Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Հանրապետության նախագահը եւ վարչապետը կարող են ունենալ նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հանրապետության նախագահի՝ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը չի կարող գերազանցել երկուսը: Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները եւ նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարներ: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են վարչապետի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ Սփյուռքի գործերի հանձնակատարները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, իսկ Սփյուռքի գործերի հանձնակատարները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում Սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառի եւ իրականացվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ: Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականները կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: