Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-020-10.09.2021,22.10.2021-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում.

1) լրացնել նոր 5-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ.

«5) չնույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին: Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաեւ պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը»:

2) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «1-ին եւ 2-րդ կետերում» բառերը փոխարինել «4-րդ մասում» բառերով, «սեփական կամ վարձակալած» բառերը փոխարինել «գրանցված» բառով, իսկ «տեղեկությունները» բառը փոխարինել «տվյալները» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի

1-ին մասը լրացնել՝ նոր 2-րդ պարբերությամբ՝

«Լրատվական գործունեություն իրականացնողի լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման, եթե այն չի կատարել սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները: Մերժման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում՝

1) «ելույթի» բառից հետո լրացնել «, հրապարակման» բառով.

2) լրացնել 2-րդ նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն կետով նախատեսված դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Զանգվածային լրատվության միջոցի տվյալները ներկայացնելը »:

2) լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«4.Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի՝

1) լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է), իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: