Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«10. Հանրապետության նախագահը եւ վարչապետը կարող են ունենալ նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հանրապետության նախագահի՝ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը չի կարող գերազանցել երկուսը: Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները եւ նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ սփյուռքի գործերի հանձնակատարներ: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ սփյուռքի գործերի հանձնակատարները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, իսկ սփյուռքի գործերի հանձնակատարները՝ մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառի եւ իրականացվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ: Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականները կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
(լրամշակված տարբերակ) Իրավական ակտի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) «Սփյուռքի հետ կապերը» 1.4. բաժնի պահանջներով, ըստ որի սահմանվել է ստեղծել սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է՝ զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն եւ աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին: Այսպիսով, Ծրագրի համատեքստում նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները՝ սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) «Սփյուռքի հետ կապերը» 1.4. բաժնի պահանջներով, ըստ որի սահմանվել է ստեղծել սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ:
Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է՝ զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ:
Առանձին դեպքերում, ըստ անհրաժեշտության, սփյուռքի գործերի հանձնակատարները կարող են նշանակվել տվյալ օտարերկրյա պետության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն եւ աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին:
Այսպիսով, Ծրագրի համատեքստում նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները՝ սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով:
ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 1-ին բաժնի 1.4 ենթաբաժնի 9-րդ կետից, որի համաձայն ընդլայնվելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում