Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու եւ (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց նույնականացման քարտ տրամադրվում է մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում մերձավոր ազգականի կողմից ներկայացվող դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը եւ անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետեւանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով.
2) 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաեւ պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.».
3) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«13. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում եւ կարգով անձնագրային ծառայություն վերադարձված նույնականացման քարտի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «1-2-րդ» բառերը փոխարինել «2-րդ» բառով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2022 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: