Armenian ARMSCII Armenian
Կ-1494-15.10.2007-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6-ը դեկտեմբերի 1985թ.) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 213.1 հոդվածով.

«Հոդված 213.1 Վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը

1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձեւով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը,  որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձեւով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: