածների, անձնագիր չի վերցվում: Հետեւաբար, առկա հակասությունը վերացնելու նպատակով Նախագծերով նախատեսվում է «ժամկետային զինվորական ծառայություն» եզրույթը փոխարինել «պարտադիր զինվորական ծառայություն» եզրույթով:
Օրինագծերով նախատեսվում է համապատասխանեցնել նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը, մասնավորապես` ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման հիմքերը տարածել նաեւ նշված որոշման վրա:
2017 թվականին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում համապատասխանաբար՝ 3 անգամ՝ 1 տարի ժամկետով եւ երեք տարի ժամկետով՝ միայն մեկ անգամ: Այնուհետեւ փորձաքննության արդյունքում ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում տվյալ քաղաքացին մինչեւ 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով: Նման նոր օրենսդրական կարգավորումների առկայության պարագայում ստացվում է այնպես, որ քաղաքացին մինչեւ 27 տարին լրանալը կարող է ենթակա լինել բժշկական վերափորձաքննության, սակայն փաստացիորեն տարկետում չունենալ, ինչի արդյունքում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնագիրը զորակոչային տարիքը լրանալու դեպքում` տրամադրվում է մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով: Մինչդեռ, ինչպես տարկետումը, այնպես էլ վերափորձաքննության ենթակա լինելը, տեսականորեն, անձի զինվորական ծառայության զորակոչվելը որոշակի ժամկետով հետաձգելու իրավական գործիքներ են: Նշված հարցը քննարկվել է նաեւ ՀՀ ՊՆ մասնագետների հետ եւ ոչ նպատակահարմար է գտնվել վերափորձաքննության ենթակա քաղաքացիներին վերափորձաքննության ժամկետից ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելը կամ դրանում վավերականության մասին նշում կատարելը: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ օրինագծով սահմանվել է, որ վերափորձաքննության ենթակա քաղաքացիների անձնագրերը կտրամադրվեն վերափորձաքննության ժամկետով:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող եւ դեռեւս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեեւ սովորում են մինչեւ 18 տարին լրանալը եւ, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու եւ արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:
Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր եւ հետեւաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչեւ 18, այլ մինչեւ նրանց 19 տարին լրանալը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ քաղաքացիների իրավունքների վառավել պատշաճ իրացումը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում