Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 13-րդ մասով՝
«13. Նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի արժեքից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից:»
Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 14-րդ մասով՝
«14. Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել՝
1) սպառողական զամբյուղի արժեքի 70 տոկոսից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից,
2) սպառողական զամբյուղի արժեքի 80 տոկոսից՝ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից,
3) սպառողական զամբյուղի արժեքի 85 տոկոսից՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից,
4) սպառողական զամբյուղի արժեքի 90 տոկոսից՝ սկսած 2025 թվականի հունվարի 1-ից,
5) սպառողական զամբյուղի արժեքիից՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 15-րդ մասով՝
«15. Սույն հոդվածի 13-րդ եւ 14-րդ մասերի կիրառման նպատակով որպես պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներ, հիմք են ընդունվում տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված՝ Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները:
Պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան, պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել նոր՝16-րդ մասով՝
«16. Սույն հոդվածի 14-րդ մասի կիրառման նպատակով միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուներին վճարման ենթակա՝ հունիս ամսվա կենսաթոշակի գումարը (անկախ կենսաթոշակը վճարվելու հանգամանքից) այդ կենսաթոշակառուների թվի վրա բաժանելու միջոցով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահին
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Աղվան Վարդանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը,
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ