Armenian ARMSCII Armenian
Կ-086-09.11.2021-ՏԵ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր պարբերությունով.

«հիդրոօդերեւութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստր (այսուհետ՝ պետական ռեեստր)՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերով սահմանված մարմինների եւ անձանց, նրանց կատարած աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ 20-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության վերաբերյալ տվյալների ամբողջություն:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) սահմանում է  հիդրոօդերեւութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի վարման, հիդրոօդերեւութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց, նրանց կատարած աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը պետական ռեեստրում ներառելու կարգը:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե» կետով.

«ժե) հիդրոօդերեւութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի վարումը:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: