Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝Օրենսգիրք) 189-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 189. Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը
1. Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով:
3. Նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելության ուղարկելու՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
6. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 223.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «, 189-րդ» բառը փոխարինել «հոդվածով, 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով» բառերով, իսկ «հոդվածներով» բառը՝ «հոդվածով» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 169.29-րդ հոդվածով եւ 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 189.17-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում «եւ 182.6-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «,182.6-րդ հոդվածով եւ 189-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: